Լրահոս
Օրվա լրահոսը

Գիդեր՝ 1700-ամյակի համար

Հունվար 18,2001 00:00
turizm

«Երոտուր» տուրիստական ֆիրմայի նախագահ Ռոբերտ Մինասյանը խոստովանեց, որ Քրիստոնեության ընդունման 1700-ամյակը լավ առիթ հանդիսացավ գիդերի դասընթացներ կազմակերպելու համար։ Բանն այն է, որ տոնակատարության շրջանակներում «Երոտուրը» «Ինտերլինգվա» լեզվագիտական արտոնագրված համալսարանի հետ համատեղ նախաձեռնել է գիդ-թարգմանիչների 4-ամսյա վճարովի դասընթացներ, ուսման վարձը սահմանելով 180 դոլար։ Դրանց մասնակցելու ցանկություն է հայտնել արդեն 60 հոգի։ Դասընթացին կարող են մասնակցել օտար լեզուների իմացություն եւ բարձրագույն կրթություն ունեցող անձինք։

Գիդերի ընդունելության հայտարարությունում գրված է. «Դասընթացները ավարտողներին կտրվի վկայական՝ հաստատված Հայաստանում քրիստոնեության պետական կրոն ընդունման 1700-ամյակի տոնակատարության պետական հանձնաժողովի կողմից։ Դասընթացները ավարտողներին կառաջարկվի աշխատանք՝ Հայաստանում քրիստոնեության պետական կրոն ընդունման 1700-ամյակի տոնակատարության ծրագրերում»։ Բայց Հայաստանի քրիստոնեության ընդունման 1700-ամյակի պետական հանձնաժողովի լրատվականից եւ Ռ.Մինասյանի հետ հարցազրույցից պարզվեց, որ դասընթացը պետության եւ հիշյալ հանձնաժողովի հետ ոչ մի կապ չունի։ Դա անհատ անձանց նախաձեռնությունն է։

Պարզվեց նաեւ, որ գիդերի դասընթացն ավարտողներից ոչ բոլորին կտրվի համապատասխան վկայականը եւ ոչ բոլորին կառաջարկվի աշխատանք վերոնշյալ ծրագրի շրջանակներում։ Բացի այդ, դասընթացն ավարտողների համար քննական լուրջ շրջան է սկսվելու։ Նրանք արտոնագրված վկայական ստանալու համար պետք է քննություն հանձնեն նախ հիշյալ համալսարանում, հետո քրիստոնեության ընդունման 1700-ամյակի հանձնաժողովում, որը վավերացնելու է միայն «լավագույնների» վկայականները։ Մնացածները կստանան գիդի մասնագետի արտոնագիր։

Բայս սա էլ դեռ ամենը չէ։ Ո՛չ ուսումնական հաստատությունը, ո՛չ էլ կառավարական հանձնաժողովը չեն խոստանում նույնիսկ «լավագույններին» ապահովել աշխատանքով։ Դրա համար նրանք պետք է դիմեն Հայաստանում գործող տուրիստական կազմակերպություններին, ուր, միգուցե, բախտը նրանց ժպտա։ Ռ.Մինասյանն ասաց, որ դասընթացներից ստացված գումարները համալրելու են ոչ թե պետբյուջեն, այլ ծախսվելու են դասախոսներին վճարելու, ուսուցանող բուկլետներ հրատարակելու եւ էքսկուրսիաներ կազմակերպելու վրա։

ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031