Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՆԳԱՐԱՆԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՀԵՆԱՐԱՆ ԷՐ

Հունվար 17,2001 00:00
grel

Հայ ժողովրդի հոգեւոր սնունդն ապահովելու նպատակով Հանրապետության հրապարակում կազմակերպած միջոցառման երկաթյա բեմահարթակի համար Խոսրով Հարությունյանի հանձնաժողովը որպես ամենակայուն հենարան էր ընտրել Հայաստանի պատմության ազգային թանգարանի մուտքի պատը։ Այսպիսով՝ միջոցառումների ողջ ընթացքում վերոնշյալ թանգարանի մուտքը փակ էր եւ հրապարակի հազարավոր «այցելուներից» եւ ոչ մեկը չի կարողացել մտնել թանգարան։

Այս մասին թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը հայտնել է մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռ. Շառոյանին։ Նրա դիմումը, ի դեպ, շատ հետաքրքիր էր ձեւակերպված. «Պարտքս եմ համարում տեղեկացնել Ձեզ, որ 1700-ամյակի տոնակատարություններին հունվարի 1-13-ին Հանրապետության հրապարակում ծրագրված միջոցառումների պատճառով թանգարանը դարպասված է այնպես, որ այցելուների մուտքը զանազան սարքավորումների եւ մեծղի մետաղական կոնստրուկցիաների կուտակման հետեւանքով դարձել է անհնար։ Մյուս կողմից՝ այդ ամենի պահպանության համար ոստիկանական հրահանգով արգելվում է մոտենալ շենքին։ Այդ պատճառով ելնելով թանգարանի ապահովության եւ անվտանգության նկատառումներից՝ հունվարի 1-ից մինչեւ հունվարի 13-ը թանգարանի ցուցադրությունը փակված է»։

Սակայն թանգարանի իրական արժեքները տաշի-տուշիին ստորադասողների միակ վնասը թանգարանին դա չէր։ Տարեմուտին թանգարանի տանիքից իրականացված հրավառության պատճառով զգալի վնաս էր հասցվել թանգարանի տանիքին։ Վնասի ստույգ չափերն առայժմ հնարավոր չէ ճշտել. դրանք հայտնի կլինեն մի քանի օր անց։ Իսկ երեկ արդեն մետաղյա զանգվածները հրապարակից հանվում էին։ Լավ է, գոնե թանգարանի մուտքը կբացվի։ Իսկ որոշ ժամանակ անց այդ անճաշակ մետաղյա շինությունների մասին առհասարակ կմոռանանք։

Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031