Լրահոս
Օրվա լրահոսը

Լրատվամիջոցներն

Հունվար 23,2001 00:00

ԱՐՇԱԿՅԱՆԸ ՎԻՃԱՐԿՈՒՄ Է Լրատվամիջոցներն այնքան էին թյուրիմացաբար վաղաժամ ազդարարել Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության մասին, որ երբ այդ որոշումն իսկապես ընդունվեց՝ արդեն լուռ մնացին։ Պատմական այս եւ վերջերս տեղի ունեցած այլ իրողությունների արժանի գնահատականը տալու խնդրանքով դիմեցինք «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» հայկական ժողովրդական նախաձեռնության հասարակական կազմակերպության գործկոմի նախագահ Աղասի Արշակյանին։ – Դուք խիստ ոգեւորված եք, չէ՞, որ հունվարի 25-ին Հայաստանի դրոշն էլ է բարձրացվելու Ստրասբուրգում Եվրախորհրդի շենքի առջեւ։ – Հայաստանին Եվրախորհուրդ ընդունում են ոչ թե մեր սիրուն աչքերի համար, այլ իրենց է պետք, որ Հայաստանն անդամակցի։ Եթե մի պահ ընդունենք էլ, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ապա այդպիսին չէ Ադրբեջանը։ Եվ ավելի լավ եւ ուղղակի ապացույց չկա, որ որոշակի շրջանակներին պետք էր մեր անդամակցությունը, այլապես գոնե այս անգամ՝ Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններից հետո՝ նրանց եւ մեր նկատմամբ մոտեցումների միջեւ պիտի տարբերություն դնեին։ Բայց ես Եվրախորհրդին երբեք «դեմ» չեմ արտահայտվել։ Եվրախորհրդի կանոնադրությունը քվեարկելիս ընդամենը դեմ էի, քանի որ Օսկանյանը, ինչպես եւ ողջ կառավարությունն ու նախագահը ԱԺ-ն վերածել են իրենց հաճո որոշումների մամլիչի։ Երբ ասում էի, թե պետք չէ այդ կանոնադրությունը վավերացնել՝ հիմնավորումս գլխավորապես այն էր, թե չի կարելի 5 րոպե առաջ բերած 20 էջանոց փաստաթուղթը միանգամից (131 պատգամավորից 11-ն էլ չէին կարդացել) քվեարկել։ – Համենայն դեպս, այդքան նախանձախնդիր չեք «Ռուսաստան-Բելառուս» միության պարագայում, որի պետքարտուղար Պավել Բորոդինը կաշառքի եւ 25 մլն դոլարի չափով կեղտոտ փող լվանալու մեջ է մեղադրվում։ – Որեւէ կասկած դեռ վերջնական որոշում չի։ Ակնհայտ է, որ քաղաքական են այս ամենի դրդապատճառները եւ ընթացքը։ Ամեն ինչ առաջին հերթին ուղղված է «Ռուսաստան-Բելառուս» միությունը վարկաբեկելուն։ Ռուսական իշխանությունները ժամանակին անզգուշություն ունեցան թեկուզ շինծու, բայց կասկածների կիզակետում գտնվող անձնավորությանը դարձնել պետքարտուղար։ Թեեւ պետք է նկատել, որ ժամանակակից արեւմտյան տեխնոլոգիաներով կարող են ամենամաքուր մարդուն էլ ցեխ կպցնել։ Ես պարզապես վստահ եմ, որ Բորոդինին առնչվող պատմությունները կպարզվեն ու նրանից ներողություն կխնդրեն։ Եթե այդ նույն շվեյցարական դատախազները քրեական հեղինակություն Միխասին չէին կարողանում դատել 2 տարի իրենց մոտ պահելուց հետո՝ նրանք Բորոդինին երբեք չեն կարողանա դատել։ – Համաձա՞յն չեք, որ Պուտինի Ադրբեջան այցից հետո Հայաստանում, կոպիտ ասած, լքված կնոջ հիստերիա սկսվեց։ Այն մի պահ ընդհատվեց Սերժ Սարգսյանի սփոփանքի խոսքերից հետո եւ վերսկսվեց դարձյալ, երբ հարաբերությունների վատթարացումն արձանագրեց ռուսական մամուլն անգամ։ – Ես միանգամայն համաձայն եմ այդ համեմատությանը։ Մեր արտաքին քաղաքական գերատեսչության «մատը» երեւում էր այդ ամենի մեջ։ Պուտինի այցելությանը հետեւած ամբողջ «կամպանիան», այդ վայնասունը, որ բարձրացվեց անգամ պետական տեսակետը ներկայացնող լրատվամիջոցներում՝ որեւէ կապ չունի իրականության եւ ընդհանրապես, նորմալ երկրի արտաքին փոխլրացվող քաղաքականության հետ։ – Հիշեցնեմ, որ այս աղմուկը սկսվեց Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում արված մի դիտարկումից հետո, ըստ որի «հայ հասարակայնությունը հիացած չէր» Պուտինի դեռեւս նախատեսվող այցով։ Մինչդեռ, մինչ այդ ոչ ոք ծպտուն անգամ չէր հանել այդ մասին։ – Չեմ ուզում ասել, թե այդ արտահայտությամբ «պաս» տրվեց մամուլին, բայց եթե այդպես է՝ ուրեմն, ավելի տխուր է։ Շատ տխուր է, որ մեր նախագահն այդպես է պատկերացնում իրավիճակը։ Բաքու այցելությունը, չգիտես ինչու, կապեցին 1990-ի հայկական ջարդերի հետ։ Սա լրիվ արհեստական էր։ Հունվարի 9-ին եւ 10-ին Բաքվում հայկական ջարդեր չեն եղել, դրանք եղել են 13-19-ին։ Սրա հետ ուղղակի կապեցին Պուտինի ծաղկեպսակ դնելու արարողությունը, որը նույնպես կապ չունի հայերի ջարդի հետ։ Բաքվում զրահամեքենաների թրթուրների տակ մնացած եւ սպանված բոլոր 131 հոգին մեկեն հայտարարվեցին ջարդարար, որը նույնպես չի համապատասխանում իրականությանը։ Որեւէ օրինական ակտով եւ գնահատականներով չի ապացուցվել, որ այդ 131 անձինք մեղադրվել կամ ճանաչվել են Բաքվի փողոցներում տասնյակ հայեր սպանելու մեջ։ (Այս մասին պրն Արշակյանի առավել հանգամանալից դատողությունները կներկայացնենք առանձին.- Ա. Ի.)։ Եվ սա բերել, կապել, զարգացնել, դարձնել հայ-ռուսական հարաբերությունների փոփոխության, արտաքին քաղաքականության առարկա՝ պարզապես կամ անմտություն է կամ էլ չար դիտավորություն՝ ավելի հեռուն գնացող նպատակներով։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել