Այս պահին՝ ոչ ոք։ Բազեյանի հրաժարականով կրկին փաստվեց, որ ՀՀԿ-ն ոչ թե գործադիր իշխանության պատասխանատվությունը վերցրած եւ իշխող կուսակցություն է, այլ կատարում է վերեւից եկող հրահանգները միայն։
Երեկ Ալբերտ Բազեյանը ՄԱԱ-ի հյուրն էր։ Նշելով բազմաթիվ տարաձայնություններ իր եւ ՀՀ նախագահի միջեւ, Բազեյանն ասաց, թե երկրում իրականացվում է ոչ ճիշտ կադրային քաղաքականություն, եւ, որ երկիրը «կազարմա» չէ եւ մենք էլ «զինվորիկներ» չենք։ Նախագահի աշխատակազմից հաճախ խառնվում էին քաղաքապետի գործերին։ Բազեյանն իրեն համարում է անկախ մարդ եւ ասում է, որ որեւէ մեկի կամակատար չի լինելու եւ չի անելու քայլեր, որոնց ճշմարտացիությանն ինքը հավատացած չէ։ Ինչո՞ւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը չպաշտպանեց իր կուսակից ընկերոջը։ Բազեյանը կարծում է՝ «վարչապետն էլ, հավանաբար, ենթադրել է, որ ես իմ տեղում չեմ, հավանաբար, նախագահի հետ քննարկել են այլ քաղաքապետ ունենալու հարցը, բայց ժամանակ էր պետք, որպեսզի խնդիրը հասունանա։
Հասունացվեց խնդիրը, ես շնորհակալ եմ, գոհ եմ, ազատ եմ, այժմ ինձ ոչ ոք չի կարող ստիպել անել այն, ինչ ես չեմ ուզում»։ Իսկ շա՞տ բան է արել Բազեյանը չուզելով։ Եղել են՝ «ե՛ւ կադրային առանձին հարցերում, ե՛ւ այս կամ այն հարցը որոշակի սուբյեկտի օգտին լուծել»։ Բազեյանը ապագա ծրագրերի մասին չուզեց խոսել։ Նրա ասելով, մենք շատ անկանխատեսելի երկիր ենք. «Մենք շատ հեռանկարային ծրագրեր ունեինք, տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը եւ ամեն ինչ փոխվեց եւ դրանով պայմանավորված մեր երկրի ընդհանուր վիճակն է փոխվել»։ Եթե երկրի վիճակը տարի ու կեսում չի լավացել, ինչպե՞ս կարող էր քաղաքի վիճակը լավանալ։ Սա եւս Բազեյանի հարցն է։ ՀՀԿ-Բազեյան հարաբերությունների մասին. պարոն Բազեյանը կրկնեց, որ ՀՀԿ-ն դուրս է մնացել կադրային հարցերին մասնակցելու հնարավորությունից. «Այն քաղաքական ուժը, որը պատասխանատվություն է ստանձնել գործադիր իշխանության համար, չի մասնակցում կադրային նշանակումների հարցերում։ Խորհրդի անդամներից շատերը միայն մամուլից են իմանում այս կամ այն նախարարի կամ պաշտոնյայի աշխատանքից ազատման մասին։
Գործադիր իշխանության պատասխանատվությունը կիսող քաղաքական ուժը չի մասնակցում գործադիր իշխանության ձեւավորմանը»։ Բազեյանն ուզում է, թե՝ ոչ, հրաժարականը քաղաքական է հենց թեկուզ այն պատճառով, որ Բազեյանը ՀՀԿ խորհրդի եւ ԵԿՄ վարչության անդամ է, եւ նրան քաղաքապետ է դարձրել Վազգեն Սարգսյանը, որպես «Միասնության» թեկնածու։ Պատասխանելով «Առավոտի» այս հարցին, պարոն Բազեյանն ասաց, որ ինքը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը հանրապետական կուսակցության հետ։ Բազեյանը տարաձայնություններ է ունեցել ՀՀԿ խորհրդի հետ մասնավորապես այն ժամանակ, երբ դրվում էր Արմեն Խաչատրյանին պաշտոնանկ անելու հարցը, քանի որ ինքը կանխատեսում էր զարգացումները եւ դեմ է եղել «այդ հարցը այդ կերպ կամ այդ ժամանակահատվածում բարձրացնելուն»։
Կարդացեք նաև
Կմիանա՞ Արամ Սարգսյանին, նրա հետ միասին նոր որեւէ կառույց կստեղծի՞, Բազեյանն այս մասին դեռ չի մտածում, իր ասելով՝ նա դեռ շատ ուրիշ հարցեր ունի լուծելու՝ պետք է իրավիճակը վերլուծի, առողջական խնդիրներ կան։ Ինչ վերաբերում է ԵԿՄ-ին. «Ներկա 45 հոգիանոց վարչությունը երբեւէ չի կարող միասին հավաքվել եւ միասնական որեւէ որոշում կայացնել։ ԵԿՄ-ի մեջ այսօր կան տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդիկ եւ տվյալ պարագայում ես ինձ հաշվետու չեմ համարում ԵԿՄ վարչությանը, ես ինձ հաշվետու եմ համարում ընդհանուր միության առջեւ»։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ