Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ՀԵՌԱՐՁԱԿՎԵԼՈՒ OPT-Ն ԵՎ PTP-Ը

Հունվար 17,2001 00:00
ekran

Այս հարցին Հայաստանի ազգային հեռուստատեսության ղեկավարի պատասխանն է՝ քանի որ ռուսական երկու հեռուստաընկերությունները, կոպիտ ասած, իրենց հաշվին են հեռարձակվում։Իսկ «Հայաստանի հեռարձակման ցանցի» ղեկավարի պատճառաբանությունն այլ է՝ քանի որ OPT-ն եւ PTP-ը պարտք են իրենց։

Տրամաբանական հարց է առաջանում. եթե, ըստ Տիգրան Նաղդալյանի, «այն գումարը, որ հատկացվում է Ազգային հեռուստատեսության հեռարձակման համար՝ կեսից ավելին ծախսվում է OPT եւ PTP ալիքների հեռարձակումն ապահովելու համար։ Դրա համար Ռուսաստանը որեւէ վճարում չի կատարում», ինչպե՞ս են նրանք հաջողեցրել կուտակել պարտքեր։

«Հայաստանի հեռարձակման ցանց» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռոբերտ Հարությունյանն, այնուամենայնիվ, ճիշտ էր, որ այդ երկու հեռուստաընկերությունները պարտքեր ունեն։ Ավելացնենք՝ ցանցին պարտքեր ունեն նաեւ մնացած բոլո՛ր հեռուստաընկերությունները։ 2000 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ «Ար»-ը պարտք էր ավելի քան 34 մլն դրամ, «Պրոմեթեւսը»՝ 57 մլն-ից ավելին, ՀԱՀ-ը՝ շուրջ 54 մլն դրամ՝ հավելենք տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության անվամբ ձեւակերպված ավելի քան 243 մլն դրամի պարտքը։ Մինչդեռ «Գլոբալ-TV» ՍՊԸ-ն, որը OPT-ի գովազդային ժամանակն է տնօրինում Հայաստանում՝ պարտք է 10 մլն-ից քիչ ավելին, իսկ «Տոտուս» ՓԲԸ-ն, որն էլ PTP-ի գովազդատնօրինողն է Երեւանում՝ միայն շուրջ 6 մլն դրամ է պարտք։ Համադրեք պետական էլեկտրոնային լրատվամիջոցի 300 մլն դրամից ավելին կազմող պարտքը մնացածի հետ եւ հարցական կդառնա, թե ով է ում հաշվին հեռարձակվում։ Ի դեպ, 2000 թվից «Էկոնտե» մասնավոր ընկերությունն է գնել Հայաստանում OPT-ի գովազդի բացառիկ իրավունքը եւ վճարում է ամիսը շուրջ 12 հազար դոլար «Հայաստանի հեռարձակման ցանցին»։

Մինչեւ 2000 թ. դեկտեմբերի 31-ը Հայաստանում հեռարձակման համար PTP-ը ՌԴ բյուջեից էր վճարում եւ պետական պարտք է շուրջ 120 մլն դրամը։ Ռուսական այդ երկու հեռուստաընկերությունների գովազդային ժամանակը Հայաստանում տնօրինող մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները զրույցի ընթացքում հերքում էին Տիգրան Նաղդալյանի այն փաստարկը, թե OPT-ի եւ PTP-ի վերահեռարձակման սակագինը ներառված է ՀԱՀ-ի հեռարձակման սակագնում։ Որ դա այդպես չէ՝ մեր հեռախոսազրույցի ընթացքում փաստեց նաեւ Ռոբերտ Հարությունյանը, խոստանալով հանգամանալից պարզաբանումներ ներկայացնել առանձին։ ՀԱՀ-ի ղեկավարի երրորդ փաստարկն է, որ ռուսական այս երկու հեռուստաալիքների գովազդային ժամանակը տնօրինող մասնավոր ընկերությունները՝ «Մեր հաշվին փող են աշխատում։ Եվ քանի որ հեռարձակման ծախսն իրենց վրա չէ, ըստ էության, գնում են ահավոր դեմպինգի, որի արդյունքում, եթե մենք հիմա այս քայլերը չձեռնարկեինք (երեւի լինելու են մի քանի կարեւոր քայլեր)՝ կարող ենք ուղղակի աղետալի իրավիճակի առջեւ կանգնել»։

Հիշեցնենք, որ Ազգային հեռուստատեսության հեռարձակման ցանցն ամենամեծը եւ տեխնիկապես ամենահզորն է՝ ներառում է հանրապետության տարածքի շուրջ 98 %-ը։ Եվ գովազդի ամենաբարձր գինը, բնականաբար, պիտի իրենցը լիներ, ի դեպ, ամենաշատ գովազդները՝ նույնպես (հետեւում են «Պրոմեթեւսը», OPT-ն, PTP-ը, «Ար»-ը եւ այլն)։ Ուստի, զարմանալի չէ, որ ռուսական հեռուստաընկերությունների գովազդային ժամանակը նախ կիսադատարկ է եւ հետո OPT-ով Հայաստանում գովազդ պատվիրելն ավելի պակաս արժե։ Ինչպես նաեւ «Ար»-ով, «Ա1+»-ով եւ այլն։

Մեր զրուցակիցները տարակուսում էին. «Ի՞նչ է, ՀԱՀ-ի գովազդից ավելի ցածր գին ունեցող բոլոր հեռուստաընկերությունները պիտի փակվե՞ն»։ Սակայն թվերից ու տվյալներից անցնելով՝ նրանք նույն գնահատականն էին տալիս, որ ՀԱՀ-ը, փաստորեն, փորձում է առավել արտոնյալ պայմաններ ապահովել իր համար։ Մետրային ալիքներով OPT-ի ու PTP-ի վերահեռարձակման դադարեցման մասին որոշումը քաղաքական է, քանի որ քարոզչական նոր ասպարեզ է ազատում։ Բացի այդ, սա գովազդային շուկայի վերադասավորման քայլ է, անխտիր բոլոր խոշոր գովազդատուներին դեպի պետական հեռուստատեսություն բերելու փորձ։ Եվ եթե գովազդով տասնյակ կազմակերպություններ են զբաղվում՝ «Շարմը», «Շարկը», «Տոտուսը», «Առկը» եւ այլն՝ այժմ գովազդային շուկայում եւս փորձ է արվում հաստատել մենաշնորհ։ Ուստի, վերնագրում առաջադրված հարցի մեր պատասխանն այս է՝ OPT-ն եւ PTP-ը եթե չվերահեռարձակվեն մետրային ալիքներով, ապա միայն ու միայն տնտեսական ու քաղաքական խլխլոցիի պատճառով։ Մնացած պատրվակները փուչ են։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031