ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար լորդ Ջորջ Ռոբերտսոնը ԵՊՀ ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասաց, թե դաշինքը կարեւորում է տարածաշրջանում «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի կայացումը, ինչպես նաեւ կողմ է Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունների սերտացմանը։ ՆԱՏՕ-ն, իհարկե, հասկանում է, որ տարածաշրջանում, առանց Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների, հնարավոր չի լինի համագործակցության կայացման, բայց եւ մյուս կողմից հիշեցվեց, թե ինչ էր պատասխանել ՌԴ նախագահ Պուտինը ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության հարցին. «Իսկ ինչո՞ւ ոչ»։
Այսօր՝ «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» կազմակերպությունում 26 անդամ երկիր կա։ Կազմակերպության գործունեությունն, ըստ լորդ Ռոբերտսոնի, ուղղված է անվտանգության ապահովմանը։ Սրա շնորհիվ հնարավոր է դարձել տարբեր երկրների ռազմական կառույցների միջեւ հասնել այնպիսի համագործակցության, ինչպիսին երբեւէ չի եղել։ Ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ լորդ Ջորջ Ռոբերտսոնը կրկնեց օդակայանում ասվածը, այն, որ ՆԱՏՕ-ն դեղատոմս չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման, բայց հորդորեց երկրի նախագահին ավելի հաստատակամ լինել՝ խնդիրը կարգավորելու համար, ասելով, թե նույն հորդորն է տալու նաեւ Ադրբեջանի նախագահին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանը համարեց լուրջ գործընկեր, ասելով, որ 94 թվականից միանալով «Համագործակցություն՝ հանուն խաղաղության» ծրագրին, Հայաստանը դարձել է ծրագրի ակտիվ մասնակիցը, չնայած, պարոն Ռոբերտսոնի կարծիքով, կարելի է էլ ավելի խորացնել համագործակցությունը։ Որպես փոխադարձաբար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշեց Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատումը։ Իսկ սրա ապահովման պատասխանատվությունը, ասաց, թե ընկած է տարածաշրջանի այն երկրների ուսերին, որոնք ձգտում են առաջընթացի։
ՆԱՏՕ-ն հավատացած է, որ մեր տարածաշրջանն արժանի է կայուն վիճակի եւ առաջընթացի։ Սակայն իրական է նաեւ այն, որ տարածաշրջանում կայուն վիճակի ստեղծումը հնարավոր չի լինի առանց խոշորագույն պետությունների մասնակցության։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այս ճշմարտությունը չթաքցրեց ուսանողներից։
Կարդացեք նաև
Մ. Ե.