Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր ձուկ չգտնվեց

Հունվար 20,2001 00:00
korupcia

Կոռուպցիոն հնարավորությունները սահմանափակվե՞լ են

«Հակաստվեր» հասարակական կազմակերպության երեկվա հյուրերն էին ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի առաջին վարչության պետ Ղեւոնդ Քրմոյանը, Իրավական սպասարկման վարչության պետ Միքայել Գրիգորյանն ու նրա տեղակալ Ղեւոնդ Իսպիրյանը։ Օրակարգում կոռուպցիայի դեմ պայքարն էր։ «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կոռուպցիան ոչ թե քրեաիրավական հասկացություն է, այլ քրեագիտական, կրիմինոլոգիական եւ հավաքական, որն իր մեջ ներառում է մի քանի հանցակազմեր, եւ այս տեսակետից Քրեական օրենսգիրքը չի պարունակում եւ չի էլ կարող պարունակել «զտարյուն» մաքուր կոռուպցիայի հասկացություն»,- իր խոսքն այսպես սկսեց պրն Մ. Գրիգորյանը։ Վերջինս իր տեսական գնահատականների արդյունքում նկատեց, որ հին քրեական օրենսգիրքն ունի բավարար հնարավորություններ՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար։ Նա տեղեկացրեց նաեւ, որ նոր քրեական օրենսգրքի նախագծի հատուկ մասը նախատեսել է մի ամբողջ շարք կոռուպցիոն հանցագործություններ։ Օրինակ բերվեց «առեւտրային կաշառքը»։

Ինչ վերաբերում է իրավական դաշտի ձեւավորմանը, պրն Գրիգորյանի կարծիքով, այն կա եւ որ «անհրաժեշտ պետական, քաղաքական կամքի, հետեւողականության պարագայում կոռուպցիայի դեմ կարելի է իրականացնել արդյունավետ պայքար», չթաքցնելով նաեւ իր մտավախությունը, որ «համաշխարհային որեւէ երկիր բացարձակ նման արդյունք չունի, կոռուպցիան կա, եղել է ու կլինի բոլոր երկրներում»։ Խոսելով օրենսդրական նախաձեռնությունների մասին, բանախոսն անհրաժեշտ համարեց փորձագիտական վերլուծությունը «կոռուպցիոն հնարավորությունների տեսակետից»։

Նկատենք, որ 6-րդ վարչության ներկայացուցչի հետ հայաստանյան լրատվամիջոցներն առաջին անգամ էին հանդիպում։ Պրն Քրմոյանն ասաց, որ անցյալ մայիսին կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ստեղծվել է առանձին կառույց, որը «պայքար է տանում կաշառակերության, հովանավորչության, պաշտոնական դիրքի չարաշահման եւ պաշտոնական կեղծիքի դեմ» եւ չթաքցրեց, որ հաջողություններ ունեն այդ «արհեստի» դեմ պայքարում։ Պրն Քրմոյանը տրամադրեց մեզ թվային հետեւյալ կոկտեյլը. անցյալ տարվա ընթացքում հանրապետությունում բացահայտվել են 689 տնտեսական հանցագործություն, 226 հափշտակության դեպք, 48 պաշտոնական դիրքի չարաշահման, կաշառակերության 36 դեպք (24-ն իրենք էին բացահայտել)։

Վերջին դեպքում չկարողացանք զսպել մեր հարցը. «Այդքան քի՞չ»։ Ինչպես եւ սպասվում էր, հետեւեց «Նախանցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ զգալի աճ ունեինք» պատասխանը։ Պրն Քրմոյանին «Առավոտն» ուղղեց շատ պարզ մի հարց. «Մինչեւ ո՞ր գերատեսչություն, նախարարություն է վարչության թուրը կտրում, եւ ո՞վ էր ամենախոշոր ձուկը»։ Պարզվեց՝ խոշոր ձուկ չի ընկել «շեստոյի» ուռկանը, իսկ որպես խոշոր՝ հիշատակվեցին Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմի ղեկավարն ու Շենգավիթի իրավաբանը… Դատախազությունում կաշառքի շատ դեպքեր վերաորակվում են նախաքննության ընթացքում անփութություն։ «Դեպքերը շատ են, ապացուցելն է դժվար»,- տրտնջում էին ՆԳՆ ներկայացուցիչները։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031