Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտերնետից չես փախչի

Հունվար 18,2001 00:00
grel

Այն, ինչ կկարդաք «Առավոտի» ստացած հերթական (թերեւս ավելի ճիշտ կլինի ասել՝ ոչ հերթական) նամակում, ամենեւին էլ 18-րդ դարի ռոմանտիկ գրականության նմուշներից չէ։

Բանգկոկից «Հոգիս» ստորագրությամբ նամակը թայ աղջկա հուսահատ քայլն է, որով հույս ունի գտնել ու վերադարձնել իր սիրո առարկային։ Երիտասարդի հեռախոսը, անուն-ազգանունը, մարզի անունը չենք տպագրում, կարծում ենք, առանց դրա էլ, Բ. Գ.-ն եւ նրա հարազատները կհասկանան՝ ում մասին է խոսքը ու «ինչ-որ քայլեր կձեռնարկեն»։ Թեեւ այդ դեպքում հայ աղջիկները մի քիչ կտխրեն, եթե «էդ նմանի սրտակերը ուրիշին բաժին հասնի»։ «Հոգիս» նամակն ուղարկել է եւս 25 am վերջացող էլեկտրոնային՝ ենթադրաբար հայկական հասցեներով։ «Սիրելի հայեր, ահա մեր պատմությունը՝ Բանգկոկում ապրող հայ երիտասարդի եւ թայ աղջկա։ Իմ հիմնական խնդիրն այն է, որ չգիտեմ ոչ հայոց, ոչ ռուսաց լեզուները։ Այնպես որ, նրա ընտանիքը չի հասկանա, թե ինչ եմ ուզում պատմել նրանց, որ նրանց օգնության կարիքն ունեմ։ Նրանք պետք է իմանան այս պատմությունը, թե նրանց որդին եւ եղբայրը ինչ է արել այստեղ։

Հայաստանում նրա հեռախոսահամարն է՝ … (ես կցանկանայի գտնել նրա հասցեն. երեւի ռուսերեն նամակ ուղարկեմ նրանց)։ Կուզենայի պատմել իմ եւ պրն Բ. Գ.-յանի պատմությունը։ Ես նաեւ նրա լուսանկարն եմ ուղարկում ձեզ։ Բ.-ն ինձ ասում էր, որ իր հետ Հայաստան կտանի։ Մի անգամ ասաց. «Ես համոզված եմ, որ դու իմ ընտանիքին դուր կգաս»։ Նա ասում էր, որ մեր հարաբերությունները լուրջ են, որ ինքն ուզում է իր ապագան կառուցել ինձ հետ։ Ես նրան արդեն ծանոթացրել էի իմ ընտանիքի՝ հորս, մորս եւ հարազատներիս հետ։ Մենք միասին էինք ապրում, նա ինձ վստահում էր, բայց հիմա նա ինձ լքել է՝ պատճառաբանելով, որ մենք միասին ապագա չունենք։ Ուզում եմ իմանաք, որ շատ սխալ է վարվել ինձ հետ, որովհետեւ ես աղջիկ եմ եւ ցանկանում էի նրա հետ ունենալ այն ապագան, որի մասին ինքն էր ասում։

Հիմա նա ուղղակի ասաց. «Լավ, իսկ ե՞ս ինչ կարող եմ անել»։ Ես չեմ կարող ապրել առանց նրա, ես չեմ կարողանում առաջվա նման հանգիստ քնել. նրա դեմքը, ժպիտը, մեր սիրուն գաղտնիքներն անընդհատ հետապնդում են ինձ։ Հուսով եմ, մի օր նրա ընտանիքը կիմանա այս ամենը եւ ինչ-որ բան կձեռնարկի։ Նա կոտրել է իմ սիրտը, նա դրժել է իր խոստումները։ Նա մի վատ մարդ էր դարձել, որ քնում էր ուրիշ աղջիկների հետ՝ առանց մտահոգվելու իմ մասին, որ տանն իրեն եմ սպասում։ Նա ինձ ասում էր՝ «Հոգիս» եւ ինձ դուր էր գալիս այդ անունը։ Բայց հիմա նա ասում է, որ ինքն ազատ մարդ է, թեեւ կապված էր ինձ հետ։ Իմ զգացմունքները նրա նկատմամբ չեն փոխվել։ Ես նրան սիրում եւ հարգում եմ առաջվա նման։ Նրա հետ անցկացրած օրերը իմ կյանքի ամենաքաղցր հուշերն են։ Չգիտեմ, թե մենք ինչու չէինք կարող լավ զույգ լինել։ Բանգկոկում մեզ ճանաչող շատ մարդիկ ասում էին, որ մենք շատ հարմար զույգ ենք։ Ես կատարյալ երջանիկ էի նրա հետ եւ չէի էլ պատկերացնում, որ նա կարող է այդպես փոխվել։

Գիտե՞ք, նա ինձ պատմել է իր ընտանիքի, ընկերների, երկրի, Հայաստանի մշակույթի եւ սովորույթների մասին։ Եվ ինձ դա դուր էր գալիս։ Այդ ամենն այնքան նման է Բանգկոկին։ Նա չպետք է ինձ այսպես լքեր։ Երբ նա պրոբլեմներ էր ունենում եւ, ընդհանրապես, ցանկանում էր, որ իր կողքին լինեմ, ես միշտ նրա կողքին էի։ Ի՞նչ եք մտածում այս ամենի մասին։ Ներողություն եմ խնդրում, եթե անհանգստություն պատճառեցի, բայց ուզում էի, որ յուրաքանչյուր հայ իմանա այս պատմությունը։ Նա փշրեց իմ պատկերացումները Հայաստանի մասին։

Հարգանքներով՝ «Հոգիս»։

«Առավոտի» նամակների բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել