Հայրն աղջկան ուղարկում էր փողոց՝ պոռնկությամբ վաստակելու իր օրվա հացը
Երեւանի Սարի թաղ կոչվող թաղամասում է ապրում Գալստյանների ընտանիքը՝ հայրը, մայրը, 15 տարեկան աղջիկը եւ 13 տարեկան տղան։ Ընտանիքի հայրը՝ Մ-ն, անկարող էր վաստակել օրվա հացը, եւ դա նրան դարձրել էր անսովոր դաժան։ Օրեցօր բարդանում էր վիճակը՝ հացի խնդիր, շարունակ վեճեր, նյարդային լարվածություն։ Նրա մեջ ջնջվել էր հայրը, մնացել էր զուտ պարտավորվածությունը՝ ծանր ու ճնշող։ Այդ օրը Մ-ն հարբած էր: Չգիտես՝ դա՞ էր պատճառը, թե՞ այդ օրն էլի չէր հաջողվել ինչ-որ բան վաստակել. նա սոսկալի զայրացած ներս մտավ, սկսեց կշտամբել կնոջը՝ անիծելով աշխարհը, իր բախտն ու ծնունդը։ «Վզիս եք նստած, ուտել եք ուզում՝ աշխատե՛ք»։ Հոր խոսքերն ուղղված էին աղջկան։ Տղան ներս էր մտել այն պահին, երբ հայրը քրոջ թեւից բռնած դուրս էր շպրտում ու հետն էլ հայհոյում նրան։ Մայրը աղջկան հարեւանի տուն ուղարկեց, մինչեւ ամուսինը հանդարտվի։ Տղայի համար էլ դրսում ավելի լավ էր։ «Տուն չէի ուզում մտնել, անընդհատ կռիվ էր»,- պատմում է նա։ Վեճի, հայհոյանքի, սպառնալիքի մեջ անցնող օրերը ոչ մի լավ բան չէին խոստանում։
Մի քանի օր անց հայրը դարձյալ տուն եկավ մռայլ տրամադրությամբ։ Ճաշի ժամանակ սկսեց էլի հայհոյել ու բողոքել, որ իրեն չեն հասկանում, չեն օգնում, որ բոլորը միայն ուտող բերան են… Ո՞վ օգներ. մայրը հիվանդ էր, տղան էլ մանր-մունր գործեր էր անում։ «Ինչ կարողանում էի՝ անում էի, բայց դե ինչ…»,- արդարանում է նա։ Հոր սպասելիքները աղջկանից էին։ Նա գտնում էր, որ տասնհինգամյա աղջիկը կարող է փող աշխատել, եթե վաճառի իրեն, ընտանիքը մի կերպ կկարողանա գոյատեւել։ Մայրը կծկվել էր անկյունում, աղջիկը լաց էր լինում, ինչը երեւի ավելի էր զայրացնում հորը։ Նա արդեն չէր քաշվում պահանջել, որ աղջիկը փողոց դուրս գա ու պոռնկությամբ կամ ինչպես ուզում է փող վաստակի։ Տղան էլի մեկ-երկու անգամ լսել էր, բայց այդ օրը երեւի ավելի հստակ պատկերացրեց, թե ինչ է պահանջում հայրը։ Սեղանին հացի դանակն էր։ Խնդրեց հորը լռել. էլ ավելի կատաղած ու բոլոր սահմաններն անցած հայրը սկսեց ավելի թունդ հայհոյել ու սպառնալ, թե վաղը ինքն է տանելու աղջկան, որ արդեն բավական է… Իրոք բավական էր. տղան վերցրեց դանակն ու…
Դժբախտաբար թե բարեբախտաբար, հայրը ողջ մնաց։ Նրա կյանքը փրկեցին։ Տղան պիտի կանգնի դատարանի առաջ ու պատասխան տա։ Արդյոք միայն նա՞ պիտի տա պատասխանը։
Կարդացեք նաև
ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ
Հ. Գ. Դեպքը գտնվում է նախաքննության ընթացքում, այդ պատճառով տվյալներն ամբողջությամբ չեն հրապարակվում։