Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՐԻ ԳԻՆԸ

Հունվար 19,2001 00:00

ՋՐԻ ԳԻՆԸ «Երեւանի ջրմուղ-կոյուղի» ընկերությունը դիմում-նամակներով մայրաքաղաքի 24-ժամյա ջրամատակարարմամբ շահեկանորեն առանձնացող 50 շենքերի եւ 400 սեփական տների բնակիչներին ծանուցել է, որ եթե առաջիկայում եւս նրանք չմուծեն ջրամատակարարման համար նախատեսված գումարները, ապա ընկերությունը ստիպված կլինի զրկել նրանց օրուգիշեր հոսող ջուր ունենալու հաճույքից։ Այս կտրուկ միջոցներին դիմելը թելադրված է «Երեւանի էլեկտրացանցից» ստացված նույնքան կտրուկ բաց նամակով, որում նրանք ջրամատակարարներին նախազգուշացնում են, որ մինչեւ հունվարի 17-ը էլեկտրականության դիմաց ունեցած պարտքերը չմարվելու դեպքում ստիպված կլինեն հոսանքազրկել համակարգը։ Այս պարագայում ջրմուղը չի կարող աշխատեցնել պոմպերը եւ ջրամատակարարումն ինքնին կխաթարվի։ Այսպիսով, ջրի վարձավճարների գանձումը շարունակում է մնալ «Երեւանի ջրմուղ-կոյուղու» գերխնդիրը։ Ըստ ընկերությունը ներկայումս շահագործող եւ տնօրինող իտալական «Էյ Յութիլիթի» ընկերության ղեկավար Ռիչարդ Ուոլկինգի, եթե նախորդ տարի, մինչեւ իտալացիների գալը, վարձավճարները գանձվում էին նախատեսվածի 12%-ի չափով, ապա արդեն դեկտեմբերին՝ 30%։ Չնայած պրն Ուոլկինգի գնահատմամբ, դա էլ ծայրահեղ փոքր թիվ է։ Միայն շատ հետաքրքիր է. մեր էներգետիկները, որ այդքան խիստ ու անզիջում են, կանոնավոր մուծո՞ւմ են ջրի եւ էլեկտրականության դիմաց, թե՞ առաջնորդվում են մեր պետության քաղաքականությամբ՝ ես քեզ ամիսներով աշխատավարձ, թոշակ ու նպաստ չեմ տա, բայց դու չհամարձակվես ոչ մի օր ուշացնել հեռախոսի, էլեկտրականության կամ ջեռուցման վարձը։ Մ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել