ՀՀԿ խորհրդում առայժմ կարծես հրապարակային որեւէ իրադարձություն չի նախապատրաստվում։
Այս կուսակցության անդամ Ալբերտ Բազեյանը հայտարարեց, որ այսուհետեւ ինքը կվերանայի Հանրապետական կուսակցության հետ իր հարաբերությունները։ Պրն Բազեյանը առայժմ չի ասում՝ դուրս կգա՞ կուսակցությունից եւ նոր կուսակցություն կստեղծի, թե՞ ո՛չ դուրս կգա, ո՛չ էլ նոր կուսակցություն կստեղծի։ Ալբերտ Բազեյանը պարզապես չի թաքցնում, թե իր եւ ՀՀԿ խորհրդի միջեւ որոշ տարաձայնություններ կան։
ՀՀԿ խորհրդի փոխնախագահ, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը դեռեւս ամիսներ առաջ «Միասնության» հնարավոր վերաձեւումների օրերին եւս իր հայտարարություններում չէր թաքցնում, որ ոչ միշտ է ինքը կիսում խորհրդի եւ կուսակցության նախագահի դիրքորոշումը։ Թվում է, թե ինչ-որ իմաստով Տիգրան Թորոսյանը եւ Ալբերտ Բազեյանը պետք է որ համախոհ լինեին։ Բայց զրույցը ԱԺ փոխնախագահի եւ ՀՀԿ խորհրդի փոխնախագահի հետ կարծես թե այլ բան է հուշում։
Ալբերտ Բազեյանն ասաց, որ ՀՀԿ-ն թեպետ գործադիր մարմնում լծակներ ունի՝ վերցրել է գործադիր իշխանության պատասխանատվությունը, բայց ՀՀԿ խորհուրդը համապատասխան լծակներ եւ իրավունքներ չունի եւ, որ ոչ մի կադրային կարեւոր հարց կուսակցության խորհրդում չի վճռվում։ Խորհրդի անդամներն էլ փոփոխությունների մասին թերթերից են իմանում։ Տիգրան Թորոսյանի ասելով. «Բնական է, որ ՀՀԿ-ն, որը պատասխանատվություն ունի այսօր իշխանության գործողությունների համար, պետք է լուրջ դերակատարություն ունենա կադրային քաղաքականության մեջ, բայց քաղաքականության եւ ոչ թե կոնկրետ նշանակումների»։ Բայց կուսակցությունն ունի՞ այդ «լուրջ դերակատարությունը»։ Տիգրան Թորոսյանի ասելով. «այս ուղղությամբ լուրջ անելիքներ կան»։
Կարդացեք նաև
Ժամանակին կուսակցության ներսում մի տեսակ «ընդդիմադիր» կեցվածք ունեցավ ինքը՝ Տիգրան Թորոսյանը, հիմա, կարծես թե, վերջինս հարմարվել է, եւ Ալբերտ Բազեյանն է կարծես ՀՀԿ-ի ներսում այս պահի ընդդիմադիրը. «Նման որակումը, կարծում եմ, տեղին չէ։ Նախկինում էլ ասել եմ իմ պարագայում։ Նախ, եթե սկզբունքային եւ վերջնական տարաձայնություններ կան, պետք է հետեւություններ անել, կարծում եմ՝ նման տարաձայնություններ չեն եղել մեր մեջ։ Իմ գնահատմամբ, պրն Բազեյանն էլ գոնե մինչ այժմ նման տարաձայնություններ չի ունեցել, որովհետեւ դա, ի վերջո, պիտի արտահայտվեր խորհրդի նիստերում։ Ինչ ինձ է վերաբերում. կարծում եմ հարցադրումները, որոնք տրվում են տարբեր հարցերի, հատկապես ծրագրային հարցերի վերաբերյալ, պիտի վկայել, որ այնտեղ, որտեղ խնդիր կա, ես չեմ գնում այն ճանապարհով, որ այդ խնդիրները քողարկվեն»։ Թեպետ Տիգրան Թորոսյանը պնդում է, որ մինչեւ այժմ, համենայնդեպս, Ա. Բազեյանը լուրջ տարաձայնություններ չի ունեցել ՀՀԿ խորհրդի հետ, բայց հիշենք, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի, ընդհանրապես, «Միասնության» վերաձեւավորման հետ կապված խնդիրը, որի մասին խոսեց հենց Ա. Բազեյանը։
ՀՀԿ խորհրդի փոխնախագահն այս մասին ասաց. «Նախ, հարց չի եղել Արմեն Խաչատրյանի պաշտոնանկության, հարցը եղել է «Միասնության» ներսում ճշտում, թե արդյոք երկու կուսակցությունները պատասխանատվություն կրո՞ւմ են որպես ԱԺ-ում մեծամասնություն ունեցող եւ կառավարության հետ անմիջական առնչություն ունեցող կուսակցություններ։ Եվ Ա. Խաչատրյանի պաշտոնանկության հարցը եղել է դրա հետեւանք միայն։ Ես շատ լավ հիշում եմ, որ պրն Բազեյանը ժամանակային առումով այլ տեսակետ ուներ»։ Բազեյանը չթաքցրեց, որ կաշխատի որեւէ ընտրովի մարմնում։ Ասենք, Բազեյանը մայիսին ընտրվեց պատգամավոր։ Հնարավո՞ր է, որ ՀՀԿ խորհուրդը որոշի նրան դարձնել ԱԺ փոխնախագահ։ Այս հողի վրա հակասություններ չե՞ն ծագի Թորոսյանի եւ Բազեյանի միջեւ. «Իմ եւ Բազեյանի՞։ Բայց ինչո՞ւ պետք է ծագեն։ Ընդհանրապես որեւէ մեկի հետ անձնական որեւէ խնդիր չունեմ։ Հայաստանում, դժբախտաբար, վերջին շրջանում մի տխուր ավանդույթ է ձեւավորվում։ Մարդկանց կամ տարբեր խմբերի թվում է, թե որեւէ պաշտոնի որեւէ մեկը եթե եղավ, ժառանգություն է նաեւ ամբողջ կյանքի համար, իր կամ իր մերձավորների համար։ Շատ լավ ճանաչելով պրն Բազեյանին, համոզված եմ, որ նա նման կարծիք չունի եւ ես էլ նման կարծիք չունեմ»։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ