Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ սկիզբն է երեւում, ոչ վերջը

Հունվար 20,2001 00:00
dat

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում կրկին Հայաստանի Նկարիչների միության շենքի հարակից կառույցի (որը ՆՄ սեփականությունն էր եւ ժամանակին կառուցվում էր միության համար) վերաբերյալ հայցով դատական նիստն էր։

Նկարիչների միությունը հայցով դիմել է դատարան՝ ընդդեմ «Աղաբեկյան եւ Բեկ» Ինթերնեշընըլ ԱՁ կազմակերպության։ Հիշեցնենք, որ 1996թ. նշյալ շենքը Նկարիչների միության նախկին ղեկավարության կողմից 300 հազ. դոլարով վաճառվել է «Աղաբեկյան եւ Բեկ» Ինթերնեշընըլին, որը միությանը վճարել է այդ գումարի ընդամենը 10 տոկոսը։ Տխուրն այն է, որ Նկարիչների միության նախկին ղեկավարությունը նշյալ ԱՁ-ին էր տվել շենքի սեփականության բոլոր իրավունքները։ Հետագայում «Աղաբեկյան եւ Բեկ» Ինթերնեշընըլ ԱՁ-ն այս շենքը գրավ է դրել «Ագրոբանկում»՝ Նկարիչների միության ներկա նախագահ Կարեն Աղամյանի տվյալներով՝ 250 հազ. դոլարի դիմաց։ «Աղաբեկյան եւ Բեկը» գումարը չի վերադարձրել, որոնց ժամկետներն անցել են։ Եվ «Ագրոբանկն» իր հերթին շենքը վաճառել է (ասում են՝ 450 հազ. դոլարով) «Մելլաթ» բանկին։ Այժմ Նկարիչների միությունը հայցով դիմել է դատարան։

Արդեն երրորդ դատական նիստն էր, բայց մեկ անգամ են առ այսօր նիստին ներկայացել պատասխանող բոլոր կողմերը։ Մեկ նիստի ներկայանալուց հետո «Աղաբեկյան եւ Բեկ» Ինթերնեշընըլ կազմակերպության տնօրեն Վլադիմիր Աղաբեկյանն «անհետացել է»։ Դատարանը նիստերից մեկի ընթացքում որոշել էր հետախուզությամբ գտնել Վ. Աղաբեկյանին, սակայն ապարդյուն։

Երեկ դատական նիստին ներկայացել էր միայն Նկարիչների միության ղեկավարությունը։ Դատավոր Արամյանը ազատ դահլիճ էր փնտրում՝ նիստն անցկացնելու համար, թեեւ արդեն պարզ էր, որ այն դարձյալ հետաձգվելու է՝ կողմերի չներկայանալու պատճառով։ Ի վերջո, մի դահլիճ գտնվեց։ Դատավարության արարողակարգից շեղվելով՝ դատավորը սկսեց նիստի մասնակիցներին (առանց՝ «Ոտքի՛, դատարանն է գալիս»-ի) բացատրել Նկարիչների միության հայցի բովանդակությունը՝ մոտավոր տվյալներով, ինչպես, օրինակ՝ «Դատարանը ստիպված է օբյեկտիվ քննություն կատարելու համար բոլոր կողմերին լսել, ներկա լինեն… որովհետեւ հարցեր կան՝ մի բանկը մյուսին է վաճառել… միության նախկին նախագահը, էն ի՞նչ էր անունը, որ վաճառել է… մեկ ուրիշ բանկ էլ երրորդ սեփականատեր է դարձել՝ հանձինս «Մելլաթ» բանկի… Բարդ գործ է, առաջին հայացքից է պարզ թվում…»։

Պրն Արամյանն ասաց, որ կողմերը պատշաճ ձեւով ծանուցվել են դատարանի կողմից՝ նիստին ներկայանալու համար, սակայն «Մելլաթ» բանկից ասել են, թե ծանուցագիր չեն ստացել, իսկ «Ագրոբանկը» ստացել էր։ Պարզապես՝ այս բանկի նոր աշխատակիցը, դեռ գործին ծանոթ չլինելու պատճառով, չէր ներկայացել։ Հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 7-ին։ «Ձեզ հաջողություն»,- ասաց նախագահող դատավորը Նկարիչների միության ղեկավարությանը, ինչը նշանակեց, որ նիստն ավարտված է։ Արդեն երկարուձիգ ամիսներ այս դատավարությունը ձգձգվում է։ Նիստին ներկա գտնվելու եկած նկարիչներն արդեն հումորով էին վերաբերվում այս ձգձգվելուն։ Իհարկե, խոսելիս ցավում են, որ հատակագծով մոտ 600 քմ տարածքը, որը կարող էր դառնալ մշակութային կենտրոն, այդպես կորցրել են կամ կարող են կորցնել իրենց ձեռքից։

Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031