Հաջորդ, 28-րդ ամառային օլիմպիական խաղերը մեկնարկելու է 2004թ. Աթենքում։ Սակայն բոլորին է հայտնի, որ Հունաստանի մայրաքաղաքում հաջողության հասնելու հիմքերը պետք է դնել հենց այսօրվանից։ Հայաստանի եւ Հայաստանի նման երկրների համար օլիմպիական խաղերի նախապատրաստության քառամյա փուլը, կասկածից վեր է, այնքան էլ հեշտ չի անցնի։ Եվ դա ունի իր հիմնավոր պատճառները։ Նախ, էական, որոշ դեպքերում էլ՝ արմատական փոփոխություններ են հարկավոր։ Անհրաժեշտ է հնարավորին չափ արագ վերլուծել անցյալում թույլ տրված սխալներն ու վրիպումները, վերանայել այս ոլորտում վարվող քաղաքականությունը ու արագ եւ ճիշտ քայլերով մարզական գործի կազմակերպումը դնել ճիշտ ուղու վրա։
Այս օրերին հենց այդ գործով էլ զբաղված է ՀՀ սպորտվարչությունը, որի ղեկավար Արմեն Գրիգորյանի հետ երեկ կայացած զրույցի ժամանակ շոշափվեցին բազմաթիվ օրախնդիր հարցեր։ «Ամեն օր ինձ մոտ են հավաքվում առանձին մարզաձեւերի ներկայացուցիչները, որոնց հետ քննարկում ենք ըստ ոլորտների առկա հոգսերը, միասին որոշում ստեղծված իրավիճակից դուրս գալու ամենակարճ ու արդյունավետ ուղիները, մշակում կոնկրետ անելիքների ծրագրեր,- ասաց Ա. Գրիգորյանը։- Ինտենսիվ աշխատանքները սկսվել են տարեսկզբից ու կշարունակվեն մինչեւ շաբաթվա վերջ։ Վարչության եւ ֆիզկուլտուրայի ինստիտուտի գիտամեթոդական կենտրոնի մասնագետները կազմել են օլիմպիական նախապատրաստության քառամյա փուլի ծրագիրը, որը մի քանի ճշգրտումից հետո մոտ ժամանակներս վերջնական տեսք կստանա եւ ուղենիշ կծառայի մարզիչների ու մարզիկների համար։ Հասկանալի է, որ շեշտը գլխավորապես դրվել է մենապայքարային այն մարզաձեւերի վրա, որոնցում ավանդաբար հաջողություններ ենք ունենում։ Բայց ներկայիս աշխատանքները կազմակերպելիս հնարավորին չափ մեծ ու լուրջ ուշադրություն ենք դարձնում նաեւ այն մարզաձեւերի վրա, որոնք մեզանում ժամանակին համարվել են առաջատար, սակայն ներկայումս նահանջ են ապրել։ Նպատակադրվել ենք ներկայիս սուղ պայմաններում գոնե պահպանել եղածը, մինչեւ կգան լավ օրերը»։
– Դժվար չէ ենթադրել, որ ամենամեծ ցանկության դեպքում էլ ոչինչ չի ստացվի, եթե միջոցներ չլինեն։
– Այո, դա այդպես է։ 2001թ. պետությունը բյուջեից մարզական միջոցառումների համար հատկացրել է 520 մլն դրամ՝ 50 մլն-ով պակաս, քան անցած տարի։ Հիմա մեր խնդիրն է՝ այդ գումարը ճիշտ բաշխել։ Յուրաքանչյուր մարզաձեւ կստանա իր չափաբաժինը։ Որոշակի գումար (մոտ 50 մլն դրամ) ենք նախատեսելու եւ դա, կարծում եմ, նախորդ տարիներից ավելի մեծ կլինի, մարզումների համար անհրաժեշտ գույք ու հանդերձանք ձեռք բերելուն, առանց որի հնարավոր չէ առաջ գնալ, աշխատանքներ կազմակերպել մարզադպրոցներում, նախապատրաստել հավաքականների պատշաճ մարզումները։ Անպայման ուզում եմ ընդգծել նաեւ, որ այս տարվանից սկսած սպորտվարչությունը շատ մեծ կարեւորություն է տալու մանկապատանեկան սպորտին՝ այն պահելով իր ամենօրյա ուշադրության կենտրոնում։
Կարդացեք նաև
– Ճիշտ է, մեր հանրապետությունը ձմեռային օլիմպիական խաղերում լուրջ ձեռքբերումներ չի ունեցել։ Բայց երկու տարի հետո Սոլթ Լեյք Սիթիում մեկնարկելու է Սպիտակ օլիմպիադան։ Ի՞նչ է արվում մեր մարզիկ-մարզուհիների հաջող մասնակցության ուղղությամբ։
– Մեր գեղասահորդները օրերս մեկնեցին Եվրոպայի առաջնություն, որտեղ պայքարելու են ուղեգրեր նվաճելու համար, լեռնադահուկորդ Արսեն Հարությունյանը ներկայումս ուսումնամարզական հավաքում է ԱՄՆ-ում։ Մեր դահուկավազորդները նույնպես մոտ ժամանակներս կմասնակցեն աշխարհի առաջնությանը։ Այս ամենը արվել են եւ արվում է, չնայած առայժմ բյուջեից ոչ մի հատկացում չի եղել։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես ձմեռային մարզաձեւերին, շուտով կսկսվեն նաեւ ներհանրապետական առաջնությունները, ամենաբազմազան ու բազմաբնույթ միջոցառումները։
Ա. Հ.