Լրահոս
Օրվա լրահոսը

«Օմեգան» երկրապահինն է

Հունվար 17,2001 00:00

Ահարոն Մնացականյանը՝ արցախյան պատերազմի առաջին ջոկատներից մեկի հրամանատարը, այսօր Նուբարաշենի երկրապահ կամավորականների միության նախագահն է եւ մայրաքաղաքում գործող հեղինակավոր ակումբներից մեկի (եթե ոչ ամենահեղինակավոր)՝ «Օմեգայի» տնօրենը։

Պարոն Մնացականյանը տեղեկացրեց, որ ամեն օր երեկոյան ներկայացվում է շոու-ծրագիր. ժամը 23-ից առավոտյան 6-ը՝ ստրիպտիզ, ժամը 12-14-ը ակումբում սպասարկումը կատարվում է զեղչ գներով։ Ակումբը յուրաքանչյուր ամիս օգնում է 70 ընտանիքի, 500 հազար դրամ ընդհանուր գումարով, իսկ այս՝ նոր տարվա նախաշեմին՝ 700 հազար դրամ գումարով։

Իմ այն հարցին, թե իր աշխատանքը արդյո՞ք շոու-բիզնես չէ, տնօրենը եկավ հեռվից՝ պատասխանելով. «Գիտե՞ք, Փարիզում մի փոքրիկ թաղամաս կա, որ կոչվում է «Արվեստների քաղաք»։ Այստեղ են հավաքվում բոհեմական աշխարհի ներկայացուցիչներ երկրագնդի տարբեր անկյուններից։ Ստեղծվում է միջավայր, նոր ծանոթություններ, հայտնի ու նոր անուններ։ Մի խոսքով, այն ամենը, ինչ երազել կարող է ստեղծագործող արվեստագետը։ 1998 թվականի դեկտեմբերից, երբ բացվեց ակումբը, երազում էի գործընկերներիս հետ միասին ստեղծել այդպիսի մի օջախ, համակարգված պրոֆեսիոնալ ստեղծագործական հաստատություն, հանգստի կազմակերպման, երիտասարդական գործունեության ինքնատիպ, բարձրակարգ ակումբ»։

Իմ այն հարցին, թե մեր ժողովրդի սոցիալական այս պայմաններին միայն գիշերային ակումբներն էին պակասում, սկսվեց «Օմեգա» ակումբի տնօրենի մենախոսությունը. «Մենք պետք է հավատանք սեփական ուժերին։ Ժողովուրդը դարձել է անտարբեր, չարացած ու շփոթված։ Օրեցօր նոր աթոռներ են բաժանվում ու վերաբաժանվում։ Ի՞նչ է մնում մեզ այսօր։ Մենք փորձում ենք իմաստավորել մեր գոյությունը։ Ես ու գործընկերներս գիտակցում ենք, որ ցանկացած ազգի պահպանման եւ զարգացման համար անհրաժեշտ է մշակութային դաստիարակություն, մշակույթի պահպանում ու զարգացում։ Մեր աշխատանքն այստեղ կոչվում է շոու-բիզնես։ Ակումբում աշխատում են ոչ միայն արդեն ճանաչված երգիչներ, այլեւ սկսնակներ։ Առաջին հերթին նրանք վարձատրվում են իրենց աշխատանքի դիմաց։ Հովանավորում ենք կատարողին՝ ձայնագրման ու տեսագրման գործում։ Ամեն Աստծո օր տարբեր հեռուստառադիոընկերություններով ցուցադրվում է գովազդ, թե «Օմեգա» ակումբում ո՞ր կատարողին կարելի է հանդիպել, ունկնդրել։

Տեխնիկապես լավ ենք զինված, օրինակ՝ շոուի ժամանակ հնարավորություն ունենք ցուցադրելու այս կամ այն երգի տեսահոլովակը, որին զուգահեռ երգիչը կենդանի կատարմամբ հնչեցնում է այդ նույն երգը։ Այստեղ հյուրընկալվել են անվանի դերասաններ Արմեն Խոստիկյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Լեւոն Մուրադյանը, Լալա Մնացականյանն ու Հարություն Մովսիսյանը… Ճիշտ է, մեր հանրապետությունում շոու-բիզնեսն իր առաջին քայլերն է անում, այո, իմ աշխատանքը շոու-բիզնես է, ավելի ճիշտ, ես շոու-բիզնեսի մարդ եմ։ Այս ասպարեզում օրենսդրական դաշտ չկա։ Ով ասես զբաղվում է այս գործով, օրինակ՝ գովազդում են շուրջ մեկ ամիս այս կամ այն երգչի հյուրախաղերի մասին, իսկ արդյունքում՝ անունը կա, ամանումը չկա։ Բացի հայազգի երգիչ-երգչուհիներից, պարող-պարուհիներից, աշխատում են ստրիպտիզ ցուցադրող աղջիկներ Ռուսաստանից։ Դե, սա «նոր երեւույթ» է: Ժամանակ է պետք, որ այս ասպարեզում ունենանք ներկայանալի հայուհիներ։ Ունենք ծրագրեր, հատկապես տոն օրերին, երբ յուրաքանչյուր այցելու կամա թե ակամա «ընդգրկվում» է մեր շոու-ծրագրում։ «Առավոտը» անկեղծ պարբերական է, եւ ցանկություն ունեմ մինչեւ վերջ անկեղծ լինելու։

Այսպես՝ մեզ մոտ բացակայում է «հայկական վարիանտը», ասել է թե՝ նման «օբյեկտը» պետք է գոնե 60-70% եկամուտ ունենա։ Ոչ, եկեք ազնիվ եւ անկեղծ լինենք։ Հրամայական օրեր ենք ապրում եւ այդ օրերը պետք է հավաստեն մեր ինքնության հազարամյա երթի շարունակումը։ Երկրի, այս հողի տերը մենք ենք եւ այստեղ մնացածներս պետք է շենացնենք մեր տունը, եւ այդ դեպքում դրսում ապրող հայը կզգա, որ Հայաստանն է իր տունը, ուր կարող է ազատ գործել թե տնտեսության, թե մշակույթի եւ թե քաղաքականության մեջ։ Այս երեք գործոնների առկայության դեպքում մեզ մոտ շոու-բիզնեսը նախանձելի աստիճանի կհասնի»։

«Օմեգա» ակումբում չհանդիպեցի ՏւՐՈվՈ-ի։ Կարծես կարդալով միտքս, թե հայացքս, պարոն Մնացականյանն ասաց՝ «Այո, լավ ազգ ենք, լավ ժողովուրդ։ Մեզ ՏւՐՈվՈ հարկավոր չէ»։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031