Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ, ՎԱՐՉԱՊԵՏԸ, Շ. ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՎԱԽԿՈՏ ԵՆ

Հունվար 20,2001 00:00
Eduard Ghazaryan

Իսկ ԿԳ նախարար, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը՝ գիտությունից բան չի հասկանում

Ակադեմիկոս Կոստանդին Ղարագյոզյանի այս գնահատականները շատ մեղմ են այն մեղադրանքների համեմատ, որ երեկ հնչեցին ԳԱԱ-ի համաակադեմիական ժողովում։ «Լկտի ստախոսներ, գողեր, ապազգային տարրեր, գիտության եղեռնագործներ» եւ համաձայնության բուռն ծափերով ընդունվող նման այլ որակումների արժանացան մեր ղեկավար այրերը։

Իսկ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտից Բենիկ Երիցյանը «ինչ-որ քոչարյանների, ինչ-որ մարդկանց» պարզապես ասաց. «Այդ գյադաներին ես արհամարհում եմ։ Դուք արհամարհում եք գիտությունը, մենք արհամարհում ենք ձեզ»։ Սակայն ղեկավար այրերը այս խոսքերը վայելելու հաճույքից իրենց զրկել էին. ԳԱԱ-ի արհմիությունների միացյալ կոմիտեի նախաձեռնած ժողովին հրավիրված բարձրաստիճան պաշտոնյաներից եւ ոչ մեկը այդ հրավերը չէր հարգել՝ մեկ անգամ եւս ցուցադրելով գիտության հանդեպ ունեցած անտարբերությունը։ Ու գիտնականները ստիպված էին սեփական դարդ ու ցավով իրար հետ կիսվել՝ չնայած իրենք այդ ամենը շատ լավ գիտեին եւ ակնկալում էին իրենց պրոբլեմները ղեկավար այրերին հասու դարձնել։ «Ինչո՞ւ Շավարշ Քոչարյանը, որ մեր ինստիտուտի սաներից է ու ոչ վատ գիտնական, չի եկել։ Պիտի հետաձգեր իր հանձնաժողովի նիստը ու գար այստեղ, որովհետեւ առաջին հերթին պատասխանատու է գիտական պոտենցիալի համար։ Բայց չի եկել եւ ինչո՞ւ չի եկել, որովհետեւ ուղղակի վախեցել է գալ այստեղ»,- չներեց Կ. Ղարագյոզյանը։ Նաեւ մեծահոգաբար կոչ արեց. «Սովորելը երբեք էլ ամոթ չէ, կանչեք սովորեցնենք, թե որն է կիրառական, որը հիմնարար գիտությունը»։

Սա արդեն ԿԳ նախարարին էր ուղղված, որը կառավարությանը հաշվետվություն ներկայացնելիս հայտարարել էր, թե պետք է զարգանան կիրառական ուղղությունները՝ մինչդեռ «ի՞նչ է նշանակում կիրառական գիտություն՝ առանց հիմնարարի»։ Պետական այրերի անգրագիտությունից ու անտարբերությունից բորբոքված գիտնականներն ինչ առաջարկներ ասես, որ չարեցին։ Կենսաքիմիայի ինստիտուտի փոխտնօրեն Գեւորգյանն առաջարկեց «դիմում հղել Եվրապառլամենտին, որ նրա դռները մեզ համար փակ լինեն, մինչեւ Հայաստանի իշխանությունները խելքի չգան»։ Մեկն առաջարկեց դատի տալ իշխանություններին, բայց հանկարծ հիշեցին՝ «ինչի դատավորներն իրանցը չե՞ն»։

Մի ուտոպիստ էլ համոզում էր, թե կառավարությունից տուգանք պահանջեն ուշացրած ու ուշացնելիք աշխատավարձերի համար։ Նաեւ առաջարկ եղավ, որ պատգամավորների, նախարարների աշխատավարձը գիտնականներին տան։ Իսկ Ռ. Քոչարյանին ու մյուս ղեկավարներին «գյադաներ» անվանած Բ. Երիցյանն անդրդվելի էր. «Ես միտք չունեմ որեւէ կերպ խոնարհվել կամ աշխատավարձ խնդրել։ Ես սիրում եմ իմ երկիրը, իմ հողը, իմ ժողովրդին։ Եթե այս շենքի վրա ատոմային ռումբ էլ գցեն, ես այստեղ գալու ու գնալու եմ»։ Բայց առավել հաճախ կրկնվող պահանջը երկրի ղեկավարների հրաժարականն էր։ Ժողովը չքաղաքականացնելու արհմիության ջանքերին հակառակ՝ գիտնականները, տարբեր թնդության արտահայտություններով, պահանջում էին ղեկավար այրերից, որ հեռանան, քանի որ արժանի չեն իրենց զբաղեցրած աթոռներին։ Սակայն այս պահանջը դժվար թե տեղ գտնի ժողովի արդյունքում ընդունված առաջարկների այն փաստաթղթում, որն արհմիությունը պատրաստվում է ներկայացնել երկրի ղեկավարներին։

Ի դեպ, դահլիճում էր նաեւ ԳԱԱ-ի նախագահության ողջ կազմը՝ ԳԱԱ նախագահի հետ, որին էլ մեղադրանքներից մեկ-մեկ բաժին հասավ՝ թեեւ գովեստի խոսքեր էլ հնչեցին։ Ինքը՝ Ֆադեյ Տաճատիչը, ելույթ չունեցավ։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031