Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք էլ ենք պայքարելու

Հունվար 18,2001 00:00
aph

Այս անգամ էլ՝ տեռորիզմի դեմ

2000-ի նոյեմբերի 30-ին Մինսկում ԱՊՀ անդամ երկրները (բացի Թուրքմենստանից) ստորագրեցին որոշում՝ ԱՊՀ անդամ երկրների հակատեռորիստական կենտրոն ստեղծելու մասին։ Սա Ռուսաստանի նախաձեռնությունն էր եւ նույն Ռուսաստանը նախատեսում էր, որ 2001-ին կենտրոնի ծախսերի համար նախատեսվող 12700 հազար ռուսական ռուբլին պետք է հավասար բաշխվի որոշումը ստորագրող բոլոր պետությունների միջեւ։ Սակայն, մասնավորապես Հայաստանն առարկել է պահանջվող գումարը որոշումը ստորագրած երկրների միջեւ հավասար բաշխելու կետի դեմ՝ գտնելով, որ մուծումները պետք է կատարվեն մինչ այժմ գործող սխեմայով. Ռուսաստանի Դաշնություն՝ 50%, Ուկրաինա՝ 14%, Բելառուս, Ուզբեկստան, Ղազախստան՝ 5-ական %, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ղրղըզստան, Մոլդովա, Տաջիկստան՝ 3-ական %։

Երեկ «Առավոտն» արտգործնախարարությունից վերցրեց կենտրոնի ստեղծման որոշման ամբողջական փաթեթը, ուր, սակայն, Հայաստանի նման առարկության մասին խոսք չկար։ Փոխարենը Ադրբեջանն ուներ առարկություն. նա պատրաստվում է կենտրոնի աշխատանքներին մասնակցել միայն տեղեկատվական-վերլուծական եւ խորհրդատվական մասով։ Վրաստանը եւս որոշ վերապահում ուներ. նա որոշումը պատրաստ է ուժի մեջ ճանաչել միայն Վրաստանում ներպետական պրոցեդուրաներից հետո։ Որոշման համաձայն՝ հակատեռորիստական այս կենտրոնը պետք է ունենա մաքսիմում 60 հաստիքային աշխատակից։

Կենտրոնի հիմնական նպատակներից են միջազգային ահաբեկիչների եւ էքստրեմիստական կազմակերպությունների, դրանց պարագլուխների մասին տեղեկատվական բանկ ստեղծելը, ԱՊՀ-ում միջազգային տեռորիզմի եւ էքստրեմիզմի դրսեւորումների մասին տեղեկատվություն փոխանակելը, տեռորիստներին աջակցողների դեմ պայքարելը, հայտարարված հետախուզությունների ժամանակ միմյանց աջակցելը, համապատասխան օրենքներ մշակելը եւ այլն։ Այսինքն, սրանք այն կետերն են, որոնք, այսպես թե այնպես, կարգավորված են միջպետական, միջգերատեսչական տարբեր համաձայնագրերով։ Լավն այն է, որ կենտրոնի 60 աշխատակիցներից մի քանիսը հայաստանցի կլինեն։ Այսպիսով՝ նախագահի խոստումը՝ ստեղծել աշխատատեղեր՝ երկու-երեք հոգու համար գոնե իրական կլինի։ Հատուկ որոշմամբ՝ կենտրոնի աշխատակիցները բժշկական օգնության եւ հանգստյան տներում վաստակած հանգիստն անցկացնելու արտոնություններ են ունենալու։ Ուզբեկստանը որոշումը ստորագրել է այն պայմանով, որ որեւէ ԱՊՀ երկիր գործուղված կենտրոնի աշխատակիցները գործուղված երկրներում մնան եւ աշխատեն միայն իրենց հաշվին։

Իսկ մենք խոստանում ենք. տեռորիզմի դեմ պայքարելու նպատակով Հայաստան գործուղված կենտրոնի աշխատակիցներին կհամարենք Քրիստոնեության 1700-ամյակի կապակցությամբ մեր երկիր այցելած հերթական զբոսաշրջիկներ։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031