Լրահոս
Օրվա լրահոսը

«Տո՛ւր ինձ տասը միլիոն»

Հունվար 17,2001 00:00
dram

Պետությունից իր վաստակած գումարներն է պահանջում «Իմպերիալֆուել» ՍՊԸ-ի նախագահը՝ հակառակ դեպքում հրաժարվում է պայմանագիր կնքել, եւ մարզերի դպրոցները դիզվառելիքով ապահովելու ծրագրի երկրորդ փուլը կձախողվի։ Նրանից բացի, ոչ մի այլ մատակարար ձեռնարկություն, որոնց հրավերով դիմել է ԿԳՆ-ն, չի համաձայնել ստանձնել դպրոցները դիզվառելիքով ապահովելու պարտավորությունը։ Մանավանդ որ, այս փուլում նույնիսկ կանխավճար նախատեսված չէ, եւ պետությունը կվճարի դիզվառելիքը տեղ հասցնելուց հետո միայն։

Դպրոցների ջեռուցման ծրագրի ընթացքի մասին տեղեկանալու համար ԿԳ փոխնախարար Ռոբերտ Զարգարյանին այցելելով՝ ամենեւին չէինք ակնկալում նրա աշխատասենյակում հանդիպել «Իմպերիալֆուելի» նախագահ Փայլակ Ուռուսյանին ու առավել եւս՝ նրանց բանակցությունների վկան դառնալ։ Թեեւ փոխնախարարը նման հնարավորություն ընձեռեց, բայց հետո հավանաբար փոշմանեց դրա համար, քանի որ անընդհատ փորձում էր մեղմել «Իմպերիալֆուելի» նախագահի գնահատականները։

Բնականաբար, որպես պետական պաշտոնյա, պարոն Զարգարյանը փորձում էր արդարացնել պետությանը՝ պնդելով, թե վերջինս հնարավորինս ամեն ինչ անում է դպրոցների ջեռուցման ծրագրի համար: Սակայն փաստերն այլ բան են ասում։ Հունվարի 29-ից դասերը դպրոցներում պետք է սկսվեն, սակայն երեկ պարոն Զարգարյանը դեռ համոզում էր «Իմպերիալֆուելին» պայմանագիր կնքել իրենց հետ։ Վերջինս, որ նաեւ ծրագրի առաջին փուլի մատակարարն է եղել, դեռ չի ստացել առաջին փուլից իրեն պարտք մնացած 10 մլն դրամը։ Մնացած մոտ 200 մլն-ն էլ ստացել էր մեծ ուշացումներով եւ սեփական փորձով գիտի, թե պետությունը ինչ անպարտաճանաչ գործընկեր է, այնուամենայնիվ, նորից «ռիսկի կդիմի», եթե վճարեն իր պարտքերը։ Հարցին՝ ինչո՞ւ է ռիսկի դիմում, ասաց, թե ուզում է օգնել դպրոցներին: Պարոն Զարգարյանն էլ հավելեց՝ «քաղաքացիական պարտքի գիտակցումից դրդված»։

Հիմնավորումները (որքանով են դրանք անկեղծ, դատեք ինքներդ) այսքանով սահմանափակվեցին։ Ի դեպ, գումարի փոխանցումներն ուշանում են նաեւ այն պատճառով, որ դպրոցների ջեռուցման համար պետբյուջեով նախատեսված գումարները նախ մարզեր են փոխանցում, քանի որ նրանց հաշվեկշռում են, հետո նոր միայն մատակարարին։ Նման անտրամաբանական շրջապտույտը չէր լինի, եթե պետությունը գումարը միանգամից փոխանցեր մատակարարին, մանավանդ որ վերջինս պետության (ի դեմս ԿԳ, տարածքային կառավարման եւ ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարությունների) հետ է պայմանագիր կնքում։ Պայմանագիրը մատակարարների համար այլ վանող կողմեր էլ ունի, քանի որ շատ միակողմանի է, մասնավորապես նախատեսում է տուգանքներ մատակարարումն ուշացնելու համար, սակայն պետության վճարելիք գումարների ուշացումների դեպքում ոչինչ նախատեսված չէ։

Պետությունը հանգիստ խղճով ուշացրեց նաեւ ծրագրի երկրորդ փուլը։ Դեկտեմբերի 19-ին ԿԳՆ-ն դիմել էր ՀՀ վարչապետին՝ երկրորդ փուլի առնչությամբ հանձնարարական ստանալու համար։ Հանձնարարականը հունվարի 10-ին նոր իջեցվել է։ Սահմանված ժամկետների համաձայն՝ հունվարի 21-ից պետք է սկսվի դիզվառելիքի մատակարարումը եւ մինչեւ հունվարի 28-ը դպրոցները պիտի ապահովված լինեն դիզվառելիքով։ Պրն Զարգարյանը լավատես էր, որ կհասցնեն տրված ժամկետներում տեղավորվել։ Գումարը նախօրոք ստանալու դեպքում «Իմպերիալֆուելը» պատրաստ էր 2 մլն 50 հազար 992 լիտր դիզվառելիքը տրամադրել՝ լիտրը 170 դրամով, սակայն հիմա կտրամադրի՝ լիտրը 185 դրամով։ Պետությունը, գումարը, որը կազմում է 379 մլն 433 հազար 520 դրամ, պարտավորվում է վճարել մատակարարման փաստացի ավարտից հետո՝ մինչեւ մարտի 25-ը։

Պրն Զարգարյանը դրական պատասխան չտվեց մեր այն հարցին, թե՝ օրական 2 լիտր դիզվառելիքը բավարա՞ր է դասասենյակում նորմալ ջերմաստիճան ապահովելու համար։ Ըստ պրն Զարգարյանի՝ «ցանկալի է, որ ավելի շատ լինի, ԱԺ-ն էլ առաջարկել էր մի դասասենյակին օրական 5 լիտր հատկացնել», սակայն մեր կառավարությունը դրա համար նման միջոցներ այսօր չունի։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031