Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՌԸ ՑՆՑՈՒՂ

Հունվար 20,2001 00:00
rus

«Ազգ» թերթի էլեկտրոնային տարբերակում տպագրվել էր Արամ Մայիլյանի այս հոդվածը, որն արժանացել էր ՌԴ դեսպանատան արձագանքին։ Խնդրո առարկա հոդվածը որոշ կրճատումներով ներկայացնում ենք «Առավոտի» ընթերցողների դատին։

Ռուսամետ հայ հասարակությունը, Հայաստանում թե Սփյուռքում, խանդի ու հուսախաբության մի նոր ալիք է ապրում։ Թվում է, թե Հայաստանն ու հայ ժողովուրդն ամեն ինչ արել էին տարածաշրջանում Ռուսաստանի մերձավորագույն բարեկամն ու անփոխարինելի հենարանը լինելու համար։ Պատմությունը մի փոքր ավելի հեռու է գնում, քան վերջին զարգացումներն են։ Շրջանառության մեջ դրվեց քաղաքական քարոզչության թեզը. Հայաստանն ու Ռուսաստանը բնական (՞) ռազմաքաղաքական գործընկերներ են։ Գրեթե ոչինչ չէր ասվում, թե ում դեմ էր ուղղված այդ ռազմական գործընկերությունը։ Հայ գործիչները իհարկե ներքուստ համոզված էին, որ այն ուղղված է…, դե իհարկե, Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ, չպարզաբանելով, թե այդ ինչ հակասություններ կարող են լինել Ռուսաստանի ու այդ երկրների միջեւ։

Եվ չնայած քաղաքական հատուկենտ գործիչների դիմադրությանը, ժամանակավոր լուծումը ավելի ամրացավ ու ռուսական ռազմական հենակետերի ներկայությունը Հայաստանում օրինականացվեց պետական իշխանության բոլոր մակարդակներում։ Հայաստանի իշխանություններն ու հասարակությունը սկսեցին մոլեգին նետվել Ռուսաստանի գիրկը։ Ավելին, Սփյուռքը, վիրահայությունը սկսեցին ռուսական ռազմական ներկայության հետ լուրջ հույսեր կապել։ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ կնքվեցին ռազմական համագործակցության մի շարք բարձր պայմանագրեր։ Հայաստանի սահմանը հսկում են ռուսական զինվորները։ Հայաստանից դուրս եկող ֆրանսիացու կամ լեհի անձնագրում ելքի կնիք է դնում ռուս սահմանապահը, իսկ կնիքը, անշուշտ, արձանագրում է, որ օտարերկրացին հատել է ռուսական սահմանային կետը։ Հայաստան բերեցին ու հենակետերում տեղադրեցին ռազմավարական նշանակության հրթիռներ, որոնք, ըստ հայերի, անհայտ դրդապատճառներով պետք է օգտագործվեն իրենց հակառակորդների դեմ։ Հայերը գրկաբաց ընդունեցին Վրաստանից դուրս հանած ռուսական զինամթերքն ու տեխնիկան։ Ռազմական համագործակցության վերջին ակորդը համաձայնագիրն է համատեղ զինվորական ծառայության մասին։ Պայմանագրի կիրարկման սկիզբը, անտարակույս, կարձանագրի Հայաստանի բանակի վերջը։

Մի շարք պայմանագրերի արդյունքում Հայաստանի պետական անվտանգության ծառայությունները, ինքնուրույնության համը դեռ չտեսած, դարձան խորհրդային ՊԱԿ-ի ավանդույթների կրող ռուսական անվտանգության ծառայությունների փաստացի ենթական։ Միջազգային վարկը ստորադաս դարձնելով հյուսիսային դաշնակցի շահերի նկատմամբ՝ Հայաստանը դարձավ Ռուսաստան-Բելառուս միության պոտենցիալ անդամը, սասանելով իր անկախ պետականության հիմքերը։ Անկախության գաղափարը հայ իրականության մեջ լիովին վարկաբեկվեց ու դարձավ ծաղրուծանակի առարկա։ Միջազգային ասպարեզում Հայաստանը սկսեց աշխույժ մասնակցել ինչ-ինչ ռազմաքաղաքական առանցքներ կազմելու գործին, անսալով, առաջին հերթին, ռուսական թելադրանքները։ Դրա վերջին օրինակն է ակնհայտ միջնորդավորված ու մշուշով պատված առաքելությունն Իրաք։ Հայաստանը ռուսական գազը գերագնահատեց թուրքմենականից։ Այս քայլերը, անկասկած, կատարվում էին Հայաստանի անկախության ու արժանապատվության հաշվին։ Հայաստանն աստիճանաբար վերածվեց Ռուսաստանի արբանյակ երկրի, որի ինքնիշխանության աստիճանը, շատ հարցերում, զիջում է նույնիսկ ռուսական պետության սուբյեկտներից մի քանիսի կարգավիճակին, ուստիեւ Հայաստանի նկատմամբ ցուցաբերվում է համապատասխան մոտեցում։ Հայաստանը դարձել է խորհրդանշական պետություն, ճանաչված միայն իր պետականության խորհրդանիշերով։

Ռուսաստանի հետ հարաբերություններն այն աստիճանի են հասել, որ ապագա իշխանություններն արդեն իսկ զրկված են հավասարակշիռ քաղաքականություն վարելու հնարավորությունից։ Ու այս բոլորը կատարվում էր ռուսամոլության մի խելացնոր մթնոլորտում, ուր յուրաքանչյուր ոք, ով ողջախոհության կոչ էր անում, անմիջապես հասարակական պարսավանքի էր ենթարկվում՝ ստանալով Արեւմուտքի գործակալի համբավ, մինչդեռ իրական գործակալները պարբերաբար, առատորեն եւ անթաքույց սնվում էին նույն Արեւմուտքից։

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031