Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՎԵՔ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ՝ ՕՐԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ

Հունվար 18,2001 00:00
harker

Օրերս մեր թերթում տպագրված «Ներել «անբարեխիղճ» հարկատուներին» հրապարակումը մեծ արձագանք է գտել տնտեսվարող սուբյեկտների կողմից։ Նրանք պատրաստ են իրենց օրինակով պատմել, թե ինչպես պետական (կամ նույնիսկ մասնավոր) բյուջեից սնուցվող կազմակերպությունները իրենց պատվեր են տվել, չեն վճարել, իսկ հիմա հարկային մարմինները հարկեր են պահանջում։ Հիշեցնենք, որ մեր հոդվածը հենց դրա մասին էր։

Խմբագրություն այցելած «Տաթեւիկ-2» կոոպերատիվի տնօրեն Հայկ Մնացականյանը նույնիսկ չխուսափեց իր անունը հրապարակելուց։ Մանրածախ առեւտրով զբաղվող «Տաթեւիկ-2»-ը գործում է 1988 թվականից։ Սակայն 1997 թվականի հունվարին բռնկած հրդեհի պատճառով այրվել է ոչ միայն ողջ մթերքը, այլ հենց կրպակը։ Ժամանակավոր գործունեության մասին թույլտվություն ունենալով, Հայկ Մնացականյանը շարունակել է մի կողմից առեւտրի կազմակերպումը, մյուս կողմից՝ կրպակի նորոգումը (այս անգամ արդեն քարեպատերով)։ Ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ «Տաթեւիկ-2»-ը մինչեւ 2000 թ. հարկերը բարեխղճորեն վճարել է։ Միայն 1999-ին մոտ 700 հազար դրամի հարկ է վճարել, սակայն նույն այդ տարին հաշվիչ դրամարկղային մեքենան տեղադրելուց հետո դադարել է հարկեր վճարելուց։ Այդ ժամանակ «Տաթեւիկ-2»-ը պետությանը պարտք է եղել 47 հազար 500 դրամի հաստատագրված վճար։

Հայկ Մնացականյանը պարբերաբար դիմել է քաղաքապետարան՝ արդեն քարից կառուցված խանութ-տաղավարը օրինականացնելու խնդրանքով։ Հ. Մնացականյանը նույնիսկ 3 նամակ է հղել արդեն նախկին քաղաքապետեր Սուրեն Աբրահամյանին եւ Ալբերտ Բազեյանին՝ «կառույցի սեյսմիկ կայունությունը ուսումնասիրելու եւ ճարտարապետական եզրակացություն կայացնելու՝ կառույցի հողհատկացման վերաբերյալ»։ Սակայն մինչ օրս որեւէ պատասխան չի ստացել։ «Թեկուզ մերժեն, գոնե ինձ համար պարզ կլինի ինչպես վարվել, իսկ այսպես տարիներով կարող են ձգձգել»,- ասաց Հայկ Մնացականյանը։ Ավելացնենք, որ հարկային տեսչությանը Հ. Մնացականյանը 2000-ին 3 անգամ ներկայացրել է հաշվետվություն՝ գործունեության եւ հարկային պարտավորությունների մասին, սակայն այն չի ընդունվել։ Հարկ վճարելուց հրաժարվելուց հետո 47 հազար 500 դրամը մոտ մեկ տարվա ընթացքում հասել է գրեթե 170 հազար դրամի։

Քաղաքակիրթ երկրներում հարկ չվճարելը շատ ավելի մեծ հանցանք է համարվում, քան անգամ մարդ սպանելը։ Մեր դեպքում թերեւս արդարացված է նման տնտեսվարող սուբյեկտների՝ հարկերից խուսափելու հանգամանքը մի պարզ պատճառով. պետությունն ինքը մարդկանց զրկում է օրինական աշխատելու հնարավորությունից։

Լ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031