Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՎՃԱՐ ԼԻՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՊԱՆԻՐԸ՝ ԹԱԼԱԿՈՒՄ

Հունվար 17,2001 00:00
takard

«Պետական» կոմպոզիտորի եւ ամբիցիոզ դիրիժորի վեճը Հանրապետության հրապարակում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված տոնակատարության ընթացքում Խոսրով Հարությունյանի ցանկությամբ պետք է հնչեր կոմպոզիտոր, ԱԺ պատգամավոր, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի «Հայաստան» երգը։ Երգը պետք է ձայնագրվեր Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ՝ որպես պետպատվեր, ինչը նշանակում է՝ անվճար։ ՀՖՆ ղեկավարությունը համաձայնում է ձայնագրությունն իրականացնել։ Դեկտեմբերի 27-ին արված ձայնագրությունը, որը, պարզվում է, որոշ տեխնիկական վրիպումներով է կատարվել, Ռ. Ամիրխանյանին, բնականաբար, դուր չի գալիս, եւ ՀՖՆ-ն պետք է ձայնագրության երկրորդ տարբերակը պատրաստեր։

Հիշեցնենք, որ այդ օրերին ՀՖՆ-ն պատրաստվում էր դեկտեմբերի 30-ի մեծ համերգին՝ Վերդիի «Ռեքվիեմին», որին հրավիրված էին արտասահմանցի եւ տեղացի անվանի երգիչներ։ Խոսրով Մելիքիչը եւ Ռ. Ամիրխանյանը պնդել են, որ երկրորդ ձայնագրությունը արվի դեկտեմբերի 30-ին՝ գլխավոր փորձից առաջ ընկած ժամանակահատվածում։ Ռ. Ամիրխանյանի ասելով, ՀՖՆ ղեկավարությունը երեք օր անընդմեջ ձգձգել է. «Երեք օր շարունակ տանում-բերում են, թե վաղը կանեն։ Եթե չորս ժամ շարունակ երգում են Վերդիի «Ռեքվիեմը» եւ մանավանդ որ չէին վճարվում այդ ձայնագրության համար՝ գործը լավ չէին անի։ Չորրորդ օրը նվագախմբի երկրորդ դիրիժոր Կարեն Դուրգարյանը անում է ձայնագրությունը, որը լավ չի ստացվում, որովհետեւ երգչախումբը եւ երաժիշտները հոգնած են, ժամը 11-16-ը փորձել են «Ռեքվիեմը», ժամը 4-ից հետո էլ առանց ցանկության սկսում են ձայնագրել։ Երաժիշտները ինձ հարցնում էին՝ երբ են մեզ վճարելու։

Ասում էի՝ փողի մասին խոսեք այն մարդկանց հետ, ովքեր պիտի վճարեն։ Տեխնիկապես վատ ձայնագրվեց իմ երգը, իսկ ես չեմ ուզում, որ այս երգը, որը սիրում է ժողովուրդը՝ վատ հնչի։ Անհավես էին անում, որովհետեւ սպասում էին, որ ինչ-որ մեկը պիտի վճարի։ Երեկոյան խոսակցություն է գնում, որը հասնում է Խոսրով Հարությունյանին, Խոսրովը ձեռքը սեղանին է խփում… Վերջին օրը եկա, որ ձայնագրենք կրկին։ Ասում եմ՝ ինչո՞ւ դուք Վերդիի «Ռեքվիեմը» նվագելու համար փողի հարց չեք դնում, բայց իմ երաժշտության առջեւ դնում եք։ Այդ օրը նվագախումբը ոչ թե ձայնագրության էր եկել, այլ իր փորձին։

…Ինչո՞ւ պիտի մեր երաժշտությունը մեր երկրի վրա դառնա երրորդ սորտ, իսկ Վերդիի «Ռեքվիեմը»… Երեք օր ինձ տարավ-բերեց (նկատի ունի նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Է. Թոփչյանին- Ս. Ս.), որ ոչ մի րոպե իր փորձից չտրամադրի իմ երգի ձայնագրությանը…»։ ՀՖՆ գլխավոր մենեջեր Նիկա Բաբայան ը զարմացած էր, որ այդ միջադեպը այսպիսի աղմուկ է առաջացրել։ Նա զարմացավ նաեւ, որ Ռ. Ամիրխանյանն այս ամենում մեղադրում է ՀՖՆ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին, այն դեպքում, երբ. «Ժամը 11-ին նա եկել էր իր փորձին, եւ ես խնդրել եմ փորձը հետաձգել ձայնագրության համար, եւ թեեւ դա սխալ էր, այն էլ՝ գլխավոր փորձից առաջ, բայց համաձայնեց։ Եթե ՀՖՆ ղեկավարությունն ասում է՝ ձայնագրությունը կանենք, ինչո՞ւմն է բանը։ Եվ ամոթ է, Է. Թոփչյանն ի՞նչ ընդհանուր կապ ունի ձայնագրության հետ, երբ ձայնագրությունը Կարեն Դուրգարյանն էր իրականացնում։ Չպետք է մոռանալ, որ գործ ունենք երաժշտական կոլեկտիվի հետ, պետք է բացատրել նրանց, որ տեխնիկական վրիպում կա ու պետք է մի քիչ ավել այդ օրն աշխատել՝ շտկելու համար։ Եվ կամ, ի վերջո ՀՖՆ ղեկավարության խնդիրն է՝ նվագախումբը անվճա՞ր կնվագի, թե՞ չէ»։

Ըստ Ն. Բաբայանի եւ Ռ. Ամիրխանյանի, վեճը սկսվել է այն ժամանակ, երբ պրն Ամիրխանյանը նվագախմբի չվճարվելու եւ վատ ձայնագրության հարցերն աղմուկով քննարկում էր նվագախմբի աշխատակիցներից մեկի՝ «ինսպեկտորի» հետ։ Չէ՞ որ ղեկավարությունը համաձայնություն տվել էր ձայնագրությունը կրկնելու համար, էլ ինչո՞ւ է այդ աղմուկ-վեճը։ Ռ. Ամիրխանյանը ինքն էլ պնդեց, թե Է. Թոփչյանին ասել է. «Ես կհասնեմ նրան, որ դու չես լինի այստեղ գլխավոր դիրիժոր»։ Երաժիշտներից մի քանիսի պնդմամբ, Ռ. Ամիրխանյանը Է. Թոփչյանին սպառնացել է, թե «դուրս կշպրտի» ՀՖՆ-ից՝ «Դու ես իմ գործը պրավալ տվել, հեսա կգնամ Սերժին կասեմ…»։ Նվագախումբը լսելով իր ղեկավարի դեմ ուղղված սպառնալիքները՝ դահլիճից դուրս էր վտարել կոմպոզիտորին։ Ռ. Ամիրխանյանը Է. Թոփչյանին «ինքնահավան» է համարում. «Նորից մոնստր է գոյանում մեր գլխին, Նիկա Բաբայանին ասացի՝ էս ի՞նչ մոնստր ես բերել, եւ ես նրանից ոչ մի լավ բան չեմ սպասում»։

Նիկա Բաբայանն ի պատասխան Ռ. Ամիրխանյանի միջնորդավորված այս հարցին, ասաց. «Լավ երաժիշտ եմ բերել, բայց գուցե հենց իրե՞նք են ուզում մոնստր դարձնել…»։ «Իմ մեղքը ի՞նչ էր, ուրիշի պատվերով պիտի ձայնագրեի, եթե ձայնագրությունը լավը լիներ, ինչո՞ւ պիտի պահանջեի կրկին ձայնագրել։ …Լորիսը դրանց հերն անիծել էր, արդեն չարչի են, նրանք փող են ուզում, որ իմ երաժշտությունը ձայնագրեն,- զայրացած էր պրն Ամիրխանյանը:- Ես ահավոր վիրավորված եմ այդ նվագախմբից, ես չորս օր շարունակ գնացել-եկել եմ՝ թող ձայնագրեին, թող Խոսրովին ասեին, որ հետաձգվեր այն, համերգից հետո արվեր…»։ Երկրորդ ձայնագրությունը նվագախումբն այս վեճից հետո էլ արել է։ Ռ. Ամիրխանյանը դրանից էլ դժգոհ մնաց. «Խոսրովին ասացի, որ երկրորդ ձայնագրությունը նորից վատն է եւ կոմպյուտերով ենք ուղղել…»։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Անվանի կոմպոզիտորը ստեղծագործական բանավեճում, հավանաբար, չպիտի շեշտը դներ իր տիրապետած պետական լծակների վրա։ Երիտասարդ դիրիժորն էլ, հավանաբար, պիտի գիտակցեր, որ իր առաջ Ռոբերտ Ամիրխանյանն է։ Իսկ պետությունը, վերջապես, պետք է հասկանա, որ ամեն ինչի համար պետք է վճարել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031