Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

2001-ԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԴՈ՞ՐՐ Է ՍՊԱՍՎՈՒՄ

Հունվար 18,2001 00:00
aghasi enoqyan

Դեռ 2000 թվականի առաջին կեսերին տեղի ունեցած կադրային տեղաշարժերը ուղղակի կամ անուղղակի, ի վերջո, հանգեցրին վարչապետ Արամ Սարգսյանի պաշտոնանկությանը եւ սկիզբ հանդիսացան 99-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստեղծված քաղաքական ուժերի հարաբերակցության ու քաղաքական իրավիճակի արմատական փոփոխության։ Կադրային փոփոխությունները սկսել եւ դեռ կշարունակվեն նաեւ 2001-ին։ Թե դրանց արդյունքում քաղաքական դաշտում եւ ուժերի հարաբերակցության իմաստով դեռ էլի ի՞նչ կփոխվի՝ կախված է նախեւառաջ այն բանից, թե քաղաքական զարգացումներն ի՞նչ հունով է փորձում տանել երկրի միահեծան ղեկավարը՝ նախագահ Քոչարյանը։ Թե որքանով են կադրային տեղաշարժերը պայմանավորված քաղաքական զարգացումներով եւ ընդհակառակը, զրուցեցինք «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ։

«Կարծում եմ, քաղաքական վերջին զարգացումները եւ զուտ կադրային փոփոխությունները բոլորովին տարբեր տրամաբանություն ունեն եւ քաղաքական միանգամայն այլ նպատակներ են հետապնդում, թեեւ փոխկապակցված են եւ բխում են մեկը մյուսից։ 2000-ին «Միասնություն» դաշինքի անդամ կուսակցություններին եւ ԵԿՄ-ին պաշտոններ բաժանելով, Քոչարյանին հաջողվեց վերջիններիս միմյանց դեմ հանել եւ մասնատել։ Եթե նրանց անգամ հաջողվեց պահպանվել ինստիտուցիոնալ առումով, միեւնույն է, նրանք, ըստ էության, պառակտվեցին։ Սրա հետեւանքով էր, որ տեղի ունեցան վերջին կադրային փոփոխությունները, որոնք առերեւույթ քաղաքական ոչ մի ենթատեքստ չունեն։ Ակնհայտ երեւաց, որ ԱԺ-ն կամ կուսակցություններն այլեւս գործոն չեն եւ ոչ մի դեր չունեն կադրային նշանակումների առումով, իսկ կադրային փոփոխությունները իրականացվում են ըստ նախագահի անձնական համակրանքի կամ այլ գործոնների ազդեցության տակ։ Սա ակնհայտ երեւաց հատկապես «Կայունության» փլուզման դեպքում»։

Պարոն Ենոքյանի դիտարկմամբ, այսօր ոչ ՀՀԿ-ն, ոչ էլ ՀՅԴ-ն նախագահ Քոչարյանի հենարանը չեն։ «Նա մանր, բայց հստակ քայլերով ու մարդկանց մի խմբով միահեծան իշխանություն ունի, մինչդեռ ներքեւում վակուում է։ Ընդհանրապես, այսօր Հայաստանում իշխանական բուրգ, որպես այդպիսին, գոյություն չունի։ Կան բուրգի հատակն ու գագաթը, իսկ կողմնային նիստերը փլվել են։ Համաձայն եմ այն տեսակետին, թե ԱԺ-ի հնարավոր լուծարումից հետո էլ Քոչարյանը նախընտրելու է խորհրդարանում ունենալ մանր-մունր, փոքր խմբավորումներ, որոնք հեշտությամբ կարող են ձեռնածուներ դառնալ»։ Վերջին, շուրջ մեկ տարվա ընթացքում, «Միասնություն» դաշինքը, թերեւս, չի էլ հասցնում հաշվել մեկը մյուսի հետեւից պաշտոնանկ լինող իր զինակիցների թիվը։ Արդյո՞ք սա քաղաքական զարգացումների եւ հեռանկարում քաղաքական նոր իրավիճակի ստեղծման ինդիկատոր չէ։ «Ըստ էության ՀՀԿ-ն, «Միասնությունն» իրենց դերը կատարել են եւ կարող են գնալ»,- նկատեց պարոն Ենոքյանը՝ հաշվի առնելով նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտալուտ պաշտոնանկության մասին խոսակցությունները։ Նա նաեւ ընդգծեց, թե ընդհանրապես պաշտոններում նշանակումը, այդ թվում՝ նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանինը, Քոչարյանը հաջողությամբ օգտագործում է իբրեւ կուսակցություններին վարկաբեկելու շատ հարմար միջոց։

«Իհարկե, կադրային փոփոխությունները կատարվում են քաղաքական զարգացումների տրամաբանությանը համապատասխան եւ ընդհակառակը։ Սա ինչ-որ առումով փորձարկում է. Քոչարյանը ճշտում է, թե իրեն կհաջողվի՞ արդյոք, առանց հաշվի առնելու կուսակցություններին, կառավարել երկիրն ու վերահսկել իրավիճակը։ Սա քաղաքականության մեջ ընդունված ձեւ է»։ Մեր այն հարցին, թե ներքաղաքական զարգացումների համատեքստում որքանո՞վ են հիմնավորված վարչապետի պաշտոնանկության մասին խոսակցությունները, պարոն Ենոքյանը նկատեց. «Նախագահ Քոչարյանի վարած քաղաքականության տրամաբանության տեսանկյունից ճիշտ է, որ 9 ամիսը կամ տարին մեկ վարչապետ փոխվի, քանի որ պաշտոնանկ լինող բոլոր վարչապետներն իրենց հետ են տանում իրենց պաշտոնավարության շրջանի բոլոր մեղքերը եւ ամեն մի նոր նշանակվող վարչապետ հուսալքված ժողովրդի համար հույսի նշույլ է դառնում»։

Տրամաբանությունը հուշում է, որ այդ դեպքում «Միասնությունը» կամ ՀՀԿ-ն կփորձեն գոնե նախագահի վարած քաղաքականությանն ընդդիմանալ։ Սա կարո՞ղ է ԱԺ լուծարման առիթ դառնալ։ «Դաշինքը կփորձի դիմակայել միայն ԱԺ-ի լուծարմանը, քանի որ դրանից հետո «Միասնության» պատգամավորները կդառնան, ինչ որ էին՝ հանրությանն անհայտ մարդիկ, առանց պաշտոնի եւ քաղաքական դիրքի։ «Միասնությունը» քաղաքական լուրջ ուժ դառնալու հնարավորություն այլեւս չունի ոչ միայն այն պատճառով, որ առաջնորդ չունի, այլեւ, որ չգիտեն, թե իրենք ինչ են ուզում։ Չեմ կարծում, թե ՀՀԿ-ն, ՀԺԿ-ն կամ ԵԿՄ-ն որեւէ դերակատարում ունենան քաղաքական դաշտում։ Քոչարյանին սկզբունքորեն պետք էլ չէ լուծարել ԱԺ-ն. որեւէ պատճառ չկա։ ԱԺ-ն լեգիտիմություն չունեցող եւ նախագահին չխանգարող մանր օրգանի է վերածվել»։

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031