Ինչպես «Ջերմային տնտեսություն» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռոբերտ Բուղդարյանը նշեց մեր հանդիպման ժամանակ, ամենախայտառակ վիճակում գտնվում են Նորքի 7-րդ, 8-րդ, 9-րդ միկրոշրջանները։ Ըստ նրա, այդ միկրոշրջաններում ջերմամատակարարման դիմաց վճարումները հասնում են 1-3 տոկոսի, 5-րդ, 6-րդ միկրոշրջաններում՝ 3-4%-ի. «Մենք, սակայն, այդ տոկոսներով իրավունք չունենք ջեռուցում տալու»,- ասաց պրն Բուղդարյանը։
Ըստ նրա, երբ դեռ ջեռուցման սեզոնը չէր սկսվել, տարբեր լրատվամիջոցներով իրենք ժողովրդին տեղեկացրել էին, որ յուրաքանչյուր շենքի բնակիչների 60 տոկոսը պետք է պայմանագիր կնքի եւ որպես կանխավճար մուծի գումարի 30 տոկոսը. «Երբ բնակիչները մեր պայմանը կատարում էին, մենք աստիճանաբար այդ շենքերն ապահովում էինք ջեռուցումով՝ սկզբում 20 շենք, հետո՝ 40, դեկտեմբերի 27-ին ջերմամատակարարում ստանում էր 237 շենք, 30-ին՝ 535, հունվարի 5-ին՝ 632, 16-ին՝ 777 եւ այսպես շարունակ»,- տեղեկացրեց Ռ. Բուղդարյանը։
Վերջինիս տվյալներով, Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ եւ 9-րդ զանգվածների գրեթե բոլոր շենքերի բնակիչները նշված պայմանը չեն կատարել, որի պատճառով ջեռուցում չեն ստացել։ Նույն պայմանները չկատարելու պատճառով ջեռուցում չի իրականացվել Նորքի 1-ին զանգվածի 1, 4, 42, 43, 44, 45, 46, 47 շենքերում։ Ըստ Ռ. Բուղդարյանի, այդ շենքերի բնակիչների կողմից ոչ մի անգամ նշված պայմանները չեն կատարվել, ինչի պատճառով էլ այդ շենքերը չեն ջեռուցվել։
Հ. ՄՈՎՍԻՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հ. Գ. «Առավոտի» նախորդ հրապարակումներից մեկում՝ «Վճարիր, որ տաքանաս» (19.01.2001թ.), թույլ էին տրվել որոշ անճշտություններ։ Իրականում Ռ. Բուղդարյանն ասել է, որ յուրաքանչյուր շենք պետք է ապահովի ոչ թե 7 տոկոսի չափով մուծումներ, այլ 30 տոկոսի, այսինքն՝ յուրաքանչյուր շենքի բնակարանների 60 տոկոսը պետք է պայմանագիր կնքի եւ վճարի գումարի 30 տոկոսը։ Իրականում Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ զանգվածների, 1, 4, 42, 43, 44, 45, 46, 47 շենքերի ջեռուցումը ոչ թե անջատվել է, այլ ընդհանրապես չի էլ տրվել՝ հիշյալ պայմանը չկատարելու պատճառով, իսկ 1-ին եւ 2-րդ զանգվածների ջեռուցվող շենքերից ոչ մեկի ջեռուցումը չի անջատվել։ Ինչ վերաբերում է Նորքի 7-րդ զանգվածի անտառի գոյությանը, ճշտենք, որ 7-րդ զանգվածը կառուցվել է քարհանքի տեղում, եւ այնտեղ, բնականաբար, անտառ լինել չէր կարող։