Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են գնահատում նախագահ Պուտինի այցը Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը։ Այս հարցով դիմեցինք «Ենի Մուս

Հունվար 23,2001 00:00

«ՄՈՏ ԵՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ, ՀԵՌՈՒ՝ ԱՍՏԾՈՒՑ» Ինչպե՞ս են գնահատում նախագահ Պուտինի այցը Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը։ Այս հարցով դիմեցինք «Ենի Մուսաֆաթ» կուսակցության առաջնորդներից մեկին, երբեւէ Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հիքմեթ Հաջի-Զադեին։ «Պուտինի այցը Բաքու, ընդհանուր առմամբ, դրական է գնահատվել, թեեւ Ռուսաստանի հանդեպ որոշակի զգուշավորություն, այնուամենայնիվ, կա։ Դա պայմանավորված է Ռուսաստանի կողմից Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու եւ Կասպից ծովի նկատմամբ Ռուսաստանի որոշակի դիրքորոշման պարագայով։ Բայց ամենակարեւորն այն է, որ գլխավոր հիմնախնդիրը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ, ինչպես հարկն է, չշոշափվեց։ Անկեղծ ասած, առանձնակի սպասելիքներ այս իմաստով չունեինք էլ, եւ ոչինչ էլ չեղավ։ Պուտինը եկավ, ներկայացավ, խոսեց խաղաղության հաստատման մասին եւ գնաց»։ Ըստ պարոն Հաջի-Զադեի, Պուտինի այցի ընթացքում որեւէ լուրջ փաստաթուղթ չի կնքվել. «Այցի միակ դրական կողմն այն էր, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը համաձայնության եկան Կասպից ծովի սեկտորային բաժանման շուրջ։ Դա հռչակագիր է Կասպից ծովի բաժանման սկզբունքների, կարգավիճակի եւ այլնի մասին։ Ամենագլխավոր փաստաթուղթն այս էր։ Ըստ այդմ՝ Կասպից ծովի հատակը, այսինքն՝ նավթի հանքերը մնում են Ադրբեջանին այնպես, ինչպես ԽՍՀՄ օրոք էր։ Իսկ ծովի միջին հատվածը չեզոք գոտի է հայտարարված եւ ազատ է նավարկությունների համար»։ Տեղեկություններ եղան, թե Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները շուրջ հինգ ժամանոց առանձնազրույց են ունեցել, որի առանցքը ԼՂՀ հակամարտության կարգավորման հնարավոր տարբերակների քննարկումն է եղել։ Արդյո՞ք այս հանդիպման մասին Ադրբեջանի քաղաքական շրջանակներն ավելի շատ տեղեկատվություն ունեն։ «Անկեղծ ասած, գոնե ինձ ոչինչ հայտնի չէ այդ առանձնազրույցի մասին, թեեւ, կարծում եմ, այնտեղ առանձնապես ոչինչ չի էլ եղել։ Մի բան ակնհայտ է՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանն առայժմ մեր կողմից չէ։ Համենայնդեպս, մեր տպավորությունը, չգիտես ինչու, այդպիսին է»,- նշեց Հ.Հաջի-Զադեն։ Ամեն դեպքում փաստ է, որ ՌԴ նախագահ Պուտինի այցը շարքայիններից չէր եւ այն գնահատվեց իբրեւ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ջերմացման առհավատչյա։ Մեր այն հարցին, թե, այնուամենայնիվ, ինչո՞վ է պայմանավորված Պուտինի այցը Ադրբեջան. նրանով, որ Ռուսաստանը փորձում է Ադրբեջանին վերադարձնել ռուսական ազդեցության ոլո՞րտ, թե՞ առավելապես մեծ դեր են խաղացել տնտեսական շահերը, «Ենի Մուսաֆաթի» ներկայացուցիչը պատասխանեց. «Պարզապես Ռուսաստանն ու Ադրբեջանը սահմանակից պետություններ են եւ դատապարտված են համագործակցության։ Ընդհանրապես ռուսական ազդեցության ոլորտից դուրս գալ հնարավոր չէ. մենք շատ մոտ ենք Ռուսաստանին եւ շատ հեռու՝ Աստծուց»։ Ու, քանի որ, միայն վերջերս էր, որ Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը, որի առնչությամբ, ի դեպ, ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ Ադրբեջանում բողոքի ցույցեր եղան, ուստի հարկ համարեցինք նաեւ մեր զրուցակցի հետ այս հարցի շուրջ խոսել։ Հնարավո՞ր է, որ Ֆրանսիայի խորհրդարանի այս քայլը խոչընդոտի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդական առաքելությամբ հանդես եկող Մինսկի խմբի գործունեությանը։ Հիշենք, որ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահողներից մեկն է։ «Առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ֆրանսիայի մասնակցության դեմ առարկություններ, իհարկե, կլինեն, եւ եթե ֆրանսիան առաջիկայում եւս շարունակի այս թեման քննարկման նյութ դարձնել, ապա կլինեն շատ ավելի լուրջ խոչընդոտներ,- նկատեց Հ.Հաջի-Զադեն եւ փորձեց բացատրել, թե ինչով է պայմանավորված Ցեղասպանության վերաբերյալ Արեւմուտքի դիրքորոշումը։- Կարող եմ ասել՝ գլոբալ իմաստով մի քանի բան է փոխվել Արեւմուտքի դիրքորոշման մեջ։ Նախ, հայկական լոբբին ուժեղ է, քան երբեւէ, երկրորդ՝ ընտրողների կարծիքը կարեւոր է դարձել ժողովրդավարական երկրների խորհրդարանների համար։ Իսկ եթե հայերը նաեւ ընտրողներ են, ապա նրանք խորհրդարանում իրենց ներկայացուցիչներին որոշակի պահանջներ են ներկայացնում։ Հակառակ դեպքում՝ Ֆրանսիան հենց այնպես չէր վերցնի եւ ճանաչի Ցեղասպանությունը։ Այնպիսի խնդիրներ, ինչպիսիք կան Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, աշխարհում միակը չեն։ Ինչո՞ւ չհիշել ֆրանսիացիների կողմից՝ արաբների, կամ անգլիացիների կողմից՝ հնդիկների ոչնչացումը, կամ օփիումային պատերազմները։ Մինչդեռ Ֆրանսիայի խորհրդարանն այդ հարցերը չի քննարկում։ Մեղքերի թողության ալիքի ֆոնի վրա, ֆրանսիացիները, չգիտես ինչու, որոշել են ուրիշի մեղքերին թողություն տալ՝ մոռանալով իրենց գործած մեղքերը»։ Զրուցեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել