Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իսկ հեռախոսներն այնտեղ խաղաղ են

Հունվար 17,2001 00:00
zang

«Էս վերջին անգամ եմ հեռախոս օգտագործում։ Զանգել եմ ասեմ, որ արածները հեչ մարդկություն չի ու վերջ, էլ ոչ մի տեղ չեմ զանգելու»,- «Առավոտ» զանգահարած տարեց կնոջը զայրացրել էր այն, որ առանց պարտքերը մարելու միացվել են քաղաքապետարանի հեռախոսները։ Մեր փաստարկին, թե՝ դե պետական կառույց է, ինչպե՞ս կարող է առանց հեռախոս աշխատել, տիկինը շպրտեց. «Այսինքն, դրանք աշխատում էլ ե՞ն»։ Չօգնեց նաեւ այն փաստարկը, թե պարտքերը ոչ թե ներվել են, այլ կազմվել է դրանց աստիճանական մարման գրաֆիկ։ Թոշակառու կինը թվարկեց իր հարեւաններին, ծանոթներին եւ կիսածանոթներին, որոնց հոսանքը կտրել են չվճարելու պատճառով, բնակարանը չեն ջեռուցում չվճարելու պատճառով, իսկ նույն պատճառով, բայց արդեն վաղուց «խաղաղ են» հեռախոսները։

Ընդհանրապես, երեկ «Առավոտ» զանգածների մեծ մասը վիրավորված էր վերոնշյալ փաստից։ Նրանք պատճառաբանում էին, թե ամիսներով դիմումներ-խնդրանքներ են գրում, փաստաթուղթ-տեղեկանք են հավաքում, որպեսզի իրենց իրավունք տրվի հոսանքի կամ միջքաղաքային հեռախոսավարձի պարտքերը աստիճանաբար մարելու։ «ԱրմենՏելի» վաճառքի վարչության պետ Լյովա Ստեփանյանը հայտնեց, որ այդ դիմումների ստացման եւ քննարկման գործընթացն իրենց մոտ անընդհատ է։ Բաժանորդները դիմում են այն դեպքում, երբ պարտքերը մեծ գումարներ են լինում, ղեկավարությունն էլ քննարկում է։ Հենց վերջինս էլ իրավասու է ընդառաջելու կամ ոչ՝ այդ դիմումներին։

Վերջին երկու օրերի ահազանգերի թեմաներից էր նաեւ այն, որ կապի բաժանմունքներում բացակայում են 2000թ. դեկտեմբեր ամսվա միջքաղաքային ծառայությունների մասին թվերը։ Բաժանորդներն անհանգստանում են, որ դրանք շատ ուշ կհայտնվեն, իրենք չեն հասցնի վճարել եւ արդյունքում կզրկվեն հեռախոսակապից։ Այս հարցի պարզաբանումը ստացանք «ԱրմենՏելի» մի քանի օղակներից, բայց մեկը մյուսի վրա գցելով՝ պաշտոնական պարզաբանման իրավունքը վերապահեցին դարձյալ վաճառքի վարչության պետ Լյովա Ստեփանյանին։ Վերջինս հայտնեց, որ հունվարը միշտ էլ ծանր է լինում. տոներ են, տարվա սկիզբ։ Իսկ ընդհանրապես, մինչեւ ընթացիկ ամսվա վերջ բաժանորդները կարող են մարել նախորդ ամսվա պարտքերը։ Իսկ թվերը պարզ են լինում մինչեւ ընթացիկ ամսվա 10-ը։ Տարածքային աբոնենտային բաժանմունքներից մեկից հայտնեցին, որ անցյալ տարվա դեկտեմբերի թվերն արդեն իջեցվել են փոստային բաժանմունքներ։ Իսկ բաժանորդներն այդ մասին կտեղեկացվեն մեկ-երկու օրից։

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031