Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե չուզեք մեր լավը

Հունվար 23,2001 00:00
sepakanashnorhum

Կջարդենք գլուխներդ

«Առավոտի» 1995 թվականի սեպտեմբերի 29-ի համարում տպագրվել էր Գ.Մարտիրոսյանի «Որքան վատ, այնքան լավ. մսի կոմբինատը՝ 400 դոլարով» հոդվածը, որում խոսվում էր սեփականաշնորհման խնդիրների մասին:

Ի պատասխան, պետության այն ժամանակվա կարկառուն դեմքեր Բորիս Քոչարյանը, Աշոտ Մարկոսյանը եւ Պավել Ղալթախչյանը հանդես եկան երկարաշունչ եւ կրքոտ պատասխանով, որում զանազան հետաքրքիր որակումներ են տվել հոդվածագրին եւ թերթին: Հինգուկես տարվա ընթացքում իշխանավորների կազմը որոշ չափով թարմացել է, բայց նրանց բնույթը մազաչափ անգամ չի փոխվել. համանման թեմաներով հրապարակումներին նրանք իրենց քարոզչամիջոցներում «արժանի հակահարված» են տալիս՝ նույնատիպ որակումներով եւ հեռուն գնացող քաղաքական գնահատականներով:

Ամենավերջին օրինակը «Լույս» արտադրական միավորման ընդամենը 650 հազար դոլարով «սեփականացման» մասին Աննա Իսրայելյանի նյութն է: Պաշտոնական քարոզչության «հակահարվածի» «երկացանկը» նույնն է մնացել. մեկը՝ մեկին, սակայն հայտնի երգերին ավելացել է եւս մեկը։ Նոմենկլատուրային «գործարարները» սկսել են խաղարկել նաեւ «ժողովրդական զանգվածների» խաղաքարտը: Շաբաթ օրը, օրինակ, նախագահին կից բիզնեսմեններից մեկը՝ Սեդրակ Սեդրակյանը, սպառնաց, որ հիշյալ գործարանի բանվորները կջարդեն հոդվածագրի (Ա. Իսրայելյանի) գլուխը:

Ամիսներ առաջ պրն Սեդրակյանի անմիջական «շեֆը» «Առավոտ» էր ուղարկել «Գրանդ Քենդիի» ակտիվ կանանց՝ խմբագրությունում կռիվ անելու: Տպավորություն է ստեղծվում, որ, տվյալ դեպքում, նմանատիպ գործիչների նպատակը ոչ այնքան բիզնեսն է (այսինքն՝ փող աշխատելը), որքան իրենց իրական «շեֆի» (Ռոբերտ Քոչարյանի) իմաստուն քաղաքականության քարոզչությունը՝ արդյունաբերության վերածնունդ, աշխատատեղեր եւ այլն: Այստեղից պարզ է իրենց լամպերի վրա գրված հայհոյանքի իմաստը՝ ով չի ուզի հայ ազգի (այսինքն՝ Քոչարյանի եւ մեր) լավը, կջարդենք նրա գլուխը: Այնպես որ, սպասում ենք հարազատ կուսակցության եւ կառավարության հայրական հոգատարությունից ազդված «պրոլետարների» հերթական այցին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031