Լրահոս
Օրվա լրահոսը

«Սկենք գաղափարների մեջ»

Հունվար 18,2001 00:00
eph

«Armenia-rabizland»՝ այսպես է գրված Երեւանի պետական համալսարանի գլխավոր շենքի առաջին շատրվանի վրա: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս մակագրությունը հատուկ օտարերկրյա հյուրերի համար է արված՝ տեսարժան վայրի երեւացող տեղում եւ անգլերեն լեզվով: Որքան էլ՝ դառը, բայց սա ճշմարտություն է՝ ո՞ր մեկս կարող է հակաճառել: Կարելի է չհավատալ սրան եւ մտնել նույն ԵՊՀ-ի շենք՝ համոզվելու համար:

Առաջինը, բնականաբար, նայում ես ուսանողներին, որոնք «ռաբիզության» վառ օրինակ են ներկայացնում, հատկապես տղաները: Առավոտյան իրար տեսնելիս՝ «Բարլուս, ախպերս», որից հետո՝ կրքոտ համբույրներ: Նույն արարողությունը՝ հրաժեշտ տալիս. «Դե հելանք, ախպերս, կերեւանք»: Եվ եթե ներկա են երկու կամ տասը տղա, անհրաժեշտ է համբուրել բոլորին անխտիր, թե չէ սա «պրապուսկատ» կհամարվի: Որպեսզի նեղություն չքաշես եւ չասես երկար՝ «Ցավդ տանեմ», կարելի է ասել պարզապես՝ «Ցավը…»: Որպեսզի բոլորին առանձին-առանձին չասես՝ «Ցավդ տանեմ», կարելի է «օբշյակ» ասել՝ «Ցավերով»: Ճիշտ է, մի նյուանս կա՝ տղաները դասվում են «ախպերների», «ընկերների», «մոտիկ տղերքի», եւ ըստ դրա պետք է կողմնորոշվել՝ ում ես համբուրում, ում էլ՝ ուղղակի ձեռքը սեղմում: Աղջիկներն էլ համբուրվելու սովորություն ունեն իրար տեսնելիս եւ հրաժեշտ տալիս: Սակայն նրանք մի համբույրով են սահմանափակվում եւ առանց գռեհիկ «ախպերս» բանաձեւի:

Կան եւ այնպիսի աղջիկներ, որոնք կատակի կամ տղաներին ձեռք առնելու ձեւով օգտագործում են տղաների բառապաշարը, բայց շատ դեպքերում կատակը լրջանում է եւ «կծեմ սրտիկը» ու «մեռնեմ սրտիդ լղլղկոցին» դառնում են ինքնանպատակ: Որքա՜ն գեղեցիկ են հայ տղաների ճկույթի երկար, մշակված եղունգները, որոնք նույնիսկ աղջիկների մոտ են նախանձ առաջացնում: Որքա՜ն գեղեցիկ է, երբ լսարան են մտնում արեւային ակնոցներով աղջիկներ ու տղաներ, եւ դա չի նշանակում, որ նրանց աչքերի տակ կապտած է՝ «դրվածքն է» այդպես: Նույն ձեւով լրջացան հայաստանյան շոումենների («Շարմ», Հայկո եւ այլն) կատակները, երբ սկսվեց «Մեր բակ»-ի եւ «Top ten of rabiz»-ի շարքը:

Այս նախագծերում իբրեւ թե ծաղրում են «գողական» աշխարհի բառապաշարը, սակայն հայերի մեծ մասը սա որպես դասընթացներ ընդունեց: Հատկապես ուրախացան 10-12 տարեկան տղաները՝ նրանք կյանքի ցանկացած իրավիճակում ճիշտ «սազըցնում» եւ ցիտում են վերոհիշյալ երգերից եւ ծրագրերից վերցված արտահայտությունները: Եթե «Top ten of rabiz»-ի առաջին մասը իրոք ծաղրում էր հայկական ռաբիզ երգիչներին, ապա երրորդ եւ վերջերս ձայնագրված չորրորդ մասերում արդեն տեղի է ունենում ռաբիզ երգիչների հետ համագործակցություն: Իսկ հայ երեխաները եւ երիտասարդները ամեն քայլափոխի «բորշում» եւ «սատիր» են անում իրենց «պանյատներով»:

ՄԱՐԻՆԱ ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031