Բուլղար լրագրող Ցվետանա Պասկալեւան դիմել էր ԼՂՀ ՆԳ նախարար Բ. Սահակյանին՝ իր զբաղեցրած (Ստեփանակերտ, Տիմիրյազեւ փողոց, շենք 3) բնակարանի նկատմամբ, իր բացակայության ժամանակ, կատարված ոտնձգության հարցով։ Ցվետանան մեր հանդիպման ժամանակ հայտնեց, որ կատարվել էր խուզարկություն, խառնել էին իր իրերը, փոխել դռան փականը… (անցյալ տարի, մայիսի 7-ին, հետաքրքիր զուգադիպությամբ՝ հաղթանակի օրվա նախօրեին)։
Հետագայում, երբ իրեն, մեղմ ասած, հասկացրել էին, թե անհրաժեշտ է ազատել բնակարանը, Ցվետանան գրում է. «Հարեւանուհուս մասնակցությամբ մուտք գործելով իմ բնակարանը, պարզել եմ, որ իմ իրերից բացակայում են ոսկյա շղթա, 2 հատ արծաթյա շղթա, մեկ զույգ ամերիկյան երկարաճիտ կոշիկներ»։ Խնդիրն ամենեւին այդ իրերը չէին, Ցվետանան իր զգացումները արցախցիների նկատմամբ երբեք չի ստորադասել իրերի կորստին, սակայն ցավ է, որ նա դիմել էր իրավապահ մարմիններին, որոնք ի պատասխան «Առավոտում» հրապարակվածի, մեզ պատասխանել էին (ԼՂՀ ՆԳ փոխնախարարի մակարդակով), որ Ցվետանային իրենք պատասխանել են, որ դիմի ԼՂՀ դատախազությանը։ Ցվետանան կրկին «Առավոտից» էր տեղեկացել այդ մասին։ Նա, ինչպես ինքն ասաց, ոչ բանավոր, ոչ գրավոր չէր ստացել ՆԳ նախարարության, նախարարներից որեւէ մեկի կամ գլխավոր դատախազ Մ. Ղուկասյանի, որոնց ներկայությունն ամեն անգամ ըմբոշխնում է «Սամվել Բաբայան եւ մյուսներ» քրգործի դատաքննությանը մասնակցելով, պատասխանները։ Ինչպես ՀՀ հեռուստատեսությունից իր ազատվելու, այնպես էլ ԼՂՀ ՆԳ մարմինների չձեռնարկած գործողությունների մասին նրան, չգիտես ինչու, «քաղաքակրթորեն» ասվում է մամուլի միջոցով։
Ռ. Մ.