Եվրոպայի ուժեղագույն գեղասահորդները հունվարի 19-29-ը Հին աշխարհամասի առաջնությունը կվիճարկեն Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում։ Մրցավայր են մեկնել նաեւ մեր հանրապետության պատվիրակները, որոնք հանդես կգան բոլոր չորս մարզաձեւերում։ ՀՀ սպորտվարչության եւ ՀԱՕԿ-ի լրատվական բաժիններում տեղեկացանք, որ Տիֆանի Հայդեն-Վազգեն Ազրոյան երկյակը կմասնակցի պարային զույգերի մրցակցությանը, Մարինա Կրասիլցեւան եւ Արտյոմ Զնաչկովը կներգրավվեն սպորտային պարերի պայքարում, իսկ մենասահքերում իրենց ուժերը կփորձարկեն Յուլիա Լեբեդեւան եւ Արամայիս Գրիգորյանը։
Եվրոպայի առաջնությունում կխաղարկվեն նաեւ աշխարհի չեմպիոնատին մասնակցելու ուղեգրերը։ Այն մեկնարկելու է Վանկուվերում (Կանադա) մարտի 20-ին։ Նրանք, ովքեր հաջողությամբ կհաղթահարեն եվրոպական արգելքը, Կանադայում կպայքարեն նաեւ 2002 թ. ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքի համար։ Իսկ նրանք, ովքեր անհաջողության կմատնվեն, կորցրածը ետ բերելու եւս մեկ հնարավորություն կստանան՝ նոյեմբերին Զագրեբում մասնակցելով վարկանիշային մրցաշարի։ Հուսանք, որ մեր գեղասահորդները անմասն չեն մնա բաղձալի ուղեգրերից, մանավանդ, որ նրանց հնարավորությունները բավարար են գնահատում մարզաձեւի մեր մասնագետները։