Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱԿԱԼ ՎԱՐԿԱԾԻ

Հունվար 19,2001 00:00
Tigran janoyan

Զանգվածային լրատվամիջոցները անդրադառնալով «հոկտեմբերի 27-ի» առաջիկա դատավարությանը, դրա մեկնարկի տարբեր ժամկետներ են նշում՝ հունվարի 30, փետրվարի սկիզբ։

Երեկ Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերը պաշտպանող փաստաբան Տիգրան Ջանոյանը մեր զրույցի ժամանակ ասաց. «Գործի դատաքննության օրը նշանակված չէ, պաշտոնապես հայտնի չէ նաեւ դատավարության տեղը։ Գոնե դատարանի կողմից այս առնչությամբ պաշտոնական ծանուցում դեռեւս չկա։ Ասել է թե, մնացածը ընդհանուր բնույթի խոսակցություններ են»։ Ե՛վ մեղադրյալների, ե՛ւ տուժողների փաստաբանները, նաեւ դատավարության մյուս մասնակիցներն ուսումնասիրել են գործը։

Մենք փորձեցինք ճշտել պարոն Ջանոյանի վերաբերմունքն այս գործի հանդեպ։ «Մեր մոտեցումներն ու գնահատականներն արդեն ներկայացրել ենք նախաքննական մարմնին։ Մենք համաձայնեցինք, որ գործի այն մասը, որտեղ հանցակազմն ակնհայտ եւ ապացուցված է՝ մեղադրյալների կողմից ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, կրելու, օգտագործելու, մարդկանց ապօրինի ազատությունից զրկելու եւ այլն, դատարան մտնի։ Այս մեղադրանքները «27-ից» հետո 1-2 ամսում ապացուցված էր եւ կարիք չկար դրանք պահել ինչ-որ տասը ամսվա ընթացքում նույն մեղադրանքներով դատարան ուղարկելու համար»։ Միաժամանակ պարոն Ջանոյանը կարծիք հայտնեց, թե՝ նախաքննական այն մարմինը, որը մեղադրականում նշում է, թե հանցագործությունը նախաձեռնել, ղեկավարել եւ կատարել են այդ մի խումբ անձինք, այդ համոզումն ունենալով հանդերձ, չի կարող գործից առանձնացված մասով նախաքննություն կատարել։ Սա ոչ միայն օբյեկտիվության, այլեւ դատավարական հարց է։

Մեր այն հարցին, թե իբրեւ գործի նյութերին քաջատեղյակ փաստաբան, իր կարծիքով «27-ի» ոճրագործության թիկունքում կա՞ն արդյոք կազմակերպիչներ, թե՞ ոչ, պարոն Ջանոյանը խոստովանեց. «Ճիշտն ասած, այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ գործի հիմնական քննությունն ընթանալու է դատարանի դահլիճում։ Կարծում եմ, ցանկացած նախնական դատողություն՝ սխալ է եւ մերկապարանոց։ Մենք մի նպատակ ունենք՝ օրենքով նախատեսված կարգով եւ դրա շրջանակներում ստուգել բոլոր հանգամանքները»։

Մեղադրական եզրակացության մեջ տեղ են գտել ԱԱՆ պաշտոնատար անձանց ցուցմունքները եւ այդ անձինք նաեւ դատակոչվածների ցանկում են։ Մյուս կողմից՝ նրանց ցուցմունքները կարող են վերաբերել նաեւ գործի առանձնացված հատվածին։ «Ես կարծում եմ, որ եթե շատ վարպետորեն խաղարկվի դատարան մտած գործի եւ դրանից անջատված մասի հարցը, մենք կհայտնվենք «հավն է ձվից, թե՞ ձուն է հավից» հայտնի հարցադրման առջեւ։ Այստեղ, իրոք, վտանգ եւ որոշ մտահոգիչ հանգամանքներ կան, սակայն դատարանը, կարծում ենք, սթափ կդատի եւ պայմաններ կստեղծի այս հարցում ճշգրիտ սահմանները որոշելու համար եւ արհեստական պրոբլեմներ չի ստեղծի»։ Տ.Ջանոյանը նկատեց. «Ըստ էության, ամբողջ գործն է ուղարկվում դատարան. մեղադրանքները բավական միանշանակ են եւ վերագրվում են որոշակի շրջանակի։

Մտահոգիչն այն է, որ դատարանը որոշակի իրավիճակում կարող է օգտվել այդ հնարավորությունից եւ խոչընդոտել գործի օբյեկտիվ եւ լրիվ քննությանը՝ պատճառաբանելով, թե դա անջատված մասով է եւ դատարանին չի հետաքրքրում»։ Փաստաբանը նկատեց, թե նախաքննական մարմինը գործից մաս անջատելով դատավարական խնդիր է լուծել ե՛ւ հոգեբանական, ե՛ւ տակտիկական առումով։ Նա հիշեցրեց, որ թեեւ գործի նախաքննությունն ընթանում է, բայց անջատված մասով մեղադրյալները որոշակիացված չեն եւ կալանավորվածներ առայժմ չկան։ Դա է հավանաբար պատճառը, որ ըստ պարոն Ջանոյանի, առանձնացված գործի նախաքննությունը անհեռանկարային է։

Անդրադառնալով այն հարցին, թե փաստաբանները դատավարության ընթացքում ի՞նչ տակտիկա են որդեգրելու, պարոն Ջանոյանն ասաց. «Որոշել ենք հիմնական շեշտադրումն անել գործի հանգամանքների մանրակրկիտ ուսումնասիրության վրա»։ Պարոն Ջանոյանը չցանկացավ որոշակիացնել, թե արդյոք փաստաբանները դատավարության սկզբնական շրջանում որեւէ միջնորդություն ներկայացնելո՞ւ են։ Հասկանալի էր, որ այո, բայց ինչպիսի՝ չասաց։ Նախաքննության ընթացքում կասկածելի հանգամանքներում մահացավ մեղադրյալ Նորայր Թադեւոսյանը, որը հանցախմբին զենքով էր ապահովել: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ նրա կորուստը գործի լրիվ բացահայտման առումով: «Ընդհանրապես ցանկացած կորուստ կարող է ազդել դատական պրոցեսի վրա՝ անկախ նրա դերակատարումից։ Մենք դեռ չգիտենք, թե Նորայր Թադեւոսյանը որքանով առանցքային դեր ունի։ Ես մեղադրյալներից ոչ մեկին դեռ առանցքային չեմ համարում։ Կարող է պարզվի, որ հենց Նորայր Թադեւոսյանն է առանցքայինը եղել եւ հենց այդքանով էլ նրա կորուստը մեծ կլինի»։

ՆԱԻՐԱ ՄԱՄԱԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031