Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ԱՋ ՁԵՌՔԸ ՉԳԻՏԻ՝ ՁԱԽՆ ԻՆՉ Է ԱՆՈՒՄ

Հունվար 19,2001 00:00
pek

Կառավարությունն առ այսօր չի կարողանում որոշել սահմանում ԱԱՀ հարկվող ապրանքների ցանկը: Կառավարության մի օղակը բացարձակապես անտեղյակ է մյուսի գործունեությունից։ Սա այն դեպքում, երբ այդ օղակների աշխատանքը փոխկապակցված է, եւ միմյանցից անտեղյակությունը, կասկածում ենք, թե արդյունավետ գործունեության հանգեցնի։ Մեզ թվում էր, թե նախարարությունների համապատասխան պաշտոնյաները, եթե ծանոթ չեն, գոնե տեղյակ են կառավարության արդեն ընդունված որոշումներին։ Երեւի բազմաթիվ վարչապետներ տեսած նախարարությունների չինովնիկները լուրջ չեն ընդունում վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ստորագրած որոշումները, այլապես, ինչպես բացատրել նրանց անտեղյակությունը։

Խորհրդարանը ընդունեց հարկային ոլորտին վերաբերող օրենքների փոփոխություններ եւ կառավարության որոշման սահմանմանը թողեց այն ապրանքատեսակների ցանկը, որոնցից ավելացված արժեքի հարկը չի հարկվելու սահմանի վրա։ Թե հատկապես որ ապրանքատեսակները՝ հարցով դիմեցինք ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության լրատվական ծառայությանը։ Համապատասխան վարչության չինովնիկների հետ հարցը ճշտելուց հետո, պատասխանեցին, թե իրենց նախարարությունը ցանկը ներկայացրել է կառավարություն եւ միայն կառավարության որոշումից հետո կարող են հրապարակել այդ ցանկը։

Ավելի մասնագիտական բացատրություններ ստանալու համար լրատվական ծառայության պետը շատ սիրալիր խորհուրդ տվեց դիմել առեւտրի տարածաշրջանային զարգացման վարչության պետ Գագիկ Քոչարյանին։ Պրն Քոչարյանը տեղեկացրեց, որ իրենք ցանկը ներկայացրել են ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը։ Անցած երկուշաբթի՝ օրվա առաջին կեսին նույն այս հարցով դիմեցինք ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայություն։ Ծառայության պետ Հասմիկը նշեց, որ ինքը հարցը կփոխանցի համապատասխան վարչության աշխատակիցներին եւ կաշխատի շատ արագ՝ հաջորդ օրվա ավարտին, պատասխանել հարցին։

Հաջորդ օրվա ավարտին ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից ոչ մի զանգ չստացանք։ Հինգշաբթի օրը, երբ զանգեցինք լրատվական ծառայության պետ Հասմիկին, ասաց. «… Ըհ, ըհ… դեռ պատասխանը չկա, հետո, գիտեք, մերոնք շա՛տ զբաղված են. «ԱԷՄԷՖ-ի» հետ են աշխատում»։ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության չինովնիկներին հիշեցնենք, որ իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, առավել եւս, այս պետության պետական ծառայողներ։ Եվ, իրենց խոսքերով, «ԱԷՄԷՖ»-ի հետ աշխատելուց զատ, պարտավոր են մեկ-մեկ այս պետության ու հասարակության համար աշխատել։

Այս ամբողջ քաշքշուկից հետո դիմեցինք ՀՀ պետական եկամուտների նախարարություն՝ պարզելու համար, եթե հաստատված չէ այդ ցուցակը, ի՞նչ փաստաթղթի հիման վրա են սահմանի վրա ավելացված արժեքի հարկ հարկում (կամ հարկո՞ւմ են, թե՞ ոչ)։ Վերը նշված նախարարությունների պատասխանների (կամ, ավելի ճիշտ, դրանց բացակայության) ֆոնի վրա պետեկամուտների նախարարության պատասխանը, մեղմ ասած, անակնկալ էր։ ՀՀ կառավարության դեկտեմբերի 31-ի թիվ 913 որոշմամբ հաստատվել է ցանկը. «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող մաքսատուրքի 0% դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով չհարկվող այն ապրանքների, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ հարկվում»։

Անհասկանալի է միայն, թե կառավարության այս որոշումից հետո ԱԱՀ-ն սահմանի վրա չհարկվելու ի՞նչ ցանկ են մինչ օրս կազմում նույն կառավարության մասը կազմող ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի ու ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունները։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031