Ըստ Մարտիրոս Սարյանի, դեռեւս 1965 թվականին իր 85-ամյակի տարելիցի երեկոյում արտահայտած մի մտքի. «Ոչ թե օտար բույսեր ներմուծենք ու զորացնենք, այլ մեր բնիկ պտուղներից ստեղծենք նոր մրգատեսակներ…»։
Զարթոնքի՝ բեկումնային 65-ին այլաբանորեն ասված այս պատգամը բոլոր ժամանակների համար նախազգուշացում է հայրենակիցներին օտարամոլությունից զերծ պահելու համար։ Տասնյակ երկրներից բաղկացած եվրոպական ընտանիքի յուրաքանչյուր անդամ անխուսափելիորեն փոխառնում է «ընտանեկան» օրենքներից որոշները, որոնցից, բնական է, ընտրել է պետք ազգային շահերին ու նկարագրին չհակասողները։ Սակայն փոխանակ ապավինել մեր դարավոր «ազգային պատկանելությանը» հարմարեցրած տնտեսաիրավական նորմերին ու դրույթներին, գրեթե առանց դիմադրության ներմուծում ենք մեր էությանն ու բնույթին անհարիր պատահականները։
Անվերապահորեն ընդունելով հիմնականում եվրոպական եւ մանավանդ ամերիկյան մոդելների որոշ տարրեր, տվյալ երկիրը (ոչ միայն մերը) կախման մեջ է ընկնում բոլոր առումներով, եւ այս դեպքում խաթարվում են հոգեւոր ու մշակութային արժեքները։ Իր հերթին Եվրոպան էլ խնդիր ունի՝ խուսանավելու ամերիկանացումից։ Գերմանացի նշանավոր գիտնական Ստեֆան Հայցմանի մտահոգությունը ակներեւ է դարձնում այդ փաստը։ Նա ասում է, թե՝ թող տարօրինակ չթվա, բայց այսօր թե՛ Գերմանիան, թե՛ Հայաստանը կանգնած են նույն հիմնական ամերիկամետ մշակութային գավառ դառնալու վտանգի առջեւ։ Ըստ այդմ էլ խորհուրդ է տրվում, որ եվրոպական կառույցների մեջ ընդգրկվելիս հայերս կարողանանք պահպանել մեր ազգային առանձնահատկությունները, հակառակ դեպքում կկորցնենք ինքնության ամենակարեւոր գրավականը։
Ակտիվ ինտեգրացման փուլում վերցնելով պատրաստին, նախ ինքներս մեզ զրկում ենք ի վերուստ տրված սեփականը, նորը արարելու շնորհից, երկրորդը՝ կամա թե ակամա մերժում գիտատնտեսական եւ մշակութային արժեքները, համարելով դրանք մոդայից դուրս, ժամանակավրեպ։ Զարգացած պետություն դառնալու անվան տակ կրելով վնասակար ազդեցություններ, մեր ինքնապաշտպանական բնազդի տկարացման հետեւանքով, խաբվում ենք ժամանակավոր ինչ-որ հաջողությունների պատրանքային, մեկանգամյա օգտագործման համար նախատեսված զեկույցներին, խոստումներին։ Եվ ահա չանսալով մեծ իմաստուն-գեղանկարչի նախազգուշացումը, 35 տարի հետո էլ արդեն մասնագիտորեն մատնանշվում է, որ օտարամոլության արմատների խորացումը էլ ավելի կատաղի դրսեւորումներով առկա է նաեւ այսօր։
Ըստ այդմ, հոգեբանական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Ալբերտ Նալչաջյանի կարծիքով, անլիարժեքության մեր բարդույթներից օտարամոլությունը, ոչ ավել, ոչ պակաս, «վստահորեն» գրավում է առաջին տեղը։ Ուրիշին իրենից շատ չափից դուրս սիրել-հարգելու մոլությունը այնքան է կլանել մեր էությունը, կենսաձեւը, որ նույնիսկ օտար ափեր չչվելը դարձել է հպարտանալու նման մի բան։ Ի դեպ, ասում են, որ թուրքական տրանսպորտային մի կազմակերպություն էլ իր վրա է վերցրել «հպարտների» քանակը նվազեցնելու «հոգսը»՝ գրեթե ձրիաբար ավտոբուսներ տրամադրելով Հայաստան-Թուրքիա երթուղով մեկնող թուլակամներին, որից հետո ով ուր ուզում է՝ թող ճողոպրի։
ՍԱՄՎԵԼ ՍՄԲԱՏՅԱՆ