Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎ՝ ՈՒՄ

Հունվար 20,2001 00:00
bruncq

«Ազատամարտի վետերանների միության» անդամները երեկ միտինգ էին կազմակերպել կառավարության շենքի առաջ՝ ՀՀ վարչապետի ուշադրությունը «կառավարության նախկին եւ ներկա անդամներ Գագիկ Պողոսյանի եւ Անդրանիկ Մանուկյանի կողմից գործող օրենսդրության դեմ ոտնձգությունների փաստերին» հրավիրելու։ Բանն այն է, որ «արցախյան ազատամարտի նվիրյալ, փառապանծ բռնցքամարտիկ, սպորտի վաստակավոր վարպետ, ժողովուրդների բարեկամության շքանշանի ասպետ, ՀԱՕԿ-ի գործկոմի եւ Վանաձորի ավագանու անդամ, նախորդ դարի հայ 20 լավագույն մարզիկներից մեկը»՝ Սամսոն Խաչատրյանը, 10 տարիների գործազրկությունից հետո, 99-ին նշանակվել է ՀՀ պետեկամուտների նախարարության մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի բաժնի պետ։ 2000-ի հունիսին, սակայն, պետեկամուտների նախկին նախարար Գ. Պողոսյանը «այլ աշխատանքի անցնելու կեղծ պատճառաբանությամբ՝ նրան ազատել է զբաղեցրած պաշտոնից»։

Սամսոն Խաչատրյանը դիմել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, ուր օգոստոսին բավարարվել է նրա հայցն՝ ընդդեմ ՀՀ պետեկամուտների նախարարության։ Ս. Խաչատրյանը վերականգնվել է նախկինում զբաղեցրած պաշտոնում։ Գագիկ Պողոսյանը, սակայն, իր հրաժարականից անմիջապես առաջ, 2000-ի հոկտեմբերի 25-ին, նրան դարձյալ ազատել է զբաղեցրած պաշտոնից։ Ս. Խաչատրյանը դարձյալ դիմել է վերոնշյալ դատարան, որը 2000-ի դեկտեմբերի 27-ին ընդունած վճռով դարձյալ բավարարել է նրա հայցը, սակայն Ս. Խաչատրյանը մինչ օրս վերականգնված չէ։ Սամսոն Խաչատրյանից «Առավոտը» փորձեց ճշտել, թե «ԱՎՄ» յուրաքանչյո՞ւր անդամի շահերն են այսպես՝ միտինգներով պաշտպանվում. «Իմ դեպքում միտինգ են անում, որովհետեւ իմ իրավունքները երկրորդ անգամ են ոտնահարվում»։

Միտինգով, ըստ պրն Խաչատրյանի, նրանք պարզապես դիմում են տվյալ պաշտոնյաներին. «Զգաստացեք, էս ժողովրդի հերը մի անիծեք»։ Եթե անգամ միտինգից հետո «ԱՎՄ» անդամին աշխատանքի չվերականգնեն, Սամսոն Խաչատրյանն այս երկրում իր անելիքը սպառված կհամարի եւ կգնա Հայաստանից։ Վարչապետն ընդունեց միտինգավորներից երկուսին, վերցրեց իրեն ուղղված նամակը եւ խոստացավ մինչեւ երեկո իր մոտ կանչել պետեկամուտների նախարարին եւ կասի, որ ենթարկվի օրենքին։ Պետեկամուտների նախարարությունից «Առավոտը» ճշտեց, որ պետեկամուտների նախկին նախարար Գագիկ Պողոսյանը Սամսոն Խաչատրյանին աշխատանքից ազատել է «աշխատանքը պատշաճ մակարդակով չկատարելու համար, օպերատիվ իրավիճակին չի տիրապետել, կոլեկտիվում անհանդուրժողականության մթնոլորտ է տիրել, ավելացել են մաքսանենգության դեպքերը» եւ այլն։

Ըստ պետեկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանի՝ ինքը պատրաստ է կատարել օրենքի պահանջները։ Սակայն «բոլորն էլ գիտեն, թե ոնց են մտնում այս համակարգ՝ հաշվի չեն առնվում գիտելիքները, աշխատանքի փորձը, որակը։ Այդ իսկ պատճառով փետրվարի 8-ին մենք ատեստացիա ենք անցկացնելու»։ Ատեստացիան կարող է անցնել նաեւ Սամսոն Խաչատրյանը եւ դեռեւս Սմբատ Այվազյանի օրոք աշխատանքից ազատված, սակայն դատարանի վճռով վերականգնված եւս 37 հոգի։ Պրն Մանուկյանը չի կարող այս պահին վերականգնել «ԱՎՄ» նշյալ անդամին, քանի որ օրենքի համաձայն նրան պետք է վերականգնի համարժեք պաշտոնի։ Իսկ այդ պաշտոնը թափուր չէ. «Եթե ես աշխատանքից ազատեմ մեկին, մյուսին նշանակեմ նրա տեղում, հիմա էլ դատարան կդիմի նոր ազատվածը։ Անելանելի վիճակում եմ»։

Անդրանիկ Մանուկյանին հիշեցրինք, որ դատարանի վճիռը չկատարելու համար նրան ՀՀ Քրօր-ի 137 հոդվածով սպառնում է կամ 1 տարի ազատազրկում, նվազագույնը՝ պաշտոնանկություն։ «Թող դատեն, բայց ես ի՞նչ անեմ, ոչ մի մեղք չունեմ։ Անելանելի վիճակում եմ»։ Պրն Մանուկյանը հավատացրեց, որ եթե պրն Խաչատրյանը համաձայնվի աշխատել ավելի ցածր պաշտոնում, ասենք՝ որպես տեսուչ, նրան աշխատանքի տեղավորելու ոչ մի բարդություն չի լինի։ Այդ աշխատանքում թափուր տեղեր դեռ կան։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031