Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՏԱՐՆԵՐԻ ՄԵՋ՝ ՅՈՒՐԱՅԻՆ, ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻ ՄԵՋ՝ ՕՏԱՐ»

Հունվար 17,2001 00:00
grel

Խմբագրությանը հաճախ են դիմում քաղաքացիներ, որոնք կորցրել են նույնիսկ հույսի վերջին նշույլը։ Մեր թերթը բազմիցս է անդրադարձել փախստականների խնդիրներին՝ հիմնականում սոցիալական բնույթի։ Սակայն այս նամակում ներկայացված խնդիրը, կարծում ենք, շատ ավելի խորն է, ուստի այն տպագրում ենք (մասնակի կրճատումներով)։

Ես՝ Արմեն Լենդորի Ադամյանս, ծնվել ու ապրել եմ Ադրբեջանի Շամխորի շրջանում։ Երբ սկսվեցին հայ-ադրբեջանական հակամարտությունները, իմ ծննդավայրում ինձ լքեցին իմ բոլոր ադրբեջանցի ընկերները։ Տեսնելով շատ հայերի դառը ճակատագիրը, մի կերպ փախա Ադրբեջանից՝ թողնելով տուն, աշխատանք, նաեւ՝ սիրածս աղջկան։ Եկա Հայաստան, ուր ինձ սպասում էր իմ ճակատագրի հաջորդ դաժան էջը։ Հայաստանում ծանոթացա եւ ամուսնացա Լիանա Էդուարդի Միքայելյանի հետ, որը նույնպես բռնագաղթված էր Ադրբեջանից։ Մեր դեմ փակվեցին բոլոր դռները, նույնիսկ հարեւանները, ում կողքին ապրում ենք, խուսափում են մեզ հետ շփումից՝ համարելով մեզ թուրքացած հայեր։ Այդ ամենի պատճառը մեր Ադրբեջանում ապրած տարիներն են։ Չգիտես ինչու, մեր ժողովրդի մեջ կա այն կարծիքը, թե ապրելով մուսուլմանների հետ, մենք սովորել ենք նրանց օրենքներն ու սովորույթները, նույնիսկ փոխել ենք մեր հավատը։ Նորություն բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ Հայաստանում մեծ հարգանք ու սեր են վայելում, այսպես կոչված, «կռված տղաները»։

Դժբախտաբար, մենք ապրում ենք մի զինվորականի հարեւանությամբ, որը պատերազմել է Արցախում։ Նա (չեմ ուզում նշել անունը՝ հայտնի պատճառով) անձամբ տեսած լինելով ադրբեջանցիների դաժան ու անմարդկային արարքները, ողջ ատելությունն ու զայրույթն արտահայտում է իր կոպիտ ու վատ վերաբերմունքով մեր նկատմամբ։ Իմ բացակայության ժամանակ տվյալ անձնավորությունը ալկոհոլ, օգտագործած վիճակում, սպառնում է կնոջս, անարգում ու անհանգստացնում է նրան։ Ապրելով մեր հայրենիքում՝ մենք մեզ զգում ենք անկոչ հյուրերի նման, որտեղ ոչ ոքի հետ չենք կարող խորհրդակցել, ոչ ոքից պաշտպանություն չենք ակնկալում։ Կարելի է դիմանալ սոցիալական ցանկացած դժվարության, ծանր աշխատանքի, նույնիսկ սովի, բայց ապրել այսպիսի արհամարհանքի ու վիրավորանքի մեջ, ամեն րոպե սպասել անբարո խոսքերի ու չնչին պատճառներով ծեծկռտուքի մեջ ընկնել, սա արդեն չափազանց է… Այս բոլորին վերջերս ավելացավ մի մեծ պրոբլեմ եւս։ Իմ երջանկությունն այժմ վերածվել է դժբախտության։ Երկար տարիներից հետո մենք սպասում ենք փոքրիկի, որին եւս նույն ճակատագիրը բաժին կընկնի։ Հղի կնոջս չի ցուցաբերվում ոչ մի բժշկական օգնություն։ Կանանց կոնսուլտացիայում նա միշտ մերժվում ու կոպիտ վերաբերմունքի է արժանանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031