Օրերս խմբագրությունը Արաբկիր համայնքի մի շարք բնակիչներից բողոք-դիմում ստացավ։ Այն վերաբերում էր Արաբկիր թաղամասի Ադոնցի փողոցի մի քանի շենքերի, որոնք տարիներ շարունակ ջեռուցվել են «ԿանԱԶ» գործարանի կաթսայատան միջոցով, որը բնակիչների հավաստմամբ, կառուցվել է հենց այդ նպատակով, քանի որ տվյալ գործարանում աշխատում են Արաբկիր թաղամասի (հատկապես Ադոնցի փողոցի) բնակիչները։ Բայց արդեն մի քանի տարի է այդ շենքերը չեն ջեռուցվում։
Երբ բնակիչները փորձել են պարզել պատճառը, «ԿանԱԶ» գործարանը մեղքը գցել է թաղապետարանի վրա, թաղապետարանը՝ «ԿանԱԶ»-ի, իսկ արդյունքում տուժում են բնակիչները։ Որոշեցինք ինքներս պարզել պատճառը։ Թաղապետարանի կոմունալ եւ բարեկարգման վարչության պետ Խաչիկ Ղափլանյանն ասաց, որ դա իրենց պարտականությունների մեջ չի մտնում, որ ջեռուցումը պետք է ապահովի «ԿանԱԶ» գործարանը։ Վերջինիս տնօրեն Ռոբերտ Ենգոյանի խիստ զբաղված լինելու հետեւանքով՝ հարցին պատասխանեց նրա քարտուղարուհին։ Նա, բնականաբար, ասաց, որ դա ոչ թե իրենց, այլ թաղապետարանի պարտականությունն է։
Երբ մենք շեշտեցինք, որ թաղապետարանում ասում են, թե ջեռուցման հարցով զբաղվել է եւ պետք է զբաղվի «ԿանԱԶ» գործարանը, քարտուղարուհին վրդովված նշեց, որ դա այդպես չէ, որ այդ հարցը պետք է լուծեր թաղապետարանը եւ «Արմինալ» ձեռնարկությունը։ Բայց ինչ-որ հարցով նրանք համաձայնության չեն եկել եւ հենց նրանց մեղքով բնակչությունը ջեռուցում չունի։
Զանգահարեցինք նաեւ «Արմինալ» ձեռնարկություն եւ փորձեցինք զրուցել կազմակերպության տնօրեն Ալեքսանդր Նիկոլաեւիչ Սմետամինի հետ, բայց երկու օր զանգահարելուց հետո քարտուղարուհին անընդհատ տեղեկացնում էր, որ նա տեղում չէ։ Նա իրո՞ք տեղում չէր, թե՞ խուսափեց հարցին պատասխանել՝ հարց է։ Սակայն մեկը մյուսի վրա մեղքը գցելով եւ հարցազրույցից խուսափելով հարցը չի լուծվում։ Իսկ բնակիչները շարունակում են սառչել եւ չգիտեն, թե ում մեղքով։
Կարդացեք նաև
Ն. ՄՈՎՍԻՍՅԱՆ