Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂՆ ԸՆԴԴԵՄ ԼՐԱԳՐՈՂԻ՞

Հունվար 17,2001 00:00
dat

«Դատավարությունը անտապան մնացած մի հողաթումբ է»

ԼՂՀ Գերագույն դատարանում շարունակվում է ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանի դեմ մահափորձի կապակցությամբ հարուցված քրգործի դատաքննությունը։ Արցախյան աղբյուրների համաձայն, «գլխավոր ամբաստանյալ Սամվել Բաբայանը չի տառապում հոգեկան քրոնիկ որեւէ հիվանդությամբ, ունի պարզ գիտակցություն եւ միանգամայն տրամաբանորեն է պատասխանում իրեն առաջադրված հարցերին»։

Մի կողմ թողնելով իրավական նոր բառակապակցությունների հայտնագործումը (գլխավոր ամբաստանյալ, քրոնիկ հիվանդություն), շարունակենք այս փորձագետների եզրակացությունից մի հատված եւս բերել. «Ընդ որում, վառ կերպով արտահայտված է նախկին պաշտպանության նախարարի իշխանության ձգտումը, իր հրամաններին չենթարկվելու հնարավորության մտքի անթույլատրելիությունը»։ Հասկանալի էր, թե Ս. Բաբայանն ինչու իր անհամաձայնությունը հայտնեց այս փորձաքննության եզրակացության կապակցությամբ։ Դատարանում ներկայացվեցին նաեւ ամբաստանյալներ Սասուն Աղաջանյանի, Դավիթ Ղուլյանի, Վարուժան Մելքումյանի, Էրիկ Փարամազյանի եւ Լեւոն Միրզոյանի փորձաքննության արդյունքները եւս. «հետազոտվելու ժամանակ նրանց մոտ չեն հայտնաբերվել պաթոլոգիկ շեղումներ»։

Նախորդ դատական նիստին Ս. Աղաջանյանը խնդրել էր, որ այլեւս իրեն հարցեր չտան եւ բժշկական այս եզրակացության համար ասաց. «Կարող էին գրել, ինչ ուզում էին»։ Երեկվա «Առավոտում» մենք նշել էինք, որ, երբ դատաքննության ժամանակ ընթերցվել է «Արմենպրեսի» լրագրող Շուշան Աբրահամյանի նախաքննական ցուցմունքը, լրագրողն ասել էր, որ ինքը ամբաստանյալ Վարդան Թաշճյանից չէր լսել, թե «կրակեցին նախագահի վրա»։ Արցախի ներկայացուցչության տեղեկատվության համաձայն՝ «ճանապարհին, լսելով կրակոցներ, Վարդան Թաշճյանն արդեն Շուշան Աբրահամյանի բնակարանում կարծիք է հայտնել, որ կրակել են նախագահի վրա։ Վարդան Թաշճյանը, ինչպես նշված է Շ. Աբրահամյանի ցուցմունքներում, զրուցակիցներին (որոնցից մեկն էլ իմ գործընկեր Սաթիկ Սեյրանյանն է) խնդրել է ոչ մեկին չհաղորդել իր ասածների մասին»։

«Արմենպրեսի» լրագրող Շուշան Աբրահամյանը երեկ մեզ տրամադրեց այն նամակ-հայտարարությունը, որն ուղղված էր ԼՂՀ Գերագույն դատարանին, նախագահող դատավոր Սուրեն Ալեքսանյանին, դատական նիստի մասնակիցներին։ «Գրավոր ցուցմունքս, որ վերնագիր ունի, գրում եմ պարտադրված («Առավոտում» կարդացի պաշտպանական կողմի միջնորդության մասին՝ չլսել իմ նախաքննական ցուցմունքը մինչեւ Արցախ գնալս)։ Ես Արցախում ավելի մեծ ու պատվաբեր դատավարության՝ Հայ դատի վրեժի վկան ու ականատեսն եմ եղել»,- գրում է նա եւ ապա,- «Ի լուր բոլորիդ ասեմ, որ Մայր Հայրենիքից եկած առաջին հայուհին եմ, որ կամավոր եկա Արցախ։ Պատահաբար կենդանի մնացածն եմ, որ վերջինը դուրս եկա։ Ժամանակավոր հեռացա, ոչ թե նրա համար, որ 12 տարի վարձով էի ապրում (զոհված ազատամարտիկի կինն ու ազատամարտիկն է գրում- Ռ. Մ.), այլ նրա համար, որ չէի կարող գրել այս դատավարության մասին։ Իմ գիտակցական կյանքում ես ավելի ստորացուցիչ բան չէի պատկերացնում, քան շարունակել գրել այս դատավարության մասին»։

Շ. Աբրահամյանը դատարանին հայտնում էր, որ երբ Վարդան Թաշճյանը Սաթիկ Սեյրանյանի հետ եկել է իրենց տուն, «մինչեւ նրանց տեղ հասնելը կրակոցներն արդեն լսվել էին։ Երբ եկան, նրանց հարցրի, թե կրակոցներ լսեցի՞ք (Ցորի կողմից էր, ինձ թվաց)։ Խոսք ու զրույցի ընթացքում ընդհանրապես նախագահ Ա. Ղուկասյանի անունը չի հնչել։ Թե ինչո՞ւ է Վարդան Թաշճյանը պնդում, չեմ հասկանում, թողնում եմ իրեն»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Երեկոյան ճշտեցինք, որ Շ. Աբրահամյանի նախաքննական ցուցմունքը ընթերցվել է 2-րդ անգամ, իսկ նամակ-հայտարարությունը չի թույլատրվել հրապարակել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031