Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ԻՆՁ ԽԵՂՃՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼ»

Հունվար 18,2001 00:00
benzin

Զանգվածային լրատվության միջոցներով բազմիցս խոսվել է իրար հետեւից բացվող բենզալցման կայանների մասին, որտեղ աղջիկներ են աշխատում։ Առաջ են քաշվել հազար ու մի կարծիքներ, եղել թեժ բանավեճեր, որոնցում բազմիցս ասվել է. «Հայուհուն հարիր չէ Չուլիտո դառնալ եւ բենզին վաճառել»։ Հետաքրքիր է, թե ի՞նչ են մտածում այդ մասին հենց իրենք՝ բենզալցակայաններում բենզին վաճառողուհիները։

Կարինե Ավետյան– Այստեղ եմ աշխատում, որովհետեւ աշխատավարձն ավելի բարձր է, քան այլ վայրերում։ Ունեմ միջնակարգ կրթություն եւ աշխատել եմ իբրեւ վաճառողուհի մի քանի խանութներում։ Այստեղ արդեն 7 ամիս է, ինչ աշխատում եմ։ Ի տարբերություն մյուսների՝ օրական վաստակում եմ 3000-ից 5000 դրամ, չհաշված ամսական հավելյալ վճարումները։ Թերեւս այլեւս չգտնեք որեւէ մեկին այս բնագավառում այսքան վարձատրվող։ Ընդունելով, որ այսօր աղջիկներն այնքան էլ բարի համբավ ձեռք չեն բերում, այնուամենայնիվ, ասում եմ… «Բոլորին մի արշինով մի՛ չափեք»։ Ինձ հետ աշխատում են եւս չորս աղջիկ։ Սակայն նրանցից միայն ես եմ, որ չեմ կատարում հաճախորդների քմահաճույքները։ Երբեմն, երբ խոսակցությունն այլ բնույթ է ստանում, ես պարզապես պատասխանում եմ, որ աշխատանքի մեջ եմ։ Փորձեր են լինում, երբ նախօրոք գրպաններս են դնում կանաչ, ճռճռան դոլարները… Բայց ապարդյուն… Գլուխ չեմ գովում, պարզապես իմ աշխատաոճն է։ Ասում են՝ անհասանելին միշտ էլ գրավում է… Արդյունքում… Շեֆիս խոսքերով, ես՝ կապուտաչյա գեղեցկուհիս, նրա թալիսմանն եմ, հաջողության գրավականը։ Մեծ հասույթներ եմ բերում նրան՝ օրեցօր հարստացնելով նրա դրամապանակը։ Ձեռք ենք բերել մշտական հաճախորդներ, ովքեր խեղդում են ինձ իրենց տեղատարափ հաճոյախոսություններով։ Երազանքներ ունեմ շա՜տ- շա՜տ… Անգամ սպասում եմ կյանքիս ասպետին, բայց ոչ թե սպիտակ ձիով, այլ՝ «Լիմուզինով»։ Իսկ աշխատանքիս մասին պատմեցի ձեզ, որովհետեւ համոզված եմ, որ ոչ մի բենզալցակայանում աշխատող աղջիկ չի կարդում «Առավոտ», ու իմ գործին խփող չի լինի։

Նոնա Մարկոսյան– Աշխատելու հետ մեկտեղ սովորում եմ մասնավոր բուհում։ Կարողանում եմ ինքս հոգալ իմ բոլոր կարիքները. վճարում եմ ուսման վարձը, երբ պարապելու ժամանակ չեմ ունենում՝ գնահատական եմ գնում։ Կուրսում թերեւս լավագույն հագնվողներից եմ, ունեմ շուբա, գեղեցիկ ատամներ, խնամված մազեր եւ մաշկ… Այդ ամբողջը փող է։ Յուրաքանչյուրը մի ձեւով է վաստակում։ Կարեւորը՝ մարմնավաճառությամբ չեմ զբաղվում։ Եթե բենզալցակայանում աշխատելը չի սազում հայուհուն, կարող ա՞ կրկեսի մոտ աշխատողների փեշակն ա սազական…

Սյուզի Մկրտչյան– Շատ հեշտ է փողոցով անցնել, նայել մեր աշխատանքին ու փնովել։ Ասում են՝ ծամոն ենք ծամում, կլիենտների հետ ժարգոնով խոսում, աղջկան անվայել շորեր հագնում։ Էդ փնովողը ծամոն երբեւիցե չի՞ ծամում։ Իսկ ժարգոնով խոսելը մեզանից չի, ավտոյի տերը մեզ հետ գրական խոսեց, մենք ժարգոնո՞վ պատասխանեցինք։ Ողորմած տատս կասեր՝ «Շան կողքը նստողը հաչել պիտի սովորի»…

Սոնա– Ինքս Վեդիից եմ։ Սովորում եմ մանկավարժական ինստիտուտում։ Բենզալցակայանում եմ աշխատում գիշերային հերթափոխության ժամանակ։ Սովորաբար այդ դեպքերում վարձատրությունը կրկնակի է լինում։ Շատ նպատակներ ունեմ, բայց մեջքիս թիկունք չունեմ. ինքս եմ ինձ ապավեն։ Արդեն տիրապետում եմ 3 օտար լեզվի։ Երբ ավարտեմ, նոր միայն կթողնեմ այս աշխատանքը։ Իսկ հիմա գոհ եմ։ Փառք Աստծո։ Աշխատանքիցս չեմ ամաչում։ Երազանքներ էլ շատ ունեմ, սակայն դրանցից մեկը հաստատ անկատար է. երազում եմ «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր հավաքարարի պաշտոնը ստանձնել։ Ամեն առավոտյան կմաքրեմ այգին ու բջջային հեռախոսով կզանգահարեմ վարորդիս։ Վերջինս էլ կգա եւ իմ անձնական օգտագործման «Չիրոկիով» ինձ տուն կտանի…

Հասիկո– Աթար թխողն էլ է կեղտոտվում, չէ՞, բայց հետո լվացվում է։ Որ վրաներիցս բենզինի հոտ է գալիս, չի նշանակում, թե կեղտոտ ենք։ Երբ աշխատանքից հետո հասարակական տրանսպորտով տուն եմ գնում, անուշահոտ յուղերով օծվածները խորշանքով են նայում վրաս։ Չէ՛, չեմ նեղանում։ Իմ աղտոտվածությունը մաքրվող է, իսկ նրանք՝ վերեւից ինձ նայողները, ինչքան էլ «Վանիշ»-ով մաքրվեն, հոգիները երբեք չի մաքրվի։

Ալլա Բաղդասարյան– Ես որբ եմ, աշխարհում ոչ ոք չունեմ։ 3 տարի է, ինչ այստեղ եմ աշխատում։ Հանդիպում էի մի տղայի հետ։ Ինքը ոչ մի վատ բան չէր տեսնում աշխատանքիս մեջ, բայց պնդում էր, որ ամուսնանալուց հետո չեմ աշխատի։ Ես ընդունեցի այդ պայմանը։ Բայց նրա ծնողներն ու բարեկամները «թուր ու թվանքով» ելան իմ դեմ։ Ինձ անառակ էին համարում։ Մի օր մադամ Սոֆին (մայրը) հարցրեց, թե օժիտ ունե՞մ։ Խեղճացած նայեցի։ Չթողեց շարունակեմ, ինքը պատասխանեց. «Ասենք էդ հավաբնում որ ապրում ես, ինչ դնես՝ կնեխի, էլ ուր մնաց ապրանք առնես պահես»։ Մադամ Սոֆի, հիմա օժիտ՝ մեկ սենյականոց բնակարան ունեմ, բայց որ ընկնեք ոտներս՝ ես ձեր տուն հարս չեմ գա։ Աշխատանքս շատ լավն է։ Հոգիս խաղաղվել է… Այլեւս չարացած չեմ։ Այս աշխատանքն էր, որ ինձ այն խեղճությունից բարձրացրեց… Էլ ինչո՞ւ պիտի ամաչեմ։ Կարեւորը՝ մարմնավաճառությամբ չեմ զբաղվում։

ՀՌԻՓՍԻՄԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031