Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ը ՀՆԱՐԱՎՈՐ ԷՐ ԿԱՆԽԵԼ

Հունվար 19,2001 00:00
Nairi hunanyan

Մեղադրական եզրակացությունից մեջբերված մի քանի փաստերով երեկ փորձել էինք ապացուցել, որ պետական հեղաշրջման փորձը ԱԱՆ-ն կարող էր կանխել հոկտեմբերի 27-ից դեռ ամիսներ առաջ։ Գործի մեջ բազմաթիվ են նաեւ փաստերը, որոնք վկայում են, թե ահաբեկչությունը հնարավոր էր կանխել նույնիսկ այդ օրը։ Իհարկե, երկու դեպքում էլ դա հնարավոր կլիներ, եթե ունենայինք բնականոն գործող եւ իսկապես արհեստավարժ իրավապահ կառույցներ։

Ի դեպ, վերջերս աշխուժորեն քննարկվում է այն վարկածը, թե կատարվածը Նաիրի եւ Կարեն Հունանյանների Թուրքիա այցելության հետեւանք էր, եւ, որ հենց դրանից հետո է Նաիրի Հունանյանը սկսել պնդել, թե տիրող ռեժիմը պետք է ուժով տապալվի եւ փորձել է դրա համար գտնել «համախոհներ»։ Եթե դա իսկապես այդպես է՝ հոկտեմբերի 27-ը չկանխելու համար անվտանգության մարմինների պատասխանատվության մասին խոսելու շատ ավելի հզոր փաստարկ է։ Չէ որ այդ ծառայությունները միայն նրա համար չեն, որ հետաքրքրվեն, թե Սերժ Սարգսյանի մոտից ո՞ւր գնաց Արկադի Վարդանյանը, եւ կամ ի՞նչ հեռախոսազրույցներ են ունենում զանազան գործիչներ։ Սակայն հետեւենք, թե 1999-ի մարտից ահաբեկչական գործողությունների նախապատրաստական աշխատանքներ տարած եւ ԱԱՆ-ի կողմից որեւէ կերպ չխոչընդոտված Նաիրի Հունանյանի հանցախումբն ինչ ճանապարհ էր անցել հոկտեմբերի 27-ին։

Շատ է գրվել, որ նրանցից 3-ի մուտքը ԱԺ տարածք թույլատրվել է մեկ անցագրով, առանց անձը հաստատող պատշաճ փաստաթղթի՝ միայն Ազգային հեռուստատեսության վկայականով։ Անուշադրության հետեւանքով նրանց հագուստների տակ քողարկված ինքնաձիգերը չէր նկատել ՆԳՆ պետական պահպանության վարչության կարեւորագույն օբյեկտների պահպանության գնդի ոստիկան Ավետիք Մինասյանը, որն այժմ մեղադրյալի աթոռին է հայտնվել։ Սակայն գրեթե անդրադարձ չի եղել, թե ինչպես էին խորհրդարանի տարածք մտել Դավիթ Բեջանյանը եւ Էդուարդ Գրիգորյանը։

ՆԳՆ պահպանության միավորման օպերատիվ գնդի ոստիկան, ավագ սերժանտ Արմեն Գասպարյանը, որը նույնպես այժմ այս գործով մեղադրյալ է՝ «բաց է թողել ԱԺ տարածքը շրջափակող պարսպի մուտքի դուռը, չի արգելել այդ պահին առանց փաստաթղթի եւ անցաթղթի տարածք մտնող, ինքնաձիգերով ակնհայտորեն զինված Բեջանյանին եւ Գրիգորյանին եւ չի հայտնել այդ մասին հերթապահ մաս, որի հետեւանքով՝ վերջիններս անարգել անցել են տարածքով, մտել ԱԺ վարչական շենք, այնուհետեւ՝ ԱԺ դահլիճ…»։ Արմեն Գասպարյանի ցուցմունքների համաձայն՝ ինքը փորձել էր արգելել, խոչընդոտել նրանց մուտքը խորհրդարան, փակել դարպասը, սակայն չէր հասցրել՝ Դերենիկ Բեջանյանը ոտքով պահելով թույլ չէր տվել։

Ի դեպ, դասակի հրամանատար Արթուր Հակոբյանի ցուցմունքներով, քանի որ ներքին ռադիոկապը լավ չէր աշխատում, դուրս գալով հարթակի վրա՝ ինքը ձեռքի շարժումներով է հանձնարարել Արմեն Գասպարյանին անհապաղ փակել դարպասները։ Լրագրող Աշոտ Դանիելյանի ցուցմունքների համաձայն՝ տեսնելով խորհրդարան մտնող զինյալներին, ոստիկանին հարցրել է ներս թողնելու պատճառը եւ նա պատասխանել է. «Ավտոմատը քաշեց վրաս՝ ես էլ թողեցի»։ Նշենք, որ Արմեն Գասպարյանը Բաղրամյան պողոտայի կողմից ԱԺ-ում հերթապահությունն իրականացրել է անզեն։ Այդ ԱԺ-ի շենքի 1-ին հարկում, կենտրոնական մուտքի մոտ հերթապահող Ավետիք Մինասյանն է միայն զենք ունեցել։ Նա էլ, լսելով, որ նիստերի դահլիճում կրակում են՝ խուճապի է մատնվել, հեռացել իր պահակակետից՝ ինչի հետեւանքով էլ ահաբեկիչներին միացել են Բեջանյանն ու Գրիգորյանը։ Նույն գնդի մեկ այլ ոստիկան, որ հերթապահել է նիստերի դահլիճի դռների մոտ՝ իրենց գումարտակի հրամանատար Միշա Մանուչարյանի առաջարկով դիմել է փախուստի՝ հենց որ «դահլիճ է մտել սպիտակ անձրեւանոցով տեռորիստը»։ Թերեւս նրանց այլ բան չէր էլ մնում՝ նիստերի դահլիճի մոտ հերթապահող բոլոր ոստիկանները նույնպես առանց զենքի են։ Ծանոթանալով այս ամենին, թե ինչպես են ահաբեկիչներն անարգել անցել ԱԺ ամբողջ տարածքով՝ հաստատ է դառնում այն համոզումը, որ Նաիրի Հունանյանն ու իր հանցախումբը կարող էին պատգամավորական ու լրագրողական ամբողջ կորպուսն էլ գնդակահարել՝ նրանց խոչընդոտող չէր լինի։

… Պատմության համար անհարիր են «եթե»-ով սկսվող նախադասությունները։ Այնուամենայնիվ, արժե ոչ պատմության, այլ մեր իսկ համար փորձել պատասխանել այդպես սկսվող գլխավոր հարցերից մեկին։ Այդ հարցը թերեւս հռետորական էլ է՝ արդյոք կլիներ հոկտեմբերի 27-ը, եթե պետական հեղաշրջման նախապատրաստման փուլում, ինչպես նաեւ այդ հանցագործության կատարման անմիջապես նախորդող պահին այն խափանելու, կանխելու հնարավորություն եւ, առավել եւս՝ պարտականություն ունեցող անձինք անփութություն դրսեւորած չլինեին՝ պարտադրված կամ գուցե միտումնավոր…

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031