Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈՒ ՊՈՒՏԻՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԻ ԱՅՑԵԼԻ

Հունվար 17,2001 00:00
stepan Grigoryan

Հիմնավորում է «Արմատ» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Ստեփան Գրիգորյանը, որը 95-98թթ. աշխատում էր ՌԴ-ում Հայաստանի դեսպանության դեսպանորդ։

Քաղաքականության եւ դիվանագիտության մեջ ոչինչ պատահականորեն չի լինում՝ այդ թվում նաեւ հայ-ռուսական կապերի թուլացումը եւ հայ-ադրբեջանական կապերի սերտացումը: Այդ գործընթացները տեղի են ունենում թե՛ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային փոփոխությունների եւ թե՛ մեր վատ (համապատասխանաբար՝ Ադրբեջանի լավ) աշխատանքի շնորհիվ: Կարող եմ բերել առնվազն մի քանի սուբյեկտիվ, մեզանով պայմանավորված գործոն, որոնք բացասաբար են ազդել Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների վրա:

1. Իշխանության գալուց հետո, ձեւակերպելով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ պետք է զարգացնել տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Փորձենք պատկերացնել, թե զուտ տնտեսական տեսակետից որ երկիրն է Ռուսաստանի համար ավելի հետաքրքիր՝ Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանը: Մեր առեւտրի տարեկան շրջանառությունը Ռուսաստանի հետ կարող է, ամենալավագույն դեպքում, կազմել, ասենք, 100 միլիոն դոլար, այսինքն՝ մի քանի անգամ պակաս, քան շրջանառությունն է ռուսաստանյան «Լուկօյլի», որն, ի դեպ, Ալիեւի ու Պուտինի Բաքվում ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, պետք է մասնակցի կասպիական որոշ նավթահանքերի համատեղ շահագործմանը: Հայաստանը շատ ավելի հետաքրքիր է Ռուսաստանի համար՝ որպես քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական գործընկեր: Առաջին երկու տարրերը զգալիորեն թուլացել են վերջին երեք տարվա ընթացքում: Ռազմական սերտ կապերը մնում են, բայց, զուրկ լինելով քաղաքական բովանդակությունից, դրանք կարող են Հայաստանը վերածել ռուսաստանյան հնացած զենքի պահեստի: Առավել եւս, որ մենք դրա վերաբերյալ Բիշքեկում անժամկետ պայմանագիր ենք կնքել:

2. Տեղի է ունեցել Հայաստանի քաղաքական վերնախավի ընդհանուր մտավոր մակարդակի սաստիկ անկում: 90-ական թվականներին մեր երկրների քաղաքական գործիչները, պատգամավորները (այդ թվում՝ ընդդիմադիր) մշտական շփումների մեջ էին, որի շնորհիվ լուծվում էին բազմաթիվ, մեզ համար շատ կարեւոր, քաղաքական, տնտեսական եւ ռազմական խնդիրներ: Այսօր դժվար է պատկերացնել, որ մեր թաղային հեղինակությունները, դիմազուրկ նախկին նոմենկլատուրան, Դումայի պատգամավորների հետ կարողանան որեւէ խնդիր քննարկել: Վերջապես, համեմատեք մեր երկու պետությունների առաջին եռյակները, եւ ամեն ինչ հասկանալի կլինի:

3. Հայաստանի առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի օրոք Ռուսաստանի հետ ստորագրվել են բոլոր հնարավոր պայմանագրերը, որոնք կարող են ստորագրել երկու բարեկամ պետություններ: Պուտինը, որը միշտ ընդգծում է ռուսաստանյան քաղաքականության ժառանգականությունը (չնայած իր իշխանության ժամանակ շատ բան է փոխվել), դժվար թե կարողանա ընկալել Քոչարյանի մանր գավառական խաղերը, երբ վերջինս, օգտագործելով իր քարոզչական մեքենան, աշխատում է ամեն կերպ նսեմացնել եւ փնովել իր նախորդին: Դա ընդհանրապես ընդունված չէ քաղաքակիրթ աշխարհում, մանավանդ, որ տվյալ դեպքում խոսքը Տեր-Պետրոսյանի մասին է, որը Ելցինի հետ 97 թվականին ստորագրել է Մեծ պայմանագիրը: Հայ-ռուսական հարաբերությունները, առայժմ, բարեբախտաբար, չեն վատթարացել: Սակայն մեր ռազմավարական կապերն, անշուշտ, թուլացել են: Դրա վկայությունն են Պուտինի, Կասյանովի, Իվանովի, Սերգեեւի, ատոմային էներգետիկայի նախարար Ադամովի, գեներալ Իվաշովի բազմաթիվ մեկնաբանությունները վերջին կես տարվա ընթացքում, ինչպես նաեւ այն փաստը, որ միջազգային կազմակերպություններում՝ Հայաստանի համար սկզբունքային հարցերում, Ռուսաստանը քվեարկում է մեր շահերին դեմ։

Ուշադրություն դարձնեմ երկու կարեւոր հանգամանքի վրա.

ա/ Քոչարյանի Մոսկվայից մեկնելու օրը հայտարարվեց, որ 2001-ի հունվարին Պուտինը կայցելի Բաքու եւ

բ/ Պուտինի Բաքվից մեկնելու օրը Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակեց նրա հետագա պաշտոնական այցելությունների գրաֆիկը, որտեղ Հայաստանը չկար:

Ցավոք, մեր իշխանությունները իրավիճակը շտկելու կամ գոնե «պաուզա» վերցնելու փոխարեն, ընտրել են առճակատման տրամաբանությունը. ակնհայտորեն քոչարյանամետ քաղաքական ուժերն ու հասարակական գործիչները դատապարտում են Պուտինի վարքագիծը Բաքվում, իսկ Ռոբերտսոնի այցը Հայաստան չափից դուրս ակտիվորեն է գովազդվում պաշտոնական քարոզչության կողմից։ Այդ ամենը թույլ է տալիս ինձ ենթադրելու, որ այս տարի Պուտինը պաշտոնական այցով Հայաստան չի գա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031