Երեկ «ԱԿՎՄ»-ն («Ազատամարտի եւ կանանց վետերանների միություն») ասուլիս էր հրավիրել։ Այն վարում էր միության նախագահ Միհրան Մովսիսյանը։ Ինչպես պարզվեց, ծանր է նաեւ ազատամարտիկների սոցիալական վիճակը, իսկ Մ. Մովսիսյանի խոսքերով, միության անդամները՝ որպես վիճակը թեթեւացնելու հնարավոր ճանապարհ, տեսնում են ոչ միայն տնտեսության զարգացումը, այլեւ Հայաստանում արտագաղթը կանխելու տարբերակը. «Մոտակա ժամանակամիջոցում մեր միության անդամների կողմից ձեռք բերված պայմանագրերի միջոցով հանրապետություն կներկրվեն մեծ քանակությամբ վառելանյութ եւ մեծ պահանջարկ ունեցող սննդամթերք»,- տեղեկացրեց պրն Մովսիսյանը։
Ըստ նրա՝ տեղական հումքի բազայի վրա ստեղծվելու են նոր արտադրություններ, որոնք հնարավորություն կտան բացել մոտ 2000 աշխատատեղ. «Մեր համար ընդունելի չէ պետական ծառայողների կրավորական կեցվածքը, երբ միայն պաշտոնից զրկվելուց հետո են փորձում երեւալ որպես ազգափրկիչներ»,- ասաց նա։ Ըստ Մ. Մովսիսյանի, այսօր գոյություն ունենա որոշ հասարակական կազմակերպություններ, որոնք իրենց չգոյությամբ ավելի օգտակար կլինեին հայ ժողովրդին։ ԱԿՎՄ-ի նախագահը հայտարարեց, որ քաղաքական գործունեությամբ չի զբաղվելու. «Մեր միության անդամները զբաղվելու են միայն բիզնեսով, որպեսզի կարողանան պահպանել իրենց գոյությունը հետագայում»։ ԱԿՎՄ-ն պատրաստ է խոսքի եւ գործի միասնության կարգախոսով լուրջ պայքար ծավալել բոլոր այն չինովնիկների եւ պաշտոնյաների դեմ, որոնց խոսքի եւ գործի անհամապատասխանությունը տանում է պետական իշխանության վարկաբեկմանը եւ համատարած անգործության։
ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ