Լրահոս
Օրվա լրահոսը

Տարվա օրինախախտները կուսակցություններն են

Հունվար 23,2001 00:00
kusakcutyunner

«Երկրի անկարգապահները» նոմինացիայում հաղթող կարող են ճանաչվել գրեթե բոլոր կուսակցությունները։ Վերջիններս, որպես հասարակական միավորումներ, պարտավոր էին մինչեւ 2000 թվականի դեկտեմբերի 31-ը գրանցվել կամ վերագրանցվել, այդպիսով իրավունք ստանալով շարունակել իրենց քաղաքական գործունեությունը։

Եթե 2000-ին գրանցված 95 կուսակցություն կար, 2001-ին հասցրել են գրանցվել 44-ը միայն։ Մնացած 51-ը, որպես անպարտաճանաչներ, դեռեւս չեն վերագրանցվել։ Ընդ որում, անպարտաճանաչների մեջ են հայտնի եւ իրենց մեծաքանակ հռչակով այնպիսի կուսակցություններ, ինչպիսիք են, օրինակ, ՀԿԿ-ն եւ ՀՅԴ-ն։ Կոմկուսի գրասենյակից իրենց չվերագրանցված լինելու մասին իմանալով, նախ զարմացան։ Ի դեպ, զարմացան չվերագրանցված մի քանի այլ կուսակցություններ եւս։

Մի փոքր մտածելուց հետո ՀԿԿ գրասենյակը հարմար գտավ պատասխանի այս ձեւը. «Մարտին տեղի է ունենալու Կոմկուսի համագումարը, հնարավոր են կանոնադրական փոփոխություններ եւ, բնական է, այդ փոփոխությունների արդյունքում նոր կանոնադրությունը կներկայացվի արդարադատության նախարարություն»։

ՀՅԴ գրասենյակից ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը, մեր հարցին՝ ինչո՞ւ 100-ամյա կուսակցությունն այս դեպքում չի հարգում երկրի օրենքը կուսակցությունների գրանցման մասին, պատասխանեց. «Առնվազն տարօրինակ է, որ համապատասխան գործադիր մարմինները չեն բարեհաճում այս պրոցեդուրային խնդիրների շուրջ նախապես քայլեր ձեռնարկել, այլ միայն հետին թվով փորձում են փաստեր արձանագրել»։

Գեղամ Մանուկյանն ասաց նաեւ, որ ՀՅԴ վերագրանցումը ընթացքի մեջ է։ Թեպետ բողոքում ենք կուսակցությունների մեծաթիվ լինելուց կամ հաճախ անեկդոտի թեմա ենք դարձնում դա, բայց կուսակցություն ստեղծելու մարմաջը ոմանց հանգիստ չի տալիս։ 2001-ին արդեն յոթ նոր կուսակցություն է գրանցվել։

Նորերի մեջ քիչ թե շատ աղմուկով ստեղծված «Կայունությունից» եւ «Ազատամարտի վետերանների միություն» կուսակցությունից բացի, մյուսների անվանումների միայն թվարկումը շատ պերճախոս է. «Մանկավարժներ Հայաստանի», «Նոր երկիր», «Միավորված հայեր», «Ազգային համաձայնություն» եւ այլն։ Կուսակցությունների գրանցման եւ վերագրանցման մասին առավել մանրամասն կխոսենք առաջիկայում։

Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031