Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՆՈՐ ՄՈՆՈՊՈԼ ՈԼՈՐՏ

Հունվար 17,2001 00:00
menashnorh

Արդարադատության փոխնախարարը՝ մենաշնորհ ունի՞

Քչերին է երեւի հայտնի, որ մեր օրենսդիր իշխանության «գերբեղմնավոր» աշխատանքին ակնդետ «հետեւում» է 20 կազմակերպություն, որոնք ընդունված օրենքները եւ ենթաօրենսդրական ակտերը համակարգելով, դրանք հասցնում են իրավաբանական անձանց եւ հետազոտողներին։ Առաջին հայացքից թվում է, թե նման գործառույթ իրականացնող կազմակերպությունների միջեւ պետք է լուրջ մրցակցություն ընթանա։ Բայց ոլորտը ուսումնասիրելիս տրամագծորեն հակառակ միտումների ենք հանդիպում։ Պարզվում է, որ հասարակության սեփականությունը հանդիսացող օրենքների վաճառքի շուկայում էլ է գերիշխում մենաշնորհը։

Մոնոպոլ կազմակերպությունն այդ կարգավիճակին է հասել ամենեւին էլ ոչ ծառայությունների բարձր որակի համար։ Միակ «առավելությունը» օրենքների եւ կառավարության որոշումների՝ աղբյուրներին մոտ լինելն է։ Միանշանակ է, որ Հայաստանի պայմաններում մենաշնորհային կարգավիճակ կարող է ունենալ պետական բարձրաստիճան պաշտոնյայի հավակնության տակ գտնվող ընկերությունը։

1996թ. ոլորտը վերահսկում էր ԻՐՏԵԿ (IRTEK) ՓԲ ընկերությունը։ Այն աշխատանքները համակարգչային ծրագրով կազմակերպող միակ ընկերությունն էր։ Նման իրավիճակում անխուսափելի էին նաեւ մատուցվող ծառայությունների բարձր գները։ Որոշ ընկերությունների հետ ԻՐՏԵԿ-ի կնքած պայմանագրերի արժեքը հասնում էր 700 ԱՄՆ դոլարի։ Իսկ ծառայությունների համար ամսական վճարը 50 դոլար էր։ Քանի որ ցանկացած բնագավառի զարգացումը պայմանավորված է լուրջ մրցակցությամբ, վերոշարադրյալի դեպքում մրցակից կազմակերպության ասպարեզ իջնելը անխուսափելի էր։ Արդյունքում՝ 2000թ. հոկտեմբեր ամսին ստեղծվեց «Ջոյնթ Ֆայնենշլ Գրուպ» ընկերությունը։ Վերջինս ոլորտ է «ներխուժում» նորագույն էլեկտրոնային ծրագրով։

Հետեւանքները շուկայում իրենց սպասեցնել չտվին։ Որոշ կազմակերպություններ հրաժարվեցին ԻՐՏԵԿ-ի ծառայություններից եւ գնեցին «ՋՖԳ» ՍՊԸ-ի նոր օպերացիոն համակարգի ծրագիրը։ «Ջոյնթ Ֆայնենշլ Գրուպ»-ի հիմնադիրներն ասացին, որ իրենք կարծում են, թե առողջ տրամաբանության համաձայն, ԻՐՏԵԿ-ը պետք է ընդուներ մրցակցության առաջարկը եւ նվազագույնը, գոնե, ստեղծեր նոր համակարգչային ծրագիր։ Նա աշխատում է օպերացիոն հին համակարգում։ Սակայն Հայաստանում մենաշնորհը նույնացվում է պահպանողականության հետ եւ ԻՐՏԵԿ-ը շարժվեց այլ ճանապարհով։ Օգտվելով այն հանգամանքից, որ կազմակերպությունը հովանավորում է արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը, «ՋՖԳ» ՍՊԸ-ի հանդեպ դատական հայց ներկայացվեց եւ սառեցվեց վերջինիս գործունեությունը։ Միտումներն ավելի ակնառու կդառնան, եթե նշենք, որ որպես հայցվոր անձ հանդես է գալիս Գ. Մալխասյանը։ Սակայն այս աժիոտաժի պատճառը այնքան էլ շուկայում դիրքերի կորուստը չէ։

Մեր թռուցիկ ուսումնասիրությունների արդյունքներն այլ էին։ Բանն այն է, որ դատական բարեփոխումների նպատակով ՀԲ-ն նախատեսել է մոտավորապես 12 մլն դոլարի վարկ։ Որոշ չափաբաժին է հատկացվելու նաեւ վերոհիշյալ ոլորտին։ Այս դեպքում, բնականաբար, վարկ ստանալու չափանիշներն այլ են լինելու։ Շեշտը դրվելու է ծառայությունների որակի վրա։ Դատարանում շահելու դեպքում ԻՐՏԵԿ-ը բացարձակ մենաշնորհային դիրք կունենա։ Մյուս կողմից, այլընտրանքի բացակայության դեպքում, ոլորտի զարգացման հեռանկարներն իրենց երկար սպասեցնել կտան։ Հետեւաբար, դժվարանալու է նաեւ ընդունված օրենքներից եւ գերատեսչական որոշումներից օգտվելը։ Զգալիորեն խոչընդոտվելու է իրավական պետության կայացման գործընթացը։

ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031