Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սոս եւ հեռախոս

Հունվար 20,2001 00:00
heraxos

  «2000թ. հոկտեմբեր ամսին դիմել եմ Երեւանի Կենտրոնի ոստիկանություն այն հայտարարությամբ, որ օգոստոս ամսին Երեւանի «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գործող հեռախոսների վերանորոգման արհեստանոցի Սոս անունով երիտասարդ վարպետը յուրացրել է ՌՈՒՍ-23 ՌՖ մակնիշի հեռախոսս»։

Այս բողոքի հեղինակը Երեւանի բնակչուհի, մասնագիտությամբ դիստրիբյուտոր Գոհար Գեւորգյանն է։ Հեռախոսը «ապրեդելիտելով» էր։ Սոսն էլ խոստացել էր, թե՝ «բեր, կսարքեմ»։ Որոշ ժամանակ անց Սոսը վերադարձնում է հեռախոսը լրիվ անաշխատունակ վիճակում։ Գոհար Գեւորգյանի համար սա մի չտեսնված բան էր. հեռախոսն իր համար հացի գրքույկի պես բան է, երբ տանը չի լինում, հաճախորդներին հեռախոսն էր պատասխանում։ Տիկին Գոհարը հեռախոսը վերադարձնում է եւ պահանջում այն վերանորոգել։ «Որոշ ժամանակ անց գնացի արհեստանոց, տեսնեմ՝ հեռախոսս անփույթ վիճակում ընկած էր, բայց ես մտածում էի, ոչինչ, կսարքի, կտա»։ Սակայն օգոստոսից ամիսներ էին անցել, իսկ հեռախոսը չկար ու չկար։ Գ. Գեւորգյանը դիմում է Կենտրոնի ՆԳ բաժին, եւ ոստիկանները հայտնաբերում են «անհետացած վարպետ Սոսին»։

Վերջինս երդում է ուտում, որ կարճ ժամանակում հեռախոսը վերանորոգված վիճակում կվերադարձնի տիրոջը։ Որոշ ժամանակ անց, երբ տիկին Գոհարն արդեն գիտեր հեռախոսի գտնվելու աշխարհագրական վայրը եւ Սոսի հեռախոսահամարը, զանգահարում է նրան եւ զրուցում քրոջ՝ Գոհար Սամսոնովնայի հետ։ Այստեղ արդեն հեռախոսի տիրուհուն նոր անակնկալ էր սպասում. «Գոհար Սամսոնովնան հեռախոսազրույցի ժամանակ ինձ սպառնում էր պաշտոնական ատյանների միջոցով պարզել իմ իրավունքները հեռախոս ունենալու մասին։ Նա պահանջում էր պատասխանել իր այն հարցին, թե ինչպես ես սոցիալապես անապահով վիճակում պատրաստվում էի վճարել հեռախոսի վերանորոգման համար պահանջվող բավական մեծ գումարը»։

Շնորհավորելով հեռախոսի վարպետին եւ նրա քրոջը՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոնի առթիվ՝ տիկին Գեւորգյանը հիշեցնում է, որ «Ձեր եւ Ձեր եղբոր քմահաճությամբ ես հնարավորություն չունեմ ծառայեցնել հեռախոսասարքը, որը գտնվում է Ձեզ մոտ։ Սարքը հնարավորություն ունի ֆիքսել կարեւոր նշանակություն ունեցող հեռախոսազանգեր»։ Ամեն դեպքում որոշեցինք լսել նաեւ մյուս կողմին՝ Գոհար Սամսոնովնային եւ նրա եղբորը՝ Սոսին։ Ըստ նրանց՝ Գոհար Գեւորգյանը նախ ներկայացել է որպես Գայանե։ Սոսին տալով անսարք հեռախոսը՝ նա ներկայացել է որպես Խթը-ի աշխատող եւ խնդրել ճշտել՝ հեռախոսը «ժուչոկ» ունի՞, թե՞ ոչ։ Երբ Սոսը փակել է իր արհեստանոցը, փորձ է արել գտնել Գոհարին եւ մի օր պատահաբար նրան հանդիպել է ԳՈՒՄ-ի շուկայի մոտ՝ կարտոֆիլ վաճառելիս։ Դեռ հեռախոսը ետ չտված՝ նրա բնակարան են գալիս ՆԳ աշխատակիցները՝ Գոհար Գեւորգյանի բողոք-դիմումը ձեռքներին։ ՆԳ մայորը, Սոսն ու նրա քույրը գնացել են «տուժողի» տուն՝ հեռախոսը վերադարձնելու։ Նա տանը չէր։ Պարզվել է, որ ամենեւին էլ դիստրիբյուտոր չէ։ Սակայն այս գործում դա չէ էականը։ Գոհար Գեւորգյանը պահանջել է նորոգ վիճակում վերադարձնել հեռախոսը, որը, նրա կարծիքով, արժե 100 դոլար։

Բանը հասել է նրան, որ Սոսը «Ինտերնետից» գտել է իր հաճախորդուհու հեռախոսի սխեման եւ այժմ չարչարվում է նորոգելու վրա։ Ի դեպ, նախապես պայմանավորվել են, որ սարքված հեռախոսի դիմաց Գոհար Գեւորգյանը պետք է 4000 դրամ վճարի։ «Առավոտն» այս փոքր-ինչ զավեշտական պատմությունը տպագրում է՝ ակնկալելով, որ Գոհար Սամսոնովնան ամեն դեպքում կհրաժարվի իր մտքից՝ ճշտելու, թե սոցիալապես անապահով խավին պատկանող Գոհար Գեւորգյանն ինչ միջոցներով է ձեռք բերել որոշիչով հեռախոսը (որն, ի դեպ, ամենեւին էլ թանկ հաճույք չէ), իսկ վերջինս էլ հեռախոսը ստանալուց հետո կվճարի Սոսին հասանելիք 4000 դրամը եւ կդադարի նրան հետապնդել։

Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031