Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԺԵ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ, ՔԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՄԵՌՆԵԼ

Հունվար 20,2001 00:00
900

ՀՀ վիճակագրության նախարարությունը Հայաստանի ընտանիքների շրջանում հարցումներ է անցկացրել՝ պարզելու հայ ընտանիքի միջին սպառողական զամբյուղի արդի «պարունակությունը»։ Սննդամթերքի միջին պարենային զամբյուղը պարունակում է 2100 կալորիա, որը համապատասխանում է միջազգային միջին նորմերին։ Բնակչության զգալի մասի սննդում դարձյալ գերակշռողը կարտոֆիլի ու հացի բաղադրատարրերն են։

Այսօրվա պարենային զամբյուղը 15-20 տարի առաջվա զամբյուղի հետ համեմատելու դեպքում ունենք հետեւյալ պատկերը։ Նախկինում յուրաքանչյուր մարդ տարեկան միջին հաշվով սպառում էր 50 կգ միս, ներկայումս միջին հաշվով 2,5 անգամ պակաս։ Իսկ ՀՀ նախագահը 1998 թ. Ազատության հրապարակում ունեցած նախընտրական ելույթում (29.3.1998 թ.) խոստացավ՝ «Ժողովուրդ, առաջվանից էլ լավ եք ապրելու»՝ նկատի ունենալով «դեմիրճյանական Հայաստանի» տարիները։ Սոցիոլոգիական հետազոտությունը ցույց է տալիս, որ մեկուկես անգամ ավելացել է հացի եւ հացամթերքի սպառումը։

Գյուղական ընտանիքներում եկամուտների 32 տոկոսը ստացվում է գյուղմթերքների ու անասունների վաճառքից, եւ նրանց համար կտրուկ նվազել են վարձու աշխատանքից ստացվող եկամուտները։ Հայաստանյան ընտանիքների ամսական միջին եկամուտների միայն 24 տոկոսն է ստացվում վարձու աշխատանքից։ Եկամուտների 15-19 տոկոսը ստացվում է հարազատների օգնություններից։ Ընտանիքների եկամուտների կազմում 10-ական տոկոս են կազմում միջազգային կազմակերպություններից եւ պետությունից ստացվող օգնությունները։

Պարզվում է, որ մեր երկրի ընտանիքներում եկամուտների, միջին հաշվով, 67 տոկոսը ծախսվում է սննդի վրա, 13-ական տոկոսը՝ ծառայությունների եւ ոչ պարենային ապրանքների սպառման վրա, 1-1,5 տոկոսը՝ ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների վրա։ Հարսանիքների վրա ընտանեկան միջին ծախսը կազմում է 400 դոլար, իսկ ունեւորներինը՝ 1500 դոլարից ոչ պակաս։ Թաղման արարողությունների միջին ծախսը կազմում է 800 դոլար։

ՀԱՅԿ ԹՈՐԳՈՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031