Նորքի 7-րդ զանգվածի մի բնակչուհի (տվյալները խմբագրությունում են) օրերս «Առավոտի» խմբագրություն էր ուղարկել բողոք-նամակ, որից տեղեկանում ենք, որ ջեռուցման դիմաց գրեթե նույն չափով մուծումներ կատարած զանգվածների մի մասը ջեռուցվում է, մյուսը՝ ոչ:
Ըստ նամակագրի, Նոր Նորքի թաղապետ Մկրտիչ Մինասյանը նշված զանգվածները չջեռուցելու հանգամանքը կապել է «բյուջեում գումարը չբավականացնելու» հետ։ Եվ քանի որ չեն կարող այդ շենքերը ջեռուցել, թաղապետը հանձնարարել է վերադարձնել բնակիչների արդեն իսկ հավաքած գումարները։ Բնակիչներն էլ ճարահատյալ կտրում են տարածքի ծառերը։ Նոր Նորքի թաղապետը, որի հետ մեծ դժվարությամբ կարողացանք կապվել, հերքեց ստացված լուրը եւ հաղորդեց 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ եւ 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ զանգվածներից ջերմամատակարարման դիմաց կատարված գանձումների տոկոսները։
Ըստ պրն Մինասյանի, ներկա դրությամբ 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ զանգվածներից գանձվել է ջեռուցման պարտքի 3%-ը, մինչդեռ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 6-րդ զանգվածներից՝ 30%։ Մ. Մինասյանն ասաց, որ բնակիչներից գումար գանձելու նպատակով՝ այժմ մարդկանց հետ հնարավորինս աշխատանքներ են տարվում։
Այնուհետեւ դիմեցինք Երեւանի քաղաքապետարանի «Ջերմային տնտեսություն» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռոբերտ Բուղդարյանին։ Հեռախոսազրույցի ժամանակ Ռ. Բուղդարյանը անմիջապես հերքեց մեր ունեցած ինֆորմացիան՝ այն համարելով սխալ եւ իրականությանը չհամապատասխանող։ «5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-ր զանգվածների մուծումները շատ քիչ են եւ չեն համապատասխանում մեր պայմանին, որը հետեւյալն է. յուրաքանչյուր շենք պետք է ապահովի 7%-ի չափով մուծում»,- տեղեկացրեց պրն Բուղդարյանը։
Կարդացեք նաև
Նա ասաց, որ 7-րդ զանգվածի շենքերի վիճակը, մյուս զանգվածների հետ համեմատած, ավելի ծանր է. «Մուծումներ ընդհանրապես չեն եղել, վճարել են միայն հատուկենտ մարդիկ»։ Պարզվեց, որ ոչ միայն անջատվել է Նորքի 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ զանգվածների շենքերի ջերմամատակարարումը, այլեւ 1-ին, 2-րդ, որոշ չափով նաեւ մյուս զանգվածների շենքերի ջերմամատակարարումը եւս։ Ըստ Ռ. Բուղդարյանի, անջատված է Նորքի 1-ին զանգվածի 1-ին, 4-րդ շենքերի, ինչպես նաեւ 41, 42, 43, 44, 45, 46, 47 շենքերի ջերմամատակարարումը (կմիացվի մուծումները կատարելու դեպքում միայն)։
«Եթե ինքը վճարել է, իրեն թվում է բոլորը վճարել են,- «Առավոտին» դիմած բնակչին անդրադառնալով՝ ասաց պրն Բուղդարյանը։- Որեւէ շենքից մեկ կամ երկու բնակչի վճարումները դեռ բավական չեն ջեռուցում մատակարարելու համար»։ Ինչ վերաբերում է բնակչի կողմից արված հայտարարությանը, թե թաղապետը հանձնարարել է վերադարձնել բնակիչների գումարները, պրն Բուղդարյանը հավաստիացրեց, որ նման խոսակցություն չի եղել. «Եթե այդպիսի բան լիներ, ես կիմանայի, որովհետեւ նման հարցերը նա միշտ ինձ հետ է քննարկում»։ Նա բացառեց նաեւ անտառից ծառ կտրելու հանգամանքը, հաստատելով, որ Նորքի զանգվածներում ոչ միայն անտառ չկա, այլեւ՝ ծառ։
ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ