Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վտանգված է անվճար հիվանդանոցների կարգավիճակը

Հունվար 20,2001 00:00

Ո՞ՒՄ ՎՐԱ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ Վտանգված է անվճար հիվանդանոցների կարգավիճակը Սկզբում՝ կուլիսներում, այժմ՝ աստիճանաբար բարձրաձայնելով, առողջապահության համակարգում խոսում են նոր էքսպերիմենտի մասին. սոցապ նախարարության կազմած ցուցակներով հանրապետության 700 հազար անապահովներ 2001թ. ընթացքում կստանան բուժսպասարկում տարբեր բուժհիմնարկներում։ Իսկ ինչ եղավ հին էքսպերիմենտի հետ. անցյալ տարի օգոստոսի 1-ից մինչեւ տարեվերջ 2 հիվանդանոց Երեւանում եւ մեկը՝ Գյումրիում դարձան անվճար։ Այն ժամանակ ՀՀ ԱԺ առողջապահության, սոցիալական հարցերի եւ բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանն ասաց, որ «անվճարն ավելի է տալիս բյուջեի փողերի նպատակային օգտագործման հնարավորություն, քան պետպատվերը։ Պետպատվերը որոշ դեպքերում փոշիացնում է՝ առանց այն էլ քիչ գումարները» («Առավոտ», 2 փետրվարի, 2000թ.)։ Այն ժամանակ անվճարին անցնելու հիմնավորումը «գումարները չփոշիացնելն է»։ Հիմա, ինչպես հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության բուժվարչության պետ Հայկ Դարբինյանը, առողջապահության պետական գործակալության հետ համատեղ հանձնաժողով է ստեղծվել, որն ուսումնասիրում է այդ 6-ամսյա էքսպերիմենտի արդյունավետությունը։ Սակայն սրա դադարեցման եւ մի ուրիշի մեկնարկի մասին արդեն իսկ խոսվում է։ (Ավելին, կառավարությունն արդեն որդեգրել է վերոնշյալ 700 հազար անապահովների մասին նոր մոտեցումը)։ Մինչ նրանք ուսումնասիրում են, «Առավոտ» են դիմում անապահովներ, որոնք այլեւս զրկված են անվճար հիվանդանոցներում բուժվելու հնարավորությունից։ Մենք դիմեցինք Համալսարանական թիվ 1 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արտավազդ Սահակյանին։ Վերջինս հայտնեց, որ անապահով հիվանդները շարունակում են գալ իրենց հիվանդանոց։ Սակայն այլեւս անհնար է դառնում նրանց սպասարկելը. վերջին անգամ ստացել են 2000թ. նոյեմբերի կատարողականի դիմաց, այն էլ 14 մլն՝ 20 մլն դրամի փոխարեն։ Իսկ ընդհանրապես, այս ծրագրի շրջանակներում օգոստոսից մինչեւ այսօր հիմնարկը 2000 հիվանդի է սպասարկել։ Այս եւ Համալսարանական մանկական հիվանդանոցը սպասարկում էր ոչ միայն Երեւանի, այլեւ Արարատյան դաշտի, իսկ Գյումրիինը՝ նաեւ ամբողջ Շիրակի անապահովներին։ Հիմա նրանք, ինչպես ընտանեկան նպաստների մեկնարկի ժամանակ, պետք է «արեւ-աստված» երդվեն եւ պեղեն-հանեն հնարավոր բոլոր փաստաթղթերը՝ համալրելու 700 հազարի բանակը։ Վերոնշյալ՝ պետական նպատակային ծրագրի դադարեցման տրամաբանական պատճառաբանության համար դիմեցինք ՀՀ առողջապահական պետական գործակալության Երեւանի տարածքային վարչության պետ Խաչիկ Քոլոզյանին։ «Ամբողջ բյուջեն թերակատարվում է (նկատի ունի հանրապետականը- Ա. Գ.)։ Առողջապահական համակարգից միայն այս (անվճար հիվանդանոցների- Ա. Գ.) եւ շտապօգնության ծրագիրն է, որ ֆինանսավորվել է»,- ասաց նա։ Իսկ ծրագրի արդյունավետ լինել-չլինելու մասին հարցն այս պատասխանը ստացավ. «Ում էլ 100%-ով տանք (գումարները- Ա. Գ.), ամենալավը կլինի։ Իրենց առաջնահերթություն ենք տալիս, մյուսներում որակը ընկնում է»։ Ահա՛, թե որտեղ է թաղված շան գլուխը։ Ինչպես եւ ծրագրի մեկնարկի սկզբում կանխագուշակում էինք, պետբյուջեից մասնակիորեն ֆինանսավորվող բուժհիմնարկներից շատերն են դժգոհ, որ մի ուրիշը 100%-ով է ֆինանսավորվում։ Այդ ի՜նչ լավ են վերջիններիս տերերը կառավարությունում մի քանի հոգու «թափ տվել», որ նրանք որոշել են վերադառնալ հին ձեւին՝ պետպատվերին, միայն թե դրան նոր՝ «700 հազարի» շապիկը հագցրած։ «Կարելի՞ է ասել, որ այդ էքսպերիմենտը տապալվեց»,- մեր հարցին բուժվարչության պետ Հայկ Դարբինյանը պատասխանեց. «Չի՛ կարելի ասել»։ Իսկ այս ծրագրին ոչ թե փող չեն տալիս, այլ փող չկա, որ տան՝ գտնում է պրն Դարբինյանը։ Իսկ մենք գտնում ենք, որ այդ չեղած փողը կցրեն բոլոր բուժհիմնարկներով, որոշ ժամանակ հետո կհասկանան, որ այդպիսով դժվարանում է (իրենք կասեն՝ անհնար է) այն արդյունավետ ծախսելը վերահսկելը եւ դրա «փոշիացումը» թույլ չտալու նպատակով կմեկնարկի նոր՝ ավելի «արդյունավետ» էքսպերիմենտ։ Իսկ մենք՝ ճագարներս, միեւնույն է, ինչ էքսպերիմենտ էլ լինի՝ դիմանում ենք։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել