Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐԳԵԼՔԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՉԻ

Հունվար 23,2001 00:00
konyak

ՌԴ հակամենաշնորհային քաղաքականության նախարարությունը մոտ մեկ ամիս առաջ արգելեց ալկոհոլային խմիչքների գովազդումը հասարակական վայրերում (խոսքը՝ գովազդային վահանակների մասին է)։ Այս տեսքն ունեն Մոսկվայում տեղադրված գովազդային վահանակները։ Հիշեցնենք, որ «Գովազդի մասին» ՌԴ օրենքով ալկոհոլի գովազդը արգելվում էր միայն ռադիոյով եւ հեռուստատեսությամբ։

Սակայն 1999թ. ընդունվեց «Ալկոհոլային խմիչքների արտադրության եւ շրջանառության մասին» ՌԴ օրենքը, որով ալկոհոլային խմիչքների գովազդը թույլատրվում է միայն արտադրության եւ վաճառքի վայրերում։ Հայտնի է, որ Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) հիմնական շուկան Ռուսաստանն է, հատկապես՝ մայրաքաղաք Մոսկվան։ Ուստի ԵԿԳ-ից փորձեցինք ճշտել՝ ինչպես է ազդել այս արգելքը գործարանի արտադրանքի սպառման ծավալների վրա։ Մանավանդ որ, ռուսական «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում ՌԴ հակամենաշնորհային քաղաքականության նախարարության գովազդի օրենսդրության իրականացման վերահսկողության բաժնի պետ Սերգեյ Պուզիրեւսկին նշել է, որ իրենք արգելել են հիմնական ապրանքանշանների՝ «Արարատ», «Chivas Rigal» գովազդը։

Երեւանի կոնյակի գործարանի լրատվության պատասխանատու Արկադի Գրիգորյանը հայտնեց, որ վերը նշված արգելքները չեն ազդել ռուսական շուկայում հայկական կոնյակի սպառման ծավալների վրա։ Նա նշեց, որ ԵԿԳ-ն գովազդային արշավը Ռուսաստանում սկսել է 2000թ. հոկտեմբերի 1-ին եւ հաջողությամբ ավարտել է դեկտեմբերի 31-ին։ Մեր այն փաստարկին ի պատասխան, թե գուցե այդ արգելքներն են պատճառ հանդիսացել դեկտեմբերի 31-ին գովազդային արշավը դադարեցնելու համար՝ պրն Գրիգորյանը պնդեց, որ ԵԿԳ-ն որեւէ պրոբլեմ չի ունեցել եւ գովազդային արշավն էլ ավարտել են նախատեսված ժամկետում։ Ավելին, Արկադի Գրիգորյանը հայտնեց, որ 2000թ. Երեւանի կոնյակի գործարանը իրացրել է 1 մլն 701 հազար 23 լիտր կոնյակ, որի 70%-ը բաժին է ընկնում Ռուսաստանի շուկային։ Մեղմ ասած, տարօրինակ է, թե ինչպես է Երեւանի կոնյակի գործարանը կարողացել «մեծ հաջողությամբ» իրականացնել գովազդային արշավը, հատկապես այն ժամանակ, երբ ՌԴ հակամենաշնորհային քաղաքականության նախարարությունը մոտ 20 հայց է ներկայացրել դատարան՝ ալկոհոլի գովազդի արգելման մասին։

Հիշեցնենք, որ միայն 1999թ. ռուսական շուկայում գովազդային արշավի ապահովման համար Երեւանի կոնյակի գործարանը ծախսել էր 1 մլն դոլար։

Լ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031