Հունվարի 23-ին տեղի կունենա Համաշխարհային բանկի վարկային ծրագրով հրատարակվող դասագրքերի հրատարակիչների մրցութային փաթեթների բացման արարողությունը։ Դրան կհետեւի մրցույթի ներկայացված հայտերի ուսումնասիրության գործընթացը եւ պարզ կդառնան այն հրատարակչությունները, որոնք ձեռք կբերեն այս փուլի համար նախատեսված 29 անուն դասագրքերի եւ 14 անուն ուսուցչական ձեռնարկների հրատարակման իրավունքը։ Այս մրցույթով ավարտվում է ՀԲ-ի՝ դասագրքերի վարկային ծրագիրը, եւ այսուհետ մեր պետությունը պիտի հոգա դասագրքերի տպագրության հոգսը՝ ենթադրաբար ծնողներից գանձվող վարձավճարների հաշվին։
Երեկվա դրությամբ, մրցութային փաթեթներ ստանալու համար Կրթական ծրագրերի կենտրոն էր դիմել 12 հրատարակչություն։ Կենտրոնի դասագրքերի ծրագրի ղեկավար Հասմիկ Ղազարյանից տեղեկացանք, որ մինչեւ հունվարի 23-ը հրատարակչությունները դեռ կարող են փաթեթներ վերցնել։ Իսկ թե նրանցից քանիսը մրցույթին մասնակցելու հայտ կներկայացնի, պարզ կդառնա հունվարի 23-ին։
Սեփ. լր.