Լրահոս
Օրվա լրահոսը

«ՂՇԻ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՑՆՑԵԼ Է ՈՂՋ ՍԱՐԻ ԹԱՂԸ

Հունվար 18,2001 00:00
dat

Աստծուց ու աղավնիներից վերեւ չեն պաշտոնյաները

Մայրաքաղաքի հնագույն թաղամասի անցյալ տարվա հուլիսի 12-ի դեպքից հետո պայթեց վկա Վարդան Մարտիրոսյանի ստամոքսի խոցը։ Բնակչուհիներից մեկի արյան ճնշումը բարձրացավ 230-180։ Միաժամանակ 100 սարիթաղցիներ, նաեւ դպրոցահասակ երեխաներ, իրենց բանուգործը թողած, հոգսերը ձգած մի կողմ, գալիս էին Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան։

Այստեղ էլ դատավոր Կարինե Ղազարյանի նախագահությամբ ընթանում էր սարիթաղցի երկու եղբայրների՝ Նորայր եւ Ավետիք Մարտիկյանների նկատմամբ հարուցված քրգործի դատաքննությունը։ Նորայրին աղավնի, «չոբանի շուն», կատու վաճառող հարեւանուհու՝ Լյուդմիլա Ասլանյանի հետ վիճաբանելու, «քաշքշելու», «հայհոյելու» համար կալանել էին դեպքից մի քանի ամիս անց (16.11.2000թ.)։ Նրան սպառնում էր 1-5 տարի ազատազրկում, եղբոր նկատմամբ էլ նախաքննական մարմինը «բարեհաճ» էր գտնվել, խափանման միջոցը չէր փոխել եւ նրան էլ, իբրեւ կռվի մասնակից, սպառնում էր 1 տարի ազատազրկում։ Սարի թաղի բնակիչների գնահատմամբ, Նորայրը չի ձեռնամարտել, չի քաշքշել հարեւանուհուն, ինչպես մեղադրականում հնչեց՝ «անհիմն պատրվակով»։ Անհասկանալի էր, իրականում տուժած Նորայրին, որին Լյուդմիլան եւ իր 3 երեխաներն են հարվածել, ծեծել, դատելը։

Ըստ գոյություն ունեցող շրջիկ մի պատմության, Նորայրն իրենց աղավնին դեպքից մի քանի օր առաջ տալիս է տիկին Լյուդմիլային՝ վաճառելու։ Աղավնին «Վերնիսաժում» գնահատվում է 5000 դրամ։ Սակայն գումարը տիկինը հրաժարվում է տալ։ Դրա պատճառով էլ «քուչում» տիկին Լյուդմիլային ու նրա որդուն՝ Կարենին է մոտենում Նորայրը, ու սկսվում է տաք վիճաբանություն, որին խառնվում են հարեւանները եւ տիկին Լյուդմիլայի 2 երեխաները՝ Քրիստինեն եւ Գեւորգը։ Ըստ նախաքննական մարմնի երկնած մեղադրականի՝ տուժող էր ճանաչվել Ասլանյան քառյակը։ Քարի հարվածից գլխի վնասվածք էր ստացել Գեւորգը (իբր Նորիկի եղբոր՝ Ավետիքի հարվածից։ Վկաները պնդում էին, որ Ավետիքն ընդհանրապես չի եղել կռվի «դաշտում», եւ Գեւորգին քարով վնասել է եղբայրը)։ «Այդ աղմուկից հավաքվել էին իրենց տներում հանգստացող հարեւանները»։

Ի դեպ, «իրենց տներում հանգստացող» հարեւանները 4 օր շարունակ տեւած դատաքննությանը ներկայացել էին Նորայրին պաշտպանելու։ Վկա հարեւան Վիկտորյա Կաթկլյանը նույնիսկ երդվեց իր որդու գերեզմանով, ասելով, որ Լյուդմիլան է եղել կռվի ոգեշնչողն ու հրահրողը, եւ, որ ինքն է Նորիկի համար 2 անգամ շտապօգնություն կանչել։ Մեղադրող Ռ. Մովսիսյանը խորհրդակցելով Աստծուց եւ աղավնիներից ներքեւ գտնվող պաշտոնյաների հետ, ուշացած ներկայանալով դատարան, պահանջեց Նորայր Մարտիկյանին 1 տարի 6 ամիս ազատազրկում, այն էլ՝ ուժեղացված ռեժիմի ուղղիչ «չաշխատանքային» գաղութում։ Չնայած, իր ճառում ասաց, որ «բավարար չեն նախաքննությամբ ձեռք բերված տվյալները»։ Ավետիքի մասով միջնորդեց գործը վերադարձնել լրացուցիչ նախաքննության։ Որքան էլ տարօրինակ էր, փաստաբան Շիրազ Պետրոսյանը պաշտպանեց ոչ թե իր պաշտպանյալին՝ ամբաստանյալ Նորայր Մարտիկյանին, այլ… «խեղճուկրակ» դատախազին։ Իր վերջին խոսքում Նորայրն ավելի ներողամիտ ու բարձր գտնվեց. «Իմ մեջ ոխ չկա։ Հարեւաններ ենք, հարեւաններ էլ մնալու ենք»։ Իսկ Ավետիքը խնդրեց մեղմ վարվել եղբոր նկատմամբ։

Ի վերջո դատարանը գտավ, որ պետք է հանել մեղադրանքի ծավալը, Նորայրին դատապարտեց 1 տարի ազատազրկման (ուժեղացված ռեժիմի գաղութում), Ավետիքի մասով գործն ուղարկեց լրացուցիչ նախաքննության։ Խմբագրություն վերադառնալիս, չգիտեմ ինչու, անընդհատ այս տողն էի կրկնում. Աստծուց ու աղավնիներից վերեւ պաշտոնյաները չեն։ Իսկ ընդհանրապես, ծիծաղելի էր, երբ խափանման միջոց կալանքը ընտրվեց մի երիտասարդի նկատմամբ, որն իր եւ աղավնու… իրավունքն էր հարգել։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031