Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂՆԵՐՆ ՕԳՏԱԿԱՐ ԵՆ

Հունվար 19,2001 00:00

ԼՐԱԳՐՈՂՆԵՐՆ ՕԳՏԱԿԱՐ ԵՆ Խոսքի եւ մամուլի ազատությունն իրացնելիս, զանգվածային լրատվության միջոցներն իրավունք ունեն արտահայտելու իրենց կարծիքը, իրենց հետեւություններն անձի մեղավորության կամ անմեղության վերաբերյալ։ Ուստի, միանգամայն անհիմն է այն պատճառաբանությունը, թե իբր դրանք հակասում են անձի անմեղության կանխավարկածին կամ կարող են կանխորոշել դատարանի որոշումը։ Նման անհիմն դատողության դեպքում ստացվում է, որ դատախազն ու քննիչը նույնպես մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը իրավունք չպետք է ունենան մեղադրական եզրակացությունում պարտադիր կարգով նշելու, որ անձը մեղադրվում է քրեական օրենսգրքի որոշակի հոդվածով։ Իրականում դա բոլորովին էլ չի նշանակում անմեղության կանխավարկածի ոտնահարում, քանզի անձին մեղավոր ճանաչելու մենաշնորհը պատկանում է միայն ու բացառապես դատարանին։ Մամուլը դատարանների աշխատանքի մասին հասարակությանը իրազեկ պահելու առաքելություն ունի։ Ուստի դատավորները լրատվության միջոցներին չպետք է կամայականորեն զրկեն տեղեկություն ստանալու հնարավորությունից։ Որքան հաճախ լրագրողները ներկա գտնվեն դատական նիստերին ու հրապարակեն դրանք, այնքան ավելի անաչառ ու անկողմնակալ կլինի դատավարությունն ու դատական ակտը, կպաշտպանվի դատական քննության հրապարակայնության սկզբունքը։ Ի դեպ, ՌԴ գերագույն դատարանը օգտակար է համարել հասարակության եւ մամուլի ներկայացուցիչների մասնակցությունը դատաքննություններին։ Շ. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել