«Մենք դաս տվեցինք մյուս կուսակցություններին» Ասում է Արշակ Սադոյանը եւ պնդում, թե պետք է հանրաքվե անցկացնել հուլիսին Արշակ Սադոյանը երեկ լրագրողներին խնդրեց, որ «որոշակի ձեւով ավելի լայն լուսաբանվեր առաջիկայում կառուցվածքային փոփոխություններ անելու անհրաժեշտությունը»։ Նրա ասելով, դեռ հույս կա ժամանակացույցով աշխատելու եւ, եթե խորհրդարանի աշխատանքային առաջին օրերից լծվեն փոփոխություններին, ապա արդեն ապրիլին կկարողանան ներկայացնել իշխանության կառուցվածքի փոփոխությունները նախատեսող փաթեթը։ Ըստ Արշակ Սադոյանի, Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն արդեն հուլիսի 5-ին հնարավոր կլինի անցկացնել։ Արշակ Սադոյանի առաջարկը նույնն է՝ «Հայաստանը բաժանել 25 մարզի կամ շրջանի, մեկական ներկայացուցիչ Գյումրիից եւ Վանաձորից, մոտ 5 ներկայացուցիչ Երեւանից։ Եթե կան տարածքից ընտրված պատգամավոր եւ կուսակցության ցուցակով ընտրված պատգամավոր, նրանց ֆունկցիաները նույնը լինել չեն կարող»։ Կուսակցական ցուցակով ընտրված պատգամավորները պետք է կառավարություն կազմեն, իսկ մեծամասնությամբ ընտրվածները պետք է տարածքային ֆունկցիաներ իրականացնեն։ Սադոյանը կրկին պնդում է, որ պետք է Սահմանադրական փոփոխություններ կատարվեն։ Նա անտեղի է համարում այն պնդումները, թե քանի որ մարդահամար չի անցկացվել, ուրեմն հանրաքվե հնարավոր չի լինի անցկացնել. «Ընտրությունները ոնց որ անցկացնում էինք, այդպես էլ հանրաքվեն կանցկացվի»։ Եթե առաջնորդվենք Ա. Սադոյանի ժամանակացույցով, սեպտեմբեր-հոկտեմբերին արդեն կունենանք ընտրությունների գնացող այնպիսի կուսակցություններ, որոնք պետք է առաջարկեն Քառամյա ծրագիր. պլան՝ երկիրը վիճակից հանելու։ Եթե այս ամենը տեղի ունենա, ըստ Ա. Սադոյանի՝ «դեռ հույս կա, որ 2002թ. կմտնենք նոր որակով, նոր իշխանություններով»։ Պրն Սադոյանը հասավ դեղերի գործին։ Ասաց, որ դեղերի գինը բարձրանում է եւ «ո՞վ է դրա համար պատասխան տալու»։ Ինչպե՞ս թե՝ ով, պրն Սադոյան, նաեւ պատգամավորները, քանի որ իրենք տարեվերջին ընդունեցին դեղերի մասին համապատասխան չարաբաստիկ օրենքը։ Հիմա ինչո՞ւ իզուր զարմանալ։ Կրկին բյուջեի մասին խոսելով, Արշակ Սադոյանն ասաց, որ սա կառավարության գործունեության ստվերայնությունն ապահովող բյուջե է. «Դիտմամբ այնպես են ներկայացված թվերը, որ կառավարությունը կամ նախագահը ինչ ուզեն՝ անեն»։ Արշակ Սադոյանը, ինքն էլ զգալով, որ «մի քիչ շեղվեց», խնդրեց՝ մեր հարցերն ուղղենք իրեն, ընդ որում՝ «հազարամյակի հետ կապված»։ Վերջինիս հետ կապված հարցը կրկին սադոյանական թեմաներով էր. «Եթե ԱԺ-ն պետք է ցրվի եւ նոր ընտրություններ լինեն գործող Սահմանադրությամբ, դա ուղղակի հանցագործություն է։ Գործող Սահմանադրությամբ պպզողներին փոխել թքողներով, թե ոնց, սա արդեն նպատակ չէ»։ Նպատակը պետք է լինի փոխել իշխանության կառուցվածքն այնպես, որպեսզի իշխանության եկողները ներկայացնեն ժողովրդին, թե 4 տարում ի՞նչ են անելու։ Եթե չանեն՝ կրկին պետք է ցրվեն ու նոր ընտրություն անցկացնեն։ Իսկ այսօր ունենք «երկիր, որտեղ պարզ չէ՝ Ռ. Քոչարյանը ծրագիր ունի՞, թե՞ չունի։ Հիմա ո՞ւմ ծրագիրն է իրականացվում»,- հարցնում է Սադոյանը եւ ինքն էլ չի գտնում պատասխանը։ Պատասխանելով լրագրող Արմեն Հակոբյանի հարցին՝ «հնարավո՞ր է՝ փոփոխություններ լինեն ԱԺՄ-ում», Արշակ Սադոյանը «նախանձով» ասաց. «Իսկապես, լավ կուսակցություն ունեք, հազարամյակից-հազարամյակ եք համագումար անցկացնում»։ Հետո պրն Սադոյանն ասաց, որ իրենք իզուր չեն ԱԺՄ կոչվում. «Մենք ոնց որ թե դաս տվեցինք մյուս բոլոր կուսակցություններին, փորձելով ներկայացնել, թե ինչ է նշանակում իսկական ժողովրդավարությունը, երբ կուսակցությունը իր դժվարությունները հանեց ժողովրդի աչքի առջեւ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ